Անչափահասների արդարադատության նպատակը պետք է լինի ոչ թե պատժելը, այլ՝ ռեաբիլիտացիան

«Ցավոք սրտի, արդարադատության ոլորտում մենք չենք տեսնում տարբերակված էական մոտեցում չափահասների և անչափահասների համար։ Մինչդեռ, միջազգային պրակտիկայում ընդունված է համարել, որ եթե անչափահասը կատարում է իրավախախտում, ապա դա ինչ–որ պատճառ ունի, հետևաբար պետք է ոչ թե պատժել անչափահասին, այլ` հայտնաբերել իրավախախտում կատարելու պատճառները և վերացնել դրանք»,– կարծում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում անչափահասների արդարադատության քաղաքականությունը պատժողական է, ոչ թե վերականգնողական։

Նոյեմբերի 19-ին կայացավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի կողմից պատրաստված «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանում. օրենսդրական վերլուծություն» ուսումնասիրության շնորհանդեսը։

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ ՀՀ–ում անչափահասների արդարադատության համակարգը չի համապատասխանում ընդունված միջազգային չափանիշներին։ Գոյություն չունի անչափահասների արդարադատության վերաբերյալ առանձին օրենսդրական ակտ, մասնագիտացված դատավորներ, դատախազներ և փաստաբաններ, չկա հանցագործությունների կանխարգելման համընդհանուր քաղաքականություն և այլն։

ՔՀԻ փորձագետ, ուսումնասիրության հեղինակ Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ առաջին խնդիրն այն է, որ անչափահասների գործերով նախատեսված պատժատեսակները համարժեք չեն անչափահասների արդարադատության խնդիրները լուծելու համար։

«Առհասարակ, ՀՀ Քրեական օրենսգրքի խնդիրներից է այլընտրանքային պատիժների սակավությունը։ Մեծ կիրառություն ունեն ազատությունից զրկելու հետ կապված պատիժները և դրանք կիրառվում են նաև անչափահասների նկատմամբ»,– նշում է փորձագետը։

ՀՀ Քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը սահմանում է, որ հանցանք կատարած անչափահասի նկատմամբ կարող է նշանակվել պատիժ կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ։ Հոդված 86-րդըսահմանում է անչափահասների նկատմամբ կիրառելի պատժատեսակները, դրանք են՝ տուգանքը, հանրային աշխատանքները, կալանքը և որոշակի ժամկետով ազատազրկումը։

Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ անչափահասների առանձնահատկությունները հաշվի առնելով, կարելի է ասել, որ տուգանքը արդյունավետ պատիժ չէ, քանի որ անչափահասը մեծ մասամբ գումար չի վաստակում, տուգանքը ծնողն է մարում, որի արդյունքում խախտվում է անձնական պատասխանատվության սկզբունքը։ Իսկ հանրային աշխատանք կիրառելիս պետք է հաշվի առնել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով անչափահաս աշխատողների համար կան սահմանափակումներ։

Մյուս խնդիրը, ըստ ուսումնասիրության հեղինակի, քրեական պատասխանատվությանը փոխարինող միջոցների բացակայությունն է։

Նրա խոսքերով՝ թեև օրենսդրությամբ վարույթն իրականացնող մարմինն ունի հայեցողական լիազորություններ ոչ մեծ և միջին ծանրության իրավախախտման դեպքում պատասխանատվությունից ազատել (գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով), սակայն քրեական պատասխանատվությունը այլընտրանքային միջոցներով փոխարինելու օրենսդրական հիմքերը բացակայում են։

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան պահանջում է հատուկ միջոցների ներդրում, որոնք հնարավորություն կտան անչափահասների իրավախախտումներին արձագանքել առանց դատավարական ընթացակարգերին դիմելու։

«Անչափահասին պետք է հեռու պահել քրեական ընթացակարգերից և անհիմն ազատազրկումից։ Այլընտրանքային միջոցները հնարավորություն են ընձեռում անչափահասներին հեռու մնալ քրեադատավարական ընթացակարգերից, քրեական անցյալ ունենալուց... Ազատազրկման դեպքում անչափահասի մոտ ձևավորվում է հանցագործի ինքնություն, սոցիալական խզում և հետագայում դժվար է հասարակություն վերադառնալը»,– նշում է ՔՀԻ փորձագետը։

Սիրանույշ Սահակյանը մեջբերում է Հավանայի կանոնները, որոնց համաձայն՝ ազատազրկումը անչափահասի նկատմամբ պետք է կիրառվի որպես ծայրահեղ պատժամիջոց՝ սահմանափակ և բացառիկ դեպքերում, և հնարավորինս կարճ ժամանակահատվածով։ Մինչդեռ, փորձագետի խոսքերով, Հայաստանում այս սկզբունքը հաճախ չի պահպանվում, և անչափահասն անհարկի ազատազրկվում է։

Սիրանուշ Սահակյանը նաև անչափահասների հետ աշխատող մասնագետների՝ փաստաբանների, քննիչների, դատավորների, դատախազների վերապատրաստման խնդիր է տեսնում։ Նրա կարծիքով օրենքով պետք է սահմանվի նաև հոգեբանի կամ սոցիալական աշխատողի ներգրավում նախաքննության և դատաքննության փուլերին։

Ներկայումս օրենքով պարտադիր է անչափահասի հարցաքննությանը մանկավարժի մասնակցությունը. «Պրակտիկան ցույց է տալիս, որ, սովորաբար, որպես մանկավարժ ներգրավվում է անչափահասի դպրոցական ուսուցիչներից մեկը, ինչը կաշկանդում է անչափահասին, և դժվարություններ ստեղծում հետագայում դպրոց վերադառնալու և վերաինտեգրվելու հարցում»,– ասում է փորձագետը՝ առաջարկելով օրենքով հստակ կարգավորել, թե ովքեր կարող են որպես մանկավարժ ներգրավվել։

Ուսումնասիրության մեջ բարձրացվում է նաև անչափահաս տուժողների ու վկաների պաշտպանության խնդիրը։ Անհրաժեշտ է օրենքով սահմանել անչափահաս տուժողների և վկաների համար պաշտպանության ընթացակարգերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, անչափահաս մեղադրյալների, տուժողների և վկաների մասնակցությամբ քննչական բոլոր գործողություններն իրականացնել աջակցող մասնագետների օգնությամբ (հոգեբան, սոցիալական աշխատող) և այլն։

Ուսումնասիրության մեջ առաջարկություն կա Քրեական դատավարության օրենսգրքով հստակեցնել և սահմանափակել արագացված դատական քննության իրականացման հնարավորությունը անչափահասների գործերով։

Շնորհանդեսին ներկա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ քննարկման և ուսումնասիրության շնորհանդեսի համար ճիշտ ժամանակ է ընտրվել, քանի որ ներկայումս լրամշակվում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը։

Մելիքյանը ներկայացրեց անչափահասներին վերաբերող մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք ընգրկված են նախագծում, այդ թվում՝ ձերբակալման և կալանավորման ժամկետների կրճատում, քրեական դատավարության ընթացքում հոգեբանի ներգրավում, այլընտրանքային խափանման միջոցների տեսակների ընդլանում և այլն։

«Մեր առջև դրված խնդիրն է ժամանակակից եվրոպական ստանդարտներին համապատասխան օրենսգիրք ունենալ»,– նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ կատարված օրենսդրական վերլուծությունը կարող է օգտակար լինել այս առումով։

Ուսումնասիրությունն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ կողմից «Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության (PRI) և Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի հետ համատեղ։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ՝  հայերեն և անգլերեն