Դատապարտյալների զբաղվածությունը և կրթությունը խթանելուն ուղղված առաջարկություններ

Թեև նկատվում է որոշակի դրական տեղաշարժ օրենքի հետ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կիրառվող պետական քաղաքականության և իրավական կարգավորումների հարցում, սակայն պատժիչ համակարգից վերականգնողական արդարադատության համակարգին անցում կատարելու համար անհրաժեշտ աշխատանքի ծավալը ահռելի է և պահանջում է հսկայական ներդրում համապատասխան շահագրգիռ կողմերի, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների կողմից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատապարտյալների զբաղվածությունը և կրթությունը խթանելու նպատակով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն մշակել է և համապատասխան մարմիններին է ներկայացրել առաջարկություններ:

Մեծածավալ աշխատանք կա կատարելու ազատազրկվածների հետ՝ հաշվի առնելով, որ մինչ օրս նրանք դուրս են մնացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության շահառուների ցանկից, մինչդեռ ոչ միայն պետք է ընդգրկվեին, այլև առանձնացվեին որպես աշխատաշուկայում անմրցունակ խումբ: Պետք է մշակվեն և իրականացվեն հատուկ, ազատությանը նախապատրաստող ծրագրեր։ Ավելին, նման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը պետք է հասանելի լինի պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ստանալուց առնվազն վեց ամիս առաջ։

Հայաստանում առկա է որոշակի դրական տեղաշարժ օրենքի ու քաղաքականության մշակման հարցում: Այսպես, Զբաղվածության մասին օրենքի և քրեական օրենսդրության բարեփոխումների արդյունքում ՔԿՀ պետը տեղական և պետական զբաղվածության գործակալություններին է փոխանցելու այն դատապարտյալների գործերը, ում ազատազրկման սահմանված ժամկետը լրանում է առաջիկա 6 ամիսների ընթացքում: Մասնագիտական կրթության անհրաժեշտության դեպքում նման դատապարտյալները հնարավորություն կունենան թե՛ ՔԿՀ-ում, և թե՛ ՔԿՀ-ից դուրս օգտվելու մասնագիտական ուսուցման ծրագրերից [«Դատապարտյալներին խոհարարություն կամ որեւէ արհեստ են սովորեցնելու և աշխատանք են տալու» հոդված]:

Գիտակցելով մինչ ազատվելն իրականացվող նախապատրաստական աշխատանքների առանձնահատուկ կարևորությունը՝ միևնույնն է, կարծում ենք, որ վերականգնողական աշխատանքները՝ ներառյալ մասնագիտական և կրթական միջոցները, պետք է սկսեն կիրառվել հենց որ դատապարտյալը սկսում է կրել պատիժը: Աշխատանքը պետք է իրականացվի դատապարտյալի կարիքները բացահայտելուց հետո և համապատասխան գնահատման հիման վրա։ Հաշվի առնելով վերականգնողական ծրագրի իրակացնեման արդյունքում դատապարտյալի դրսևորած առաջընթացը՝ կարելի է կարևոր որոշումներ կայացնել, օրինակ՝ ազատազրկվածի վաղաժամկետ ազատ արձակման մասին: Պետք չէ սպասել ազատազրկվածի պատժի օրացուցային կրման ժամկետին, որպեսզի նա կարողանա օգտվել այս հնարավորությունից, քանի որ այն, ըստ էության, ոչ մի ազդեցություն չի ունենա նրան վաղաժամկետ ազատման հնարավորություն շնորհելու վրա: Հետևաբար, վերականգնողական կրթական ծրագրերի մեկնարկային փուլը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր ազատազրկվածի հնարավոր վաղաժամկետ ազատ արձակման հավանականությունը:

Պրոբացիայի շահառուները թեև ազատության մեջ են և չունեն այն սահմանափակումները, ինչ բանտում գտնվող անձինք, սակայն աշխատանքի տեղավորվելիս, բախվում են գրեթե նույն խնդիրներին, ինչ նախկին ազատազրկվածները։ Բացի այդ, պրոբացիայի որոշ շահառուների նկատմամբ կիրառվում են որոշակի սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են վերջիններիս՝ իրենց համար ցանկալի աշխատանքը ստանալու հարցում: Օրինակ, եթե դատարանը պարտավորեցրել է դատապարտյալին չփոխել մշտական բնակության վայրը, իսկ շահառուն աշխատանքի տեղավորվելու հնարավորություն ունի մեկ այլ շրջանում: Դա պետք է հաշվի առնվի՝ պատիժ նշանակելիս։

2015-2016թթ. Պրոբացիայի ծառայության գրասենյակների պիլոտային ծրագրի ընթացքում Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը համագործակցել է Զբաղվածության պետական ծառայության հետ՝ այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալների համար զբաղվածություն և մասնագիտական ուսուցում ապահովելու նպատակով։ Միայն մի քանի դատապարտյալ օգտվեցին այս հնարավորությունից, քանի որ գործող ընթացակարգը շատ բարդ է, ամենը կազմակերպվում է պետական գնումների համար սահմանված կարգով և ժամանակատար է։ Որոշ դեպքերում, մինչև մասնագիտական ուսուցում անցնելու հայտը իրականացվել է, դատապարտյալը կրել է իր պատիժը։

Ինչ վերաբերում է գործատուներին, ապա ակնհայտ է, որ անհնար է աշխատանքով ապահովել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, կամ ստիպել մասնավոր սեկտորին աշխատանք տրամադրել (նախկին) դատապարտյալին: Այնուամենայնիվ, գործատուներն ավելի բաց կլինեին նման անհատների հետ աշխատելու հարցում, եթե պետությունն առաջարկեր տնտեսական խթաններ և վերասոցիալականացման աշխատանքային ու կրթական ծրագրերի շահառուների նկատմամբ սահմաներ պատշաճ վերահսկողություն: Այդ խթանները կարող են ներառել հարկային արտոնություններ, աշխատավարձի մասնակի փոխհատուցում և Պրոբացիայի ծառայության կողմից վերահսկողության երաշխիքներ:

Առաջարկություններ

Աշխատաշուկայում դատապարտյալի մրցունակությունը բարձրացնելուն ուղղված՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի առաջարկություններն են.

-Յուրաքանչյուր դատապարտյալի համար, պատիժ կրելը սկսելուց անմիջապես հետո, հիմնվելով անհատական կարիքների գնահատման վրա, պետք է մշակվի անհատական վերականգնողական ծրագիր: Անհատական վերականգնողական ծրագրով նախատեսված միջոցառումների հաջող ավարտը, այդ թվում՝ կրթական միջոցառումները, պետք է հաշվի առնվեն վաղաժամկետ ազատ արձակման մասին որոշում կայացնելիս: Կարիքների գնահատումը նաև թույլ կտա՝ ընտրելու դատապարտյալի համար մասնագիտական ուսուցման ճիշտ ծրագիր։

-Պրոբացիայի շահառուների համար անհատական ծրագիր մշակելիս հարկավոր է ուշադրություն դարձնել, որ սահմանված սահմանափակումները հնարավորինս ճկուն լինեն, որպեսզի դատապարտյալի օրինական մասնագիտական գործունեությունը և հավանական աշխատունակությունը չխոչընդոտվի:

-Բոլոր շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների, այդ թվում՝ Զբաղվածության պետական գործակալության, Պրոբացիայի ծառայության, Կրթության և գիտության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և դրանց ստորաբաժանումների, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների միջև պետք է ստեղծվի ուղղորդման համակարգ, որը կգործի որպես միասնական աջակցության ցանց: Գերատեսչությունների ներգրավումը կկենտրոնացնի առավել մեծ թվով հասանելի ռեսուրսներ ու կնպաստի ուժերի օպտիմալ բաշխմանը և առավել ցանկալի արդյունքների ապահովմանը:

-Ազատազրկված դատապարտյալները պետք է դասվեն Զբաղվածության պետական գործակալության շահառուների թվին՝ դեռևս ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ:

-Հայաստանի աշխատաշուկայի մասին վերլուծություններ պատրաստելիս՝ ՔԿՀ-ներում գտնվող անձանց ներառել Ազգային վիճակագրական ծառայության տվյալների բազայում: Սա կնպաստի ազատազրկվածների կարիքների ուսումնասիրությանը և գնահատմանը, ինչպես նաև կօգնի գնահատելու նրանց հնարավոր ազդեցությունն աշխատաշուկայի վրա:

-ՔԿՀ-ներում պետք է տրամադրվեն մասնագիտական ուսուցման և դասընթացների համար անհրաժեշտ սարքավորումներ, և ավարտողներին շնորհվեն կրթության ազգային չափանիշներին համապատասխան պատշաճ հավաստագրեր:

Գործատուների կողմից դատապարտյալին և նախկին դատապարտյալին աշխատանքի վերցնելը խրախուսելու համար առաջարկվում է.

-Ձևավորել գործատուներին մասնակի փոխհատուցման կամ հարկային արտոնությունների տրամադրման ծրագիր՝ Պրոբացիայի ծառայության շահառուներին/նախկին դատապարտյալներին աշխատանքի վերցնելու դեպքում:

-Վերահսկողության երաշխիքներ տրամադրել Պրոբացիայի ծառայության շահառու-աշխատակցի նկատմամբ:

-Ապահովել անվտանգության միջոցներ հանրության անվտանգությունը և սեփականության պաշտպանությունը երաշխավորելու համար (օրինակ՝ անհրաժեշտության դեպքում կիրառել էլեկտրոնային հսկողություն):

-Մշակել և իրականացնել իրազեկվածության բարձրացման ուղղված արշավներ՝ դատապարտելով հասարակության շրջանում նախկին դատապարտյալների պիտակավորումը և կարծրատիպերը փոխելու նպատակով:


Թեմայի վերաբերյալ հրապարակումներ

Մաս 1-ին - Դատապարտյալների վերասոցիալականացում զբաղվածության և կրթության հնարավորությունների ապահովման միջոցով. Իրավիճակը ՀՀ-ում

Մաս 2-րդ - Դատապարտվածների շրջանում զբաղվածությունը և եկամուտներ ստանալու հնարավորությունները սահմանափակող գործոնները

Մաս 3-րդ - Դատապարտյալների զբաղվածությունը և կրթությունը խթանելուն ուղղված առաջարկություններ