ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային իրավունք. չկան ՀԿ–ներ, գրեթե չեն գործում արհմիություններ
Հայաստանում այսօր բազմաթիվ հասարակական կազմակերպություններ գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում՝ մարդու հիմնարար իրավունքներից մինչև թռչունների իրավունքների պաշտպանություն։
Բազմաթիվ ՀԿ–ների շարքում որևէ մեկն իր գործունեությունը չի կենտրոնացրել աշխատանքային իրավունքների ոլորտում, որտեղ խնդիրները շատ են բարձրաձայնողները՝ քիչ. մենք ամեն օր հանդիպում ենք տաքսու վարորդի, ով աշխատում է օրական 16–19 ժամ և հանգստանում է ամսական երկու անգամ՝ մեկ օրով, շատերս ունենք ծանոթներ, ովքեր աշխատում են առանց պայմանագրի՝ գործատուին դնելով շահեկան իրադրությունում. այդ աշխատողի համար հարկեր չեն վճարվում և ցանկացած պահի աշխատողը կարող է կորցնել գործը՝ առանց որևէ բացատրության կամ հետևանքի։ Օրինակները բազմաթիվ են։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առընթեր Աշխատանքի պետական տեսչությունում 2011թ.-ի տվյալներ դեռ չկան, բայց նախորդ տարի ստացված դիմում–բողոքների հիման վրա ՀՀ քաղաքացիները հիմնականում դիմում են արտադրության, սպասարկման, առևտրի և կրթության բնագավառում առաջ եկած աշխատանքային խնդիրներ ունենալու դեպքում: Նախորդ տարի ստացվել է 480 դիմում-բողոք, վերականգնվել է 273 դիմումատուի խախտված աշխատանքային իրավունք։ 2010թ. ընթացքում Աշխատանքի տեսչությունն իրականացրել է 640 ստուգում և ուսումնասիրություն, արձանագրվել է գործատուների կողմից չձևակերպված (առանց օրենքով սահմանված կարգով) աշխատող ունենալու 980 դեպք: Ստուգումների հետևանքով նշանակվել է շուրջ 152 միլիոն ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Հայաստանում գործում է նաև արհմիությունների կոնֆեդերացիա, բայց դրա գործունեության և արդյունավետության մասին գրեթե ոչինչ չգիտենք։
«Այս տարի էլ նախորդ տարվա պես ստանցել ենք մոտ 600 դիմում բողոք, որոնից ոչ բոլորն են իրավական առումով պատճառաբանված լինում, բայց հակառակի դեպքում էլ չենք կարող ասել, որ կարողանում ենք վերականգնել իրավունքենրը, քանի որ մարդիկ շատ հաճախ հետ են կանգնում կես ճանապարհից»,- www.hra.am –ին փոխանցեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը:

Այժմ նրանք միայն մեկ դատական գործ ունեն, որի դեպքում քաղաքացին համաձայնվել է պայքարել մինչև վերջ ու գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում.առաջին ատյանի դատարանը չի բավարարել հայցվորի պահանջը։ «Երբեմն՝ շատ հազվադեպ լինում է, որ դիմում ենք գործատուին, ով համաձայնվում է, որ սխալ է և ուղղում է այն»,- ասում է Խարատյանը:
Ոչ հաճախ, բայց երբեմն քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ դիմում են դատարան. «Աշխատավարձի պարտքի կուտակման և աշխատավարձի սխալ հաշվարկի խնդրով դիմեցի Աշխատանքային տեսչություն։ Սակայն ոչինչ տեղի չունեցավ, ամիսներ շարունակ ոչ մի գրավոր փաստաթուղթ չստացա տեսչությունից, թե ինչ ստուգում իրականացրին և ինչ որոշում կայացրին։ Դրա համար ես ինքս դիմեցի դատարան և դատական կարգով խնդիրը լուծեցի»,– ասում է Աննա Պողոսյանը։

Այս տարի ամռանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դիմեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Լորա Մովսիսյանը՝ ընդդեմ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանի։ Բժշկուհի Լորա Մովսիսյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն խիստ նկատողություն հայտարարելու մասին իրավական ակտը, վերացնել կարգապահական տույժը և վճարել իրեն օրենքով հասանելիք, բայց չվճարված աշխատավարձերը: Գործի քննությունը շարունակվում է։
Չնայած հասարակական կազմակերպությունների դաշտում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը բաց է մնացել, ակտիվ քաղաքացիները ոչ հաճախ, բայց երբեմն նախաձեռնում են իրենց իրավունքների պաշտպանությունը։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
