ՔՀԻ-ն պահանջում է քրեական գործ հարուցել ուրիշի փոխարեն քվեարկելու փաստի առթիվ

Ս.թ. դեկտեմբերի 6-ին
կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Քաղաքացիական հասարակության
ինստիտուտի դիտորդը Ավան վարչական շրջանի 1/05 տեղամասում արձանագրել է ուրիշի փոխարեն
քվեարկելու դեպք, մասնավորապես ընտրողը եկել է քվեարկելու, սակայն նրա փոխարեն արդեն
ստորագրված է եղել ընտրացուցակում: Խախտումը չի արձանագրվել գրանցամատյանում, ընտրողը
չի կարողացել ընտրել և հեռացել է տեղամասից:



Խախտման մասին հաղորդումը հրապարակվել է www.hra.am կայքում,
որի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվել և կայացվել է քրեական
գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Քաղաքացիական հասարակության
ինստիտուտը բողոքարկել է որոշումը, քանի որ կարծում է, որ ավագ քննիչ Լևոն Քաջազնունու
կողմից բազմակողմանի ստուգում չի իրականացվել և գնահատական չի տրվել ստացված բոլոր
տեղեկություններին: ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված բողոքը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ պարոն Կոստանյան,

Ս.թ. դեկտեմբերի 6-ին
կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Քաղաքացիական հասարակության
ինստիտուտը (ՔՀԻ) իրականացրել է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքի ընտրատեղամասերում:
Օրվա ընթացքում ՔՀԻ դիտորդները, հանդիսանալով ՔՀԻ ներկայացուցիչներ, արձանագրել են
միջադեպեր և ընտրական գործընթացի տարաբնույթ խախտումներ, որոնց մասին տեղեկատվությունն
անմիջապես հրապարակվել է ՔՀԻ-ին պատկանող Մարդու իրավունքները Հայաստանում www.hra.am կայքում: Գրեթե
բոլոր հրապարակված նյութերով ՀՀ քննչական կոմիտեն ու Ոստիկանությունը նյութեր են նախապատրաստել:

Մասնավորապես, www.hra.am կայքում 18:30-ն հրապարակվել է հետևյալ բովանդակությամբ նյութ՝ «1/05, Ավան - ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ ընտրողը եկել է քվեարկելու, սակայն նրա փոխարեն արդեն ստորագրված է եղել ընտրացուցակում: Խախտումը չի արձանագրվել գրանցամատյանում, ընտրողը չի կարողացել ընտրել և հեռացել է տեղամասից»:

Բացի այդ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ֆեյսբուքյան էջում տեղադրվել
են տեսանյութեր, որոնց հղում է դրվել www.hra.am կայքում:

Նշված նյութի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի
ավագ քննիչ Լևոն Քաջազնունու կողմից նյութեր են նախապատրաստվել, բացատրություն է վերցվել
1/05 ընտրատեղամասում ներկա գտնված ՔՀԻ-ի դիտորդ Էթերի Այվազյանից: Վերջինս, ի լրումն
գրավոր բացատրությանը, բանավոր տեղեկացրել է քննիչին դեպքի մասին վկայող երկու տեսանյութի
առկայության մասին, ցույց է տվել երկուսն էլ և պարզաբանել նշված տեսանյութերում պատկերված
իրավիճակը: Մասնավորապես, Է.Այվազյանը նշել է, որ սույն գրությանը կից ուղարկվող տեսաձայներիզում
առկա տեսանյութ 1-ում է պատկերված այն
քաղաքացին, ով զրկվեց քվեարկելու հնարավորությունից, քանի որ նրա անվան դիմաց արդեն
իսկ լրացված են եղել այլ քաղաքացու տվյալներ: Քվեարկության եկած քաղաքացու բողոքին
ի պատասխան, հանձնաժողովը նրան հայտնել է, որ ամենայն հավանականությամբ նրա փոխարեն
քվեարկել է քույրը, և որևէ քայլ չի ձեռնարկվել իրավիճակը պարզելու, շտկելու և արձանագրելու
ուղղությամբ: Արդյունքում քաղաքացին հեռացել է առանց քվեարկելու:

Ս.թ. դեկտեմբերի 14-ին
ավագ քննիչ Քաջազնունին Է.Այվազյանին գրավոր տեղեկացրել է, որ hra.am քայրքում հրապարակված
հոդվածի հիման վրա նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը
մերժելու մասին: Նշված գրությունը Է.Այվազյանը ստացել է դեկտեմբերի 16-ին:

Քրեական գործի հարուցումը
մերժելու մասին որոշման հետ և՛ Է.Այվազյանը, և՛ ՔՀԻ-ն համաձայն չեն: Մասնավորապես,
դիտորդը պնդում է, որ տեսանյութ 1-ում պատկերված միջադեպը «լոկ ենթադրություն չէ»,
և այդ տեսանյութում պատկերված քաղաքացին իրականում զրկվել էր ընտրելու հնարավորությունից:
53 վայրկյան տևողությամբ տեսանյութից ակնհայտ երևում է, որ երիտասարդ կինը, անձը հաստատող
փաստաթուղթը ձեռքերում է պահում, սակայն նրա տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում:
Բացի այդ, լսվում է ՔՀԻ դիտորդի ձայնը, ով ասում է, որ «այդ քաղաքացու անվան դիմաց
արդեն իսկ լրացված են եղել տվյալները և առկա էր ստորագրություն»: Նշված քաղաքացին,
ի պատասխան իրեն ուղղված հարցին, թե արդյոք իր անունը բացակայում է ցուցակում, բարձր
պատասխանում է. «Կա, ոնց չկա, լրացրած է արդեն»
(տե՛ս 21-րդ վայրկյանը): Այնուհետև քաղաքացին հեռանում է ընտրատեղամասից՝ ասելով.
«Իրանց ընտրությունը թող իրանց լինի: Չեմ ընտրելու:
Ավելի լավ չի: Եթե դուք արդեն կարողացել եք լրացնել, որ ընտրություն լինի»:
Ավելին,
հանձնաժողովի նախագահը նրան հարցնում է. «Կարող
ա՞ տատիկդ ա քվեարկել»
, իսկ քաղաքացին պատասխանում է. «Ցավոք, տատիկ չունեմ, ոչ մի բարեկամ չունեմ»:

Ավելացնեմ նաև, որ քննիչի
կողմից ուսումնասիրվել և գնահատական է տրվել միայն մեկ տեսանյութին, չնայած, որ ՔՀԻ
դիտորդը նրան մատնացույց է արել երկու տեսանյութ և հանգամանալից պատմել կատարվածը:
Դրա մասին է վկայում նաև քննիչի որոշման մեջ նշումը առ այն, որ դիտորդը բացատրել է
իրավիճակը և որ քննիչի կողմից ներկայացվող տեսանյութը (տեսանյութ 2), որում փնտրում են Մարինե Մելքումյանի տվյալները, բուն խախտումն
արձանագրած տեսանյութ 1-ի շարունակությունն է:

Մեկ անգամ ևս նշեմ, որ
երկու տեսանյութն էլ հրապարակված են եղել ՔՀԻ ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որին առկա
է հղում hra.am կայքից: Կայացված որոշումից ընդհանրապես չի երևում, թե արդյոք քննիչը
որևէ քայլ ձեռնարկե՞լ է տեսանյութ 1-ում պատկերված միջադեպի ստուգման ուղղությամբ,
ընդհակառակը՝ քննիչը սահմանափակվել է միայն բուն միջադեպից հետո նկարահանված 2-րդ տեսանյութի
վերլուծությամբ և ստուգմամբ, թեև տեղեկացված է եղել դրան նախորդող դեպքի մասին: Նշեմ,
որ տեսանյութ 2-ում առկա դեպքը հանդիսանում է Տեսանյութ 1-ի շարունակությունը, իսկ
Տեսանյութ 1-ում պատկերված և քվեարկելու հնարավորությունից զրկված քաղաքացու անունը
Մարինե Մելքումյան չէ: Մարինե Մելքումյանը Տեսանյութ 2-ում է պատկերված:

Հաշվի առնելով վերոգրյալը՝
հանգում ենք այն եզրակացության, որ ավագ քննիչ Քաջազնունի կողմից բազմակողմանի ստուգում
չի իրականացվել և գնահատական չի տրվել ստացված բոլոր տեղեկություններին:

Ելնելով վերոգրյալից,
ինչպես նաև հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վրա, խնդրում եմ՝

-վերացնել ավագ քննիչ Լ.
Քաջազնունու կողմից կայացված որոշումը, և վերը շարադրված դեպքով քրեական գործ հարուցել,

-կրկին ուսումնասիրել ներկայացվող տեսանյութը, օրենքով սահմանված
կարգով օբյեկտիվ գնահատական տալ և իրականացնել քննություն,

-կայացված որոշման պատճենն ուղարկել հաղորդում ներկայացրած անձին՝
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ին»:

Հավելյալ նյութեր

ՔՀԻ դիտորդի նկարահանած տեսանյութերը՝ տեսանյութ 1 և տեսանյութ 2: