ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անչափահասների արդարադատություն. պատժի առանձնահատկությունները
Պետությունը պարտավոր է հատուկ մոտեցում ցուցաբերել իրավախախտում կատարած անչափահասների գործերի քննության, պատժի նշանակման և կրման ողջ գործընթացում՝ հաշվի առնելով անչափահասների տարիքային, սոցիալ-հոգեբանական և այլ առանձնահատկությունները: ՀՀ-ում անչափահասների արդարադատության վերաբերյալ առանձին օրենսդրական ակտ գոյություն չունի: Փոխարենը անչափահասների արդարադատության իրականացման վերաբերյալ առանձին դրույթներ սահմանվում են Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերով, ինչպես նաև՝ այլ օրենքներով ու իրավական ակտերով:
Գործող ՀՀ Քրեական օրենսգրքով (ՔՕ) հանցանք կատարելու պահին անչափահաս (18 տարին չլրացած) լինելը կարող է դիտվել պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
Առանձին գլխով սահմանված են անչափահասների քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: ՔՕ հոդված 86-ը սահմանում է այն պատժատեսակները, որոնք կարող են նշանակվել անչափահասների նկատմամբ: Դրանք են՝ տուգանքը, հանրային աշխատանքները, կալանքը, որոշակի ժամկետով ազատազրկումը:
Բազմիցս խոսվել և գրվել է այն մասին, որ ազատությունից զրկելը բացասաբար է անդրադառնում անձի և հատկապես անչափահասի զարգացման, սոցիալականացման գործընթացի վրա, կրկնահանցագործության նախապայման դառնում: Ուստի ներկայումս պետությունների մեծ մասում, այդ թվում Հայաստանում, քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների առանցքում ազատազրկման հետ չկապված, այլընտրանքային պատիժների և խափանման միջոցների ներդրումն ու կիրառումն է:
Ազատազրկումը պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց
Արդարադատության ոլորտի բարեփոխումների շնորհիվ Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն նվազել է ազատազրկման վայրում գտնվող անչափահասների թիվը՝ հասնելով 10-15-ի: Գիտակցելով ընտանիքից, հասարակությունից մեկուսացման բացասական հետևանքները՝ ազատազրկման դատապարտելիս դատարանները մեծ մասամբ որոշում են պատիժը պայմանականորեն չկիրառել և անչափահասին հանձնել նախկինում՝ ՀՀ Քրեակատարողական ծառայության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի, ներկայումս՝ ՀՀ Պրոբացիայի պետական ծառայության վերահսկողությանը:
Գործող ՔՕ հոդված 89-ը սահմանում է, որ ազատազրկումն անչափահասների նկատմամբ նշանակվում է՝
- ոչ մեծ ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ միջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը երեք տարի ժամկետով,
- մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը յոթ տարի ժամկետով,
- տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը տասը տարի ժամկետով:
Փաստորեն, գործող օրենսգիրքը հնարավոր է համարում ազատազրկում պատժատեսակի կիրառումը ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անչափահասի նկատմամբ, ինչը հակասում է միջազգային մի քանի փաստաթղթերի: Մասնավորապես, Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Պեկինյան կանոններ») համաձայն՝ անչափահաս իրավախախտին պետք չէ ազատազրկել, եթե միայն նա մեղավոր չի ճանաչվում այլ անձի դեմ բռնությամբ լուրջ արարք գործելու կամ բազմաթիվ լուրջ իրավախախտումներ կատարելու մեջ, ընդ որում՝ ազատազրկում կարող է կիրառվել ներգործության այլ համապատասխան միջոցի բացակայության դեպքում: Ավելին, նույն կանոնների հոդված 19.1-ը սահմանում է, որ անչափահասին որևէ ուղղիչ հիմնարկում ազատազրկելը միշտ պետք է ծայրահեղ միջոց լինի:
Ներկայումս շրջանառության մեջ գտնվող ՀՀ Քրեական նոր օրենսգրքի նախագծում ընդլայնվել է այլընտրանքային պատժատեսակների ցանկը: Նախատեսվել են այնպիսի պատիժներ, որոնք թույլ են տալիս անձի հետ վերականգնողական աշխատանքներ իրականացնելով՝ նպաստել նրա վերասոցիալականացմանը և ուղղմանը՝ չազատազրկելով նրան: Փորձը ցույց է տալիս, որ սա ավելի արդյունավետ է կրկնահանցագործությունների կանխման տեսանկյունից:
Նոր ՔՕ նախագծով ազատազրկում պատժատեսակը պետք է կիրառվի միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց համար, այն էլ՝ ոչ բոլոր դեպքերում՝ հաշվի առնելով հանցագործություն կատարողի անձը:
Միևնույն ժամանակ, նոր՝ ավելի մեղմացված կարգավորումներ են նախատեսվել անչափահասների ու երիտասարդների համար: Մասնավորապես, ազատազրկումն ընդհանրապես չպետք է կիրառվի ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործության դեպքում: Նաև նախատեսվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ և այլընտրանքային պատիժներ, ինչպիսին, օրինակ, ազատության սահմանափակումն է, որն իրականացվում է էլեկտրոնային սարքերով վերահսկելու միջոցով:
Անչափահասների ազատազրկման վայրերի պայմանները
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը (ՔԿՀ) անչափահասների և կանանց պահման համար նախատեսված միակ ազատազրկման վայրն է Հայաստանում: Վերջին տարիներին անչափահասների թվի կրճատման պատճառով նրանց համար նախատեսված մասնաշենքը փակվել է:
Ըստ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության տրամադրած տվյալների՝ ներկայումս հիմնարկում պատիժ են կրում 3 դատապարտված և 3 կալանավորված անչափահաս: Կալանավորվածներին պահելու համար նախատեսված ներկայիս մասնաշենքը նախկինում շահագործվել է որպես միջնակարգ դպրոց, որտեղ սենյակներն ազատ են և լուսավոր: Մեկ խցում պահվում է ոչ ավել, քան երկու անձ:
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) չափորոշիչներով՝ բոլոր ազատազրկված անչափահասները պետք է պահվեն հատուկ այդ տարիքի անձանց համար ստեղծված կալանավայրերում, որտեղ միջավայրը բանտային չէ, ռեժիմը համապատասխանեցված է նրանց կարիքներին, իսկ անձնակազմը վերապատրաստված է երիտասարդների հետ աշխատելու համար։
Անչափահասների թվի կրճատման հետ մեկտեղ փակվել է նաև հիմնարկում գործող միակ դպրոցը: ՔԿՎ պաշտոնական մեկնաբանության համաձայն, 2015-16թթ. ուսումնական տարում դպրոցը չի գործել անչափահասների կողմից ուսումից հրաժարվելու պատճառով:
Դպրոցի փակվելու պատճառների վերաբերյալ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հարցմանն ի պատասխան՝ Կրթության և գիտության նախարարությունը ոչինչ չի նշել (դպրոցը գործում էր ԿԳՆ ենթակայությամբ): Միայն ասվում է, որ անչափահասների կրթության իրավունքի (թե՛ հիմնական, թե՛ միջին-մասնագիտական) ապահովման հարցն իրենց ուշադրության կենտրոնում է և հնարավորինս սեղմ ժամկետներում լուծում կստանա:
Ազատազրկման վայրում գտնվող անչափահասները փաստացի չեն ստանում իրենց հիմնական պարտադիր կրթությունը, որն ամրագրված է թե՛ ազգային, թե՛ միջազգային իրավական ակտերով:
ՀՀ սահմանադրությունը, ինչպես նաև՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքը պարունակում են յուրաքանչյուր անձի՝ անվճար հիմնական կրթություն ստանալու իրավունքի հստակ երաշխիքներ:
Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոններով սահմանվում է, որ ուղղիչ հիմնարկներում անչափահասները պետք է ապահովվեն իրենց տարիքին, սեռին, անձին և լիարժեք զարգացման համար անհրաժեշտ համապատասխան խնամքով, պաշտպանությամբ և սոցիալական, հոգեբանական, բժշկական, ֆիզիկական, կրթության և մասնագիտական ուսուցման համար անհրաժեշտ օգնությամբ:
«Դատապարտյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» հոդված 77-ը սահմանում է, որ դատապարտյալների համար պետք է ապահովվի կրթություն ստանալու հնարավորությունը: Կրթության իրավունքի իրացման ապահովման պահանջը սահմանված է նաև Եվրոպական քրեակատարողական (պենիտենցիար) կանոններով (հոդված 71.5):
«Աբովյան» ՔԿՀ-ում չկան նաև պայմաններ անչափահասների ֆիզիկական ակտիվությունը կազմակերպելու համար, չկան մարզասարքեր և անհրաժեշտ պայմաններ նրանց ֆիզիկական զարգացման համար, ինչն այդ տարիքում խիստ կարևոր է առողջության համար: ՔԿՎ-ից տեղեկացնում են, որ կա զբոսանքի հնարավորություն, ինչպես նաև՝ փոքր մարզադահլիճ, որի գույքը մաշված է և վերանորոգման ու օգտագործման համար ոչ պիտանի, և իրենք դիմել են տարբեր կազմակերպությունների մարզագույքի ձեռքբերմանն աջակցելու խնդրանքով:
Փաստորեն, անչափահաս ազատազրկվածների մտավոր և ֆիզիկական զարգացման հարցը կարելի է համարել առայժմ չլուծված:
Անհրաժեշտ է առանձին օրենսդրություն
Այսպիսով, ՀՀ-ին անհրաժեշտ է անչափահասների արդարադատության վերաբերյալ առանձին օրենսդրական ակտ, ինչը հաշվի կառնի նրանց հատուկ կարիքները և իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ կստեղծի:
Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան մասնակից պետություններից պահանջում է մշակել և իրականացնել անչափահասների արդարադատության համապարփակ քաղաքականություն: Միջազգային առաջադեմ փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է առանձին օրենսդրության ստեղծումը: Շատ երկրներ գնում են հենց այդ ճանապարհով և հարևան Վրաստանը նույնպես ունի «Անչափահասների արդարադատության օրենսգիրք», որն ընդունվել է 2015 թվականին:
Հայաստանի Հանրապետությունը փորձում է խնդրին լուծում տալ արդարադատության ոլորտի ներկայիս բարեփոխումների շրջանակում: Հիմնովին փոփոխվող Քրեական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքը և Պրոբացիայի պետական ծառայության գործունեությունը կարգավորող իրավական ակտերը գործող օրենքների համեմատ ավելի առաջադիմական են և անչափահասների արդարադատության վերաբերյալ առանձին դրույթներ պարունակում են, սակայն դա բավարար չէ:
Անհրաժեշտ է պետական համապարփակ քաղաքականություն՝ ինստիտուցիոնալ և օրենսդրական մակարդակներում և, ամենակարևորը, անհրաժեշտ է քաղաքական կամք և լուրջ ներդրումներ այդ ամենը կյանքի կոչելու համար: Հակառակ դեպքում ցանկացած բարեփոխում կարող է դառնալ արհեստականորեն պարտադրված և ձևական բնույթ կրող: