ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատապարտվածների շրջանում զբաղվածությունը և եկամուտներ ստանալու հնարավորությունները սահմանափակող գործոնները
Դատապարտյալների և նախկին դատապարտյալների զբաղվածության վերաբերյալ հավաստի տվյալների հասանելիությունը խիստ սահմանափակ է: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն աշխատաշուկայի վերաբերյալ տարեկան հետազոտություններ կազմելիս հաշվի չի առնում ազատազրկվածներին: Առկա չէ տեղեկություն նաև այն մասին, թե տնտեսապես ակտիվ որքա՞ն բնակչություն կա ՔԿՀ-ներում: Հայաստանի բնակչության վերաբերյալ տարաբաշխված տվյալներ պատրաստելիս՝ նույնպես հաշվի չի առնվում նախկինում դատվածություն ունենալու փաստը: Միակ տվյալները, որոնց կարող ենք հղում կատարել, հենց ՔՀԻ-ի հետազոտությունն է կրկնահանցագործության վերաբերյալ [«Հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոններ» զեկույց], որը ցույց է տալիս, որ կրկնահանցագործների գերակշիռ մասը չունի կրթություն, մասնագիտական հմտություններ և կայուն զբաղվածության պատմություն։ Դրա մասին են վկայում նաև ՔԿՀ-ներում իրականացվող մշտադիտարկումը և ազատազրկվածների հետ անցկացվող հարցազույցները։ Բացի այդ, առկա են լրատվության միջոցներում հետաքննական հոդվածներ, որոնք ի ցույց են դնում օրենքի հետ խնդիրներ ունեցող անձանց՝ աշխատաշուկա նորից մուտք գործելու ժամանակ հանդիպող բազմաթիվ դժվարությունները [«Կյանք բանտից դուրս. հասարակությունը մերժում է դատապարտյալներին, համակարգը՝ դարձնում «պորտաբույծ» հոդված]:
Որո՞նք են դատապարտյալների շրջանում զբաղվածությունը և եկամուտներ ստանալու հնարավորությունները սահմանափակող գործոնները: Խոչընդոտները կարող են բաժանվել երեք խմբերի․առաջին խումբը կազմում են այն գործոնները, որոնք կապված են հենց դատապարտյալի հետ, երկրորդ խումբը կազմված է հնարավոր գործատուների վերաբերմունքից բխող խնդիրներից՝ պիտակավորումը, իսկ երրորդը՝ պետական համապատասխան գործակալությունների կողմից դրսևորվող աջակցության ոչ բավարար լինելու արդյունք է, թեև վերջիններս կարող են օգնել՝ մեղմացնելու առաջին երկու խմբերին պատկանող խնդիրների ազդեցությունը:
Կան ընդհանուր մի շարք առանձնահատկություններ, որոնք մեծապես սահմանափակում են դատապարտյալների՝ զբաղվածության և եկամուտներ ստանալու հնարավորությունները: Դրանք են՝ անավարտ կրթությունը, ոչ բավարար մասնագիտական հմտությունները, աշխատանքային փորձի պակասը և մոտիվացիան: Ազատազրկման դեպքում, հատկապես երկարատև, դատապարտյալները դուրս են մնում աշխատաշուկայից և իրենց տնտեսական գործունեության զարգացումից, ինչը հանգեցնում է փորձի, հմտությունների, վերապատրաստման կարողությունների և գործատուների հետ կապի կորստի:
Քրեական անցյալ ունեցող անձինք, աշխատանքի ընդունվելիս, շարունակում են տուժել աշխատաշուկայում առկա խտրական վերաբերմունքից: Այս խնդիրների մի մասը կապված է դատապարտվածների անձնական հատկանիշների, նրանց վարքագծի, փորձի և մոտիվացիայի հետ, իսկ մյուս մասը՝ զուտ դատապարտվածի կարգավիճակ ունենալու փաստի հետ [«Պետությունը պետք է աջակցի դատապարտյալներին մասնագիտություն և աշխատանք ունենալու հարցում» հոդված]: Այս երկու գործոնները հանգեցնում են առկա այն իրականությանը, որ նախկին դատապարտյալն ու Պրոբացիայի ծառայության շահառուն գործատուների համար շարունակում են մնալ վստահություն չներշնչող խումբ:
Այս պայմաններում պետական իշխանության մարմինների նպատակը և պարտականությունը պետք է լինի երկու խնդիրներին էլ ճիշտ լուծում գտնելը, այսինքն՝ ապահովել դատապարտյալի մասնագիտական կարողությունների աճը և մշակել ու խթանել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն օրենքի հետ խնդիրներ ունեցող անձանց համար աշխատաշուկայում աշխատատեղերի առկայությունն ապահովելուն: Հրատապ անհրաժեշություն կա նաև ստեղծելու առկա ծառայությունների (սոցիալական, կրթական և այլն) ուղղորդման համակարգ, որը ներառում է տարատեսակ միջգերատեսչական համագործակցություն:
Թեմայի վերաբերյալ հրապարակումներ
Մաս 3-րդ - Դատապարտյալների զբաղվածությունը և կրթությունը խթանելուն ուղղված առաջարկություններ