Քաղաքացիական հասարակություն 2.0

Սամվել Մարտիրոսյան

Անկախ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը քսան տարեկան է։ Չնայած, երևի թե կարելի է ասել, որ այն մի քիչ ավելի երկարատև պատմություն ունի, քան թղթի վրա անկախություն ստացած Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե, խորհրդային տարիներին քաղաքացիական հասարակությունը կարող էր գոյատևել միայն բանտախցերում և գաղութներում։ Սակայն 1988-91թթ. ղարաբաղյան շարժումը բերեց քաղաքացիական շարժման բուռն զարգացման։ Այդ տարիներին էր  քաղաքացիական հասարակությունը զարգանում՝ չլինելով ինչ-որ մի այլ բանի կցորդ, որպես հասարակության մի մաս՝ դառնալով քաղաքացիական իրավունքների համար պայքարի դինամիկ ճակատ։

Հետո 1991թ.,երբ սկսեց ձևավորվել պետություն՝ամենակարևորը քաղաքացիական իրավունքների տեսանկյունից, իրական լայնամասշտաբ պատերազմի վերածվեց հակամարտությունը հարևան հանրապետության հետ։ Բնականաբար, պատերազմական տարիներին դժվար է խոսել քաղաքացիական հասարակության մասին։ Առավել ևս, որ պատերազմի ընթացքում ազատությունների սահմանափակումը տրամաբանական և սահմանադրական երևույթ է։ Հետպատերազմյա առաջին տարիներին ազատությունները լուրջ ընկալելը նույնպես իրատեսական չէր ՝ հանրապետությունը ողողված էր զենքով, մարզերն իրար մեջ էին բաժանում դաշտային հրամանատարները։ Բայց նույն այդ ժամանակ սկսեցին իրարից զատվել քաղաքական և քաղաքացիական ոլորտները, և մի շարք հասարակական գործիչներ դարձան նոր քաղաքացիական հասարակության կորիզը։

Հետագա տարիների ընթացքում Հայաստանում քաղաքացիական հասարակությունը նոր տեսք էր ստանում։ Ինչ-որ առումով նույն կերպ էին զարգանում հասարակությունները ետխորհրդային արևմտյան երկրներում (Միջին Ասիական երկրների մասին, երևի թե չարժե խոսել այս տեսանկյունից, քանի որ այնտեղ միջին հաշվով հիմնական զարգացումը գնաց դեպի քաղաքացիական հասարակության նշույլների ոչնչացումը)։ Հիմնական սցենարը հետևյալն էր՝ քաղաքացիական ակտիվությունը մեկուսանում էր հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ոլորտում, որն էլ ֆինանսավորվում էր մի շարք դոնոր-կազմակերպությունների կողմից։ Սա միանգամայն ընդունելի էր ծանր տարիներին, երբ դժվար էր այլ կերպ պատկերացնել պայքարն իրավունքների և ազատությունների համար։

Սակայն, երբ այս շրջանը տևեց տարիներ, քաղաքացիական հասարակությունն ինչ-որ առումով նույնացվեց ՀԿ-ների ոլորտի հետ, իսկ ՀԿ-ներն էլ ինչ-որ առումով դարձան, Լենինի ասած՝ շատ հեռու ժողովրդից։ Վերջին տարիներին այս անջրպետը գնալով խորանում էր, բերելով նրան, որ հասարակության մեջ մի ստվար զանգված նույնիսկ սկսել էր ՀԿ-ներն ընկալել որպես թշնամի (իհարկե, սրան օժանդակեցին նաև զանազան հեղափոխությունները և ռուսական քարոզչությունը, որը ներկայացնում էր ողջ ՀԿ-ների դաշտը՝ որպես հինգերորդ շարասյուն)։

Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Հայաստանում սոցիալական մեդիաները (սոցիալական ցանցերը, բլոգները և այլն) թափ առան, դուրս եկան զուտ վիրտուալ ոլորտից և սկսեցին դեր խաղալ իրական կյանքում։ 2010 թ. վաղ գարնանը կարելի է արձանագրել որպես «քաղաքացիական հասարակություն 2.0» ստեղծման ժամանակը։ Այդ օրերին էր, երբ միանգամից մի քանի վիրտուալ խումբ վերածվեցին իրական քաղաքացիական շարժումների։ Իհարկե, մինչ այդ նմանատիպ ընդվզումներ վիրտուալ համայնքների կողմից կային, և դրանց մի մասը հասնում էր որոշակի արդյունքների իրական կյանքում։ Սակայն 2010թ. սկզբին ձևավորվեցին մի շարք խմբեր, որոնք փոխեցին ընդհանուր հասարակական դաշտը։ Նման խմբերից առաջինն էին Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պաշտպանության, օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ շարժումները։ Բացի դրանից առաջին նմանատիպ շարժումներից էին բնապահպանների կողմից ստեղծված խմբերը, որոնք, ուղղված էին օրինակ՝ Թեղուտի, Երևանի կանաչ գոտիների և այլ հարցերի լուծմանը։ Եվս մի խումբ զբաղվում էր հղիների իրավունքներով։ Ինչն է կարևորը, ՀԿ-ների դաշտը ներգրավվեց այս ոլորտ՝ օժանդակելով անփորձ ակտիվիստներին աշխատանքի կազմակերպման ունակություններով։ Պետք է հասկանալ, որ ՀԿ-ները և մեդիա դաշտն իրենց կարևորագույն ներդրումն ունեցան ցանցային ակտիվության ձևավորման և ամրապնդման մեջ։

Այս խմբերը նոր տեսակի քաղաքացիական շարժումներ ձևավորեցին, որոնք յուրահատուկ են նրանով, որ շարժումների մեջ մտնում են զանազան, հաճախ իրար հակասող քաղաքական և հասարակական կարծիքներ կրող մարդիկ.նրանց միավորում է միայն հասարակական շահը և կոնկրետ խնդիրը լուծելու ցանկությունը։ Փաստացի այսօր ստեղծվել է քաղաքացիական հասարակության նոր՝ ցանցային ոլորտ, որն արդեն իսկ սկսում է սերտանալ նաև «ավանդական» քաղաքացիական հասարակության հետ։

Նկարը՝ iranahayer.com-ի
Աղբյուրը՝ www.hra.am