ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վտարման գործընթաց՝ բարբարոսական ելքով

«Միլանոյի» գործով փաստաբաններն այսօր ասուլիս են հրավիրել, որտեղ ևս մեկ անգամ անդրադառնալով տարածքից սեփականատիրոջը վտարելու գործընթացին, տեղեկացրել են, որ պատրաստվում են առաջիկայում գանգատ ներկայացնել Եվրադատարան:
«Համոզված եմ' մենք հերթական անգամ Եվրադատարանից ստանալու ենք վճիռ, որով ոմն մեկի տնտեսական շահերի համար պատասխանատվություն է կրելու ՀՀ պետբյուջեն», ասում է գործով փաստաբան Հայկ Ալումյանը,- Շատ երկրների դեմ է Եվրադատարանը վճիռներ կայացնում, սակայն վճիռ էլ կա, վճիռ էլ: Եվրոպական դատարանում ցնցվելու են այս գործից, երբ տեսնեն, որ աշխարհում կա պետություն, որտեղ նման բաներ են տեղի ունենում»
Աբովյան թիվ 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի տարածքը վերցվել է սեփականատիրոջից' Հովհաննես Ղուկասյանից, «հասարակության և պետության կարիքների համար» պատճառաբանությամբ։ Հայկ Ալումյանի խոսքով' ամբողջ գործընթացն իրականացվել է օրենսդրական նորմերի կոպիտ խախտումներով:
«Այս մարդկանց հետ պայմանագիր չեն կնքել, գումար չեն տվել, բայց վտարել են: Ես չգիտեմ' էդ ինչ շահեր են այստեղ ի հայտ եկել, որ այդ աստիճան բարբարոսական վերաբերմունք է ցուցաբերվել և արհամարվել է օրենքը»,- հարցադրում է անում փաստաբանը:
Ըստ նրա' ԴԱՀԿ ծայությունը վտարման գործընթացը վերածել է բարբարոսական հարձակման, որի տեսանյութերը կան:
«Այն, ինչ տեղի ունեցավ վտարման ընթացքում, աննկարագրելի է: Եթե այդ մարդիկ չներկայանային որպես ԴԱՀԿ աշխատակից, ոչ ոք չէր կարող դա գուշակել: Թվում էր, թե ինչ-որ ավազակային հարձակում է կատարվում»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը:
«Միլանո»-ի սեփականատիրոջ ունեցվածքը գնահատել են ընդամենը 207 մլն դրամ' 1 քմ-ն հաշվելով 5 հազ. դոլար: Այնինչ, ըստ փաստաբանի, պետք է գումարի կրկնակին հատուցվեր.
«Ես չգիտեմ, թե ով այդ ՍՊԸ-ում ինչ շահեր ունի, որ դատարաններն այդ ընկերությանը նվիրում են «Միլանո» խանութի գույքի 70 տոկոսը»:
Դատարանի վճռով նախատեսված է փոխհատուցում տալ միայն խանութի առաջին հարկի համար, այնինչ կա նաև երկրորդ հարկ, որը Ղուկասյանը օրինական կերպով գնել է պետությունից:
«Վառ երևակայություն ունեցողը միայն կարող է երկու հարկերը մեկ հարկ համարել»,- նշեց փաստաբանը:
«Միլանո»-ի սեփականատիրոջ հետ պայմանագիր մինչև օրս դեռ չի կնքվել, գումարն էլ չի փոխհատուցվել:
«Դեռ պայամանագիրը չկնքած' կատարողական վարույթը կարճել են, ինչը խախտում է համարվում: ԴԱՀԿ գերնպատակը Ղուկասյանին իր ընտանիքով այդտեղից վտարելն էր»,- արձանագրում է Ալումյանը:
