ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ–ն ՄԱԿ–ին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի խնդիրները
«Հինգ տարվա ընթացքում իրավապահ մարմինները չկարողացան բացահայտել 2008թ. մարտի 1-ին կատարված տասը սպանությունները, որովհետև հանցագործներին փնտրում են ցուցարարների մեջ ու չեն կարողանում գտնել, իսկ ոստիկանների մեջ չեն էլ փորձել փնտրել, թեև գիտենք, որ մի քանիսը սպանվել են հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում»,– ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ Արման Դանիելյանը։
Ապրիլի 3-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) նախագահը և իրավաբանները «Մեդիա կենտրոնում» խոսեցին մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներից։
Հայաստանը ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդին չորս տարին մեկ ներկայացնում է Համընդհանուր պարբերական զեկույց երկրում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Վերջին զեկույցը ներկայացվել է 2010թ.–ին և ՄԱԿ–ի անդամ պետությունների կողմից ստացվել է 166 առաջարկություն։
Վերջերս Հայաստանը ներկայացրեց միջանկյալ զեկույց 2010թ. մայիսից 2012թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի համար, որում ստացած առաջարկություններից 43-ը համարվել է ամբողջությամբ կատարված, 78-ը՝ մասամբ կատարված, իսկ 42-ը՝ դեռևս չկատարված։
Հայաստանը չի ընդունել հետևյալ առաջարկությունները՝ եզդիների նկատմամբ խտրականության բացառում, կանանց դեմ խտրականության եզրույթի սահմանում օրենսդրական մակարդակով, քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դադարեցում, խաղաղ հավաքների ազատության իրավունքի երաշխավորում։
Երեք կազմակերպություններ ներկայացրել են միջանկյալ այլընտրանքային զեկույց
Հայաստանի կողմից միջանկյալ զեկույցին զուգահեռ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) հետ համատեղ ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդին ներկայացրել է միջանկյալ այլընտրանքային զեկույց նույն ժամանակահատվածի վերաբերյալ։
ՔՀԻ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը նշեց, որ այլընտրանքային զեկույցում իրենք անդրադարձել են այն ոլորտների խնդիրներին, որոնցում կազմակերպությունը մասնագիտացած է, և դրանց լուծման ուղղությամբ արվել են առաջարկություններ։
«Դատական համակարգը դեռևս անկախ չէ, դատարանները կողմնակալություն են դրսևորում հօգուտ մեղադրողի, խախտվում է կողմերի հավասարության և անմեղության կանխավարկածի սկզբունքները:
Խոշտանգումների ոլորտը նույնպես խնդրահարույց է։ Խոշտանգումների սահմանումը չի համապատասխանում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիային, տուժողները հաճախ չեն բարձրաձայնում այդ մասին՝ վախենալով, որ իրենց վիճակը կարող է ավելի վատթարանալ։ Նույնիսկ եթե բողոք են բերում, արդյունավետ, անկախ քննություն չի իրականացվում:
Քրեակատարողական հիմնարկները շարունակում են գերբնակեցված մնալ։ Պայմանները կարող են բավականին վատ գնահատվել։ Դատապարտյալների հետ վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվում։
Անչափահասների արդարադատության համակարգը բարեփոխումների կարիք ունի։ Անչափահասների գործերով զբաղվող դատախազները, քննիչներն ու փաստաբանները պետք է մասնագիտացվեն։ Նաև պետք է ավելացվի այլընտրանքային՝ ազատազրկման հետ չկապված պատժատեսակների քանակը»,– զեկույցը համառոտ ներկայացրեց իրավաբանը։
Խոշտանգումներ
Այլընտրանքային զեկույցի գնահատմամբ՝ խոշտանգումների ոլորտում Հայաստանը լուրջ առաջընթաց չի արձանագրել։
ՔՀԻ իրավաբան Աննա Մելիքյանի խոսքերով՝ Հայաստանը խոշտանգումների ոլորտում ունի դեռևս չկատարած պարտավորություններ. «խոշտանգում» եզրույթը դեռ համապատասխանեցված չէ ՄԱԿ–ի Խոշտանգումների դեմ կոնվենցիային, ոստիկանության բաժանմունքները բաց չեն հասարակական դիտորդական խմբերի համար։
«Լուրջ խնդիր է այն, որ խոշտանգումը ընդունվում է որպես միջոց խոստովանական ցուցմունք վերցնելու և քրեական գործ բացահայտելու համար»,– մտահոգություն է հայտնում Տաթևիկ Ղարիբյանը՝ հիշեցնելով Միշա Հարությունյանի գործը, ում խոշտանգել էին ինքնախոստովանական ցուցմունք վերցնելու համար, իսկ դատարանը ընդունել էր այդ ցուցմունքը՝ հիմնավորելով, որ խոշտանգումը կիրառվել է իրականությունը բացահայտելու համար։
Մյուս կողմից, իրավաբանների կարծիքով, առկա է շահերի բախում, քանի որ այն կառույցը, որի աշխատակիցը պատասխանատու է խոշտանգումների կիրառման համար, իրականացնում է նաև քննություն խոշտանգումների վերաբերյալ հաղորդումների հիման վրա։
«Մենք նաև զեկույցում նշել ենք, որ դատախազի լիազորությունները նույնպես հակասական են այս հարցում։ Մի կողմից դատախազը պետք է վերահսկողություն իրականացնի քննության օրինականության նկատմամբ, նույն դատախազը մեղադրանքն է հաստատում և պաշտպանում դատարանում։ Այսինքն՝ շահերի ակնհայտ բախում է, եթե խոստովանությունը ձեռք է բերվել ապօրինի կերպով՝ խոշտանգումների միջոցով, նա զրկվում է իր հիմնական ապացույցից և մեղադրանքը չի կարող արդյունավետ պաշտպանել դատարանում»,– նշում է Աննա Մելիքյանը։
Քրեակատարողական համակարգում խնդիրները շատ են և խորքային
ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանի կարծիքով՝ քրեակատարողական համակարգում իրենք որևէ առաջընթաց չեն տեսնում. խնդիրները շատ են և խորքային են։
«Արդարադատության նախարարությունը խոստանում է, որ իրականացվող բարեփոխման ծրագրերի շրջանակում նոր քրեակատարողական հիմնարկներ կկառուցվեն և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Այդ խոստումները մենք լսում ենք արդեն 10 տարի և սպասելիք չունենք, որ ՔԿՀ–ները մոտ ապագայում կառուցված կլինեն։ Եվ եթե անգամ կառուցվեն էլ, խնդիրներն ավելի խորքային են»,– ասում է նա։
Իրավապաշտպանը նշում է համակարգային մի քանի խնդիրներ, որոնք շենքային պայմանների հետ կապ չունեն։
ՔԿՀ–ներում պահվող անձանց համար չկան քրեակատարողական ծառայության գործողությունների դեմ բողոքելու արդյունավետ մեխանիզմներ, ինչի պատճառով այդ անձինք իրենց բողոքն արտահայտում են ինքնավնասման և ինքնախեղման ճանապարհով։
Մյուս խնդիրը կապված է արդարադատության նախարարություն և քրեակատարողական վարչություն փոխհարաբերությունների հետ։
«Մեր գնահատմամբ՝ այսօր քրեակատարողական վարչությունը որևէ կերպ հաշվի չի նստում արդարադատության նախարարի հետ, քանի որ վարչության պետը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից և նախարարի հետ գրեթե նույն դիրքերում է իրեն զգում։ Նախարարը պետք է վերահսկի վարչության պետին, որին աշխատանքից ազատելու լիազորություն չունի, և վերահսկելիությունը կախված է անձանցից։ Մեր կարծիքով՝ դա սխալ է»,– ասում է Արման Դանիելյանը։
Նրա պնդմամբ՝ քրեակատարողական համակարգը ներկայումս շատ ավելի փակ է աշխատում, քան 10 տարի առաջ. քրեակատարողական վարչության պետը հարցազրույց չի տալիս որևէ լրագրողի, լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկներ խիստ սահմանափակ է, ինչը, իրավապաշտպանի կարծիքով, չի ապահովում համակարգի թափանցիկություն և վերահսկելիություն։
Մարտի 1–ի գործով հինգ տարվա քննությունը չի բացահայտել սպանությունները
«Մարտի 1»-ի գործով ՄԱԿ–ը դեռևս 2010-ին առաջարկել է մահվան տասը դեպքերով կատարել արդյունավետ քննություն, մեղավոր անձանց բացահայտել, իսկ զոհերի ընտանիքներին փոխհատուցել, ինչը մինչ օրս չի կատարվել։
ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը նշում է, որ Հատուկ քննչական ծառայությունը 5 տարվա ընթացքում չկարողացավ բացահայտել մի հանցագործություն, որը կատարվել է իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցների ներկայությամբ։
Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10.1 մասով՝ որպես զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից կատարված սպանություն։
«Այսինքն՝ ենթադրվում է, որ ոստիկանները զանգվածային անկարգությունների մասնակից չեն համարվում, և համապատասխանաբար՝ մարդասպաններին փնտրում են ցուցարարների մեջ ու չեն կարողանում գտնել։ Ոստիկանների մեջ սպանություն կատարողներին չեն էլ փորձել փնտրել և գտնել այս տարիների ընթացքում, բայց գիտենք, որ մի քանիսը սպանվել են հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում,– նշում է Դանիելյանը՝ ՀՔԾ–ին խորհուրդ տալով ուշադրություն դարձնել նաև իրավապահ մարմինների գործողությունների վրա։– Միգուցե, այդ դեպքում կարողանան գտնել մարդասպաններին»։
Իսկ լրագրողների այն հարցին, թե ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում Հայաստանին ի՞նչ է սպասվում, ՔՀԻ նախագահը պատասխանեց, որ ՄԱԿ–ը չունի պատժամիջոցներ և պարտադրող մեխանիզմներ։
«Հայաստանը կամավոր է ստանձնել այդ պարտավորությունները, և մեր խնդիրն այն չէ, որ պահանջենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառվեն։ Մեր խնդիրն է հետևողական լինել և ստիպել, որ կառավարությունը կատարի իր վերցրած պարտավորությունները կամ լուծում տա երկրում առկա այս կամ այն կարևոր խնդրին»,– պատասխանեց Արման Դանիելյանը՝ հիշեցնելով, որ մինչև հերթական Պարբերական վերանայման զեկույցը Հայաստանը դեռ երկուսուկես տարի ունի առաջարկությունները կատարելու համար։