ԱԺ–ում քննարկվել են սահմանամերձ գյուղերում առկա անվտանգության խնդիրները

«Քաղաքացիական հասարակության ինստիոտւտ» ՀԿ տնօրեն Արման Դանիելյանը մարտի 27-ին մասնակցեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին՝ «ՀՀ քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը (իրավիճակը, խնդիրները և զարգացումները)» թեմայով։

Լսումներին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման տարբեր մարմինների, մարզպետարանների, սահմանամերձ համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Պատգամավոր Կորյուն Նահապետյանը նշեց, որ լսումների կազմակերպման նպատակն է բազմակողմանի ու համապարփակ կերպով վեր հանել քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա առաջնային խնդիրներն ու բացթողումները, ստեղծել հարթակ շահագրգիռ բոլոր կողմերի գաղափարների ու դիրքորոշումների ներկայացման, կարծիքների փոխանակման ու առաջարկների քննարկման համար:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն 2014 թվականին իրականացրել է ծրագիր, որը վերաբերում էր Տավուշի մարզի սահմանամերձ 10 գյուղերի (Չինարի, Այգեպար, Մովսես, Նարքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Վազաշեն, Բերքաբեր, Բարեկամավան, Բաղանիս, Ոսկեվան) բնակիչների (քաղաքացիական անձանց) անվտանգության խնդիրներին: Ծրագրի նպատակն էր բացահայտել, թե անվտանգության ինչ խնդիրներ կան այդ բնակավայրերից յուրաքանչյուրում, հնարավորության դեպքում, օժանդակել դրանց լուծմանը, ինչպես նաև՝ փաստագրել հրադադարի ռեժիմի խախտումներն՝ ուղղված քաղաքացիական անձանց դեմ (առողջությանը և գույքին պատճառված վնասներ)։

Ծրագրի իրականացման ժամանակ անհատական և խմբային հարցազրույցների միջոցով կատարվել է ուսումնասիրություն բնակիչների անվտանգության հետ կապված խնդիրները և դրանց լուծման ճանապարհները պարզելու նպատակով։

Լսումների ժամանակ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արման Դանիելյանը ներկայացրել է կազմակերպության կողմից սահմանամերձ համայքներում արձանագրված այն խնդիրները, որոնք վերաբերում են քաղաքացիների անվտանգությանը։ Այդ խնդիրները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ մարդկանց անվտանգություն և գույքի անվտանգություն։

Մարդկանց անվտանգության հետ կապված հիմնական խնդիրներից մեկն այն է, որ սահմանամերձ համայնքներում գրեթե բացակայում են առաջին բժշկական օգնության հմտություններին տիրապետողները և անհրաժեշտ դեղորայքը։ Խնդիր կա նաև ապաստարանների կառուցման և դրանք առաջին անհրաժեշտության միջոցներով հագեցնելու հետ կապված. գոյություն ունեցող թաքստոցներն ապահով և բավարար չեն։

Նրա համոզմամբ՝ պաշտպանական բոլոր միջոցները, որ այսօր ձեռնարկվում են (շրջանցիկ ճանապարհներ, պաշտպանիչ պատերի և հողային բլուրների կառուցում, ծառերի տնկում՝ տեսադաշտը փակելու նպատակով) պետք է ավելի համակարգված և հիմնավոր արվեն՝ ռեսուրսների ճիշտ և արդյունավետ բաշխմամբ։

Պարոն Դանիելյանը, որպես քաղաքացիների պաշտպանության կազմակերպման լրջագույն խնդիր, նշել է նաև վտանգների քարտեզագրման, տագնապի տարբեր աստիճանների դեպքում գործողությունների պլանավորման և դրանց մասին բնակչությանն իրազեկելու անհրաժեշտության մասին, որպեսզի սահմանամերձ համայնքների բնակիչներն ու, նաև ղեկավարությունը, հստակ պատկերացնեն իրենց քայլերի հաջորդականությունը տարաբնույթ աղետների ժամանակ։

Գույքի անվտանգության հետ կապված հիմնական խնդիրն, ըստ Դանիելյանի, հակահրդեհային պաշտպանության հստակ ռազմավարության բացակայությունն է։ Անհրաժեշտ է սահմանամերձ գյուղերը զինել հակահրդեհային տեխնիկայով (հրշեջ մեքենա, կրակմարիչներ և հակահրդեհային այլ միջոցներ)՝ հակառակորդի կողմից բացած կրակահերթի հետևանքով գրանցված հրդեհները կանխելու կամ վնասը նվազեցնելու նպատակով։ Բացի այդ բնակիչներն պետք է ունենան տարրական գիտելիքներ՝ ինչ գործողություններ կատարել հրդեհի ժամանակ, այդ թվում՝ ինչպես օգտվել կրակմարիչներից։

«Անհրաժեշտ է արձանագրել և ապացույցներով փաստագրել հակառակորդի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ բոլոր տիպի ոտնձգությունները, քանի որ դրանք հանդիսանում են ռազմական հանցագործություններ, ինչպես նաև, ապահովել, որպեսզի պատճառված վնասը՝ գույքային կամ առողջական, տուժողներին փոխհատուցվի»,– նշեց պարոն Դանիելյանն իր ելույթում։

Նրա համոզմամբ՝ սահմանին տեղի ունեցող միջադեպերը պետք է ամփոփվեն և ԱԳՆ միջոցով տրամադրվեն միջազգային իրավասու կազմակերպություններին։

ՀՀ դատախազությունը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ վերը նշված բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ։ Այդ խնդիրները և ռիսկերը պետք է նաև հաշվի առնվեն համայնքների զարգացման պլանների մշակման ժամանակ։

Իսկ Ազգային ժողովը պետք է այդ խնդիրների լուծմանը հասցեագրված աշխատանքների մասին հաշվետվություն պահանջի։