Ընտրություններն անցել են ավելի մեղմ մթնոլորտում, բացահայտ բռնություններ չեն եղել

«2013թ. նախագահի ընտրություններին ընտրախախտումների մասին շատ ավելի քիչ ահազանգեր ենք ստացել մեր թեժ գծին, քան 2008թ ընտրություններին»,- փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։

«Ընտրություններն անցել են շատ ավելի մեղմ մթնոլորտում, ավելի քիչ ճնշումներ են եղել 2007-2008 թվականների համեմատ, բացահայտ բռնության դեպքեր չեն գրանցվել, ինչը դրական է։ Սակայն պետք է դեռ տեսնել, թե ինչ կլինի այն հանձնաժողովների անդամների և բնակավայրերի հետ, որտեղ իշխանության թեկնածուն պարտություն է կրել»,– ամփոփելով ընտրությունների ընթացքը՝ նշեց Արտակ Կիրակոսյանը։

Նա շեշտեց, որ դժվար է գնահատել ընտրական ամբողջ գործընթացը, որովհետև կազմակերպությունը սահմանափակ թվով դիտորդներ է ունեցել և ավելի շատ իրականացրել է իրավական «շտապ օգնության» առաքելություն, հետևաբար կարող է խոսել միայն իրենց կողմից իրականացված «Ընտրություններ 2013» իրավական նախաձեռնության արդյունքների մասին։

Քվեարկության օրը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդները 30 մեքենաներով շրջել են Հայաստանի բոլոր մարզերում տեղակայված 350-ից ավելի ընտրատեղամասերով։ Գործել է 080 080 804 իրավական աջակցության թեժ գիծը, որին ստացված ահազանգերի մի մասին դիտորդներն արձագանքել են՝ մեկնելով դեպքի վայր։

Ընդհանուր առմամբ՝ թեժ գծին ստացվել է 54 ահազանգ։ Ընտրախախտումների մասին ևս 60 հաղորդում եղել է ՔՀԻ դիտորդների կողմից։

Կիրակոսյանի խոսքերով՝ իրենց կողմից գրանցված ահազանգերը հիմնականում վերաբերում են հանձնաժողովի անդամների և վստահված անձանց կողմից ուղղորդումներին, կուտակումներին, առանց պատշաճ գրանցվելու քվեախցիկում ընտրողներին օգնելուն, բաց և կրկնակի քվեարկության դեպքերին, տեղամասում կողմնակի անձանց ներկայությանը, կնիքների ջնջվելուն և այլն։

«Կարևոր է, որ իրավապահ մարմինները մեզ վրա չեն դնում ընտրախախտումները ապացուցելու բեռը, և սխալ ահազանգը սուտ մատնություն չեն համարում։ Որովհետև հնարավոր է, որ նաև սխալվի դիտորդը, ոստիկանության պարտականությունն է ստուգել և պարզել։ Իսկ եթե ապացուցման պարտականությունը դրվի դիտորդի կամ վստահված անձի վրա, կստեղծվի վախի մթնոլորտ և կխուսափեն ինչ–որ խախտման մասին հայտնել»,– ասում է ՔՀԻ խորհրդի նախագահը։

«Ընտրություններ 2013» իրավական նախաձեռնության շրջանակներում գրանցված ահազանգերի և խախտումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։