ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայ և թուրք իրավապաշտպանները միասնական են

Ապրիլի 9-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի ավարտին Հայաստանի և Թուրքայի լիգաների անդամ կազմակերպությունները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։ Թեման հայ-թուրքական հարաբերություններն էին՝ մարդու իրավունքների և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների տեսանկյունից։
Մամուլի ասուլիսից առաջ FIDH-ի անդամ հայկական և թուրքական լիգաները համատեղ բանաձև էին ընդունել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
«Բանաձևը մեր համատեղ աշխատանքն է։ Այն իրականություն դարձավ Կովկասյան ինստիտուտի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի, Եվրոպական ինտեգրացիայի նախագահ Կարեն Բեքարյանի, քաղաքացիական հասարակության և տարածքային զարգացման ինստիտուտի ու մեր թուրք գործընկերների՝ Թուքիայի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ջանքերով։ Սա համատեղ գործողության ծրագիր է ավելի լայն շրջանակների համար, ոչ միայն ՄԻՄՖ անդամ կազմակերպությունների»,-նշեց «Քաղաքացիական ինստիտուտի» խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։
«Թվում է՝ մենք տարբեր կողմեր ու դիրքորոշումներ պիտի ներկայացնեինք, սակայն այդպես չէ․ մենք այս բանաձևն ընդունել ենք ոչ թե իբրև տարբեր կողմեր, այլ մարդու իրավունքների պաշտպաններ՝ որպես եղբայրության և խաղաղության կողմնակիցներ»,- հայտարարեց թուրք իրավապաշտպան Յուսուֆ Ալաթասը:
«Մենք ցանկանում էինք Հայաստան գալ, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները նորից վտանգված են: Ուզում ենք բացել այն դռները, որոնք կողպել են պաշտոնական կողմերը: Մենք ցանկանում ենք մեր հայ գործընկերների հետ կողք-կողքի նստել, գրկել միմյանց և մտածել մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության մասին»,-ընդգծեց մեկ այլ թուրք իրավապաշտպան Յավուզ Օնենը:
Նա ներկաններին հայտնեց, որ Երևանում գտնվող թուրք իրավապաշտպանները՝ այդ թվում և ինքը արդեն 25 տարի է Թուրքիայում պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության համար:
«Այսօր էլ երբ Թուրքիայում արմատ է գցում ազգայնամոլական շարժումը, ժողովրդավարների, լիբերալների ու մարդու իրավունքների համար պայքարելը դառնում է ավելի դժվար»։
Հրապարակված հայտարարության մեջ կիրառված «Հայոց ցեղասպանություն» արտահայտության վերաբերյալ հարցին Յավուզ Օնենը պատասխանեց .
«Այդ հարցի առթիվ կոնկրետ ընդունված փաստաթուղթ չունենք մեր կազմակերպության ներսում։ Դա շատ նուրբ հարց է, և կարող է վտանգել կողմերի միջև առկա հարաբերությունները: Այդ հարցին նոր հոգեբանական մոտեցում է պետք: Մենք կարիք ունենք առերեսման մեր պատմության հետ, սակայն դրա համար նոր հոգեբանական տեսանկյուն է պետք։ Մենք ուզում ենք նոր եղբայրական կամուրջ ունենալու» :
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանն այս կապակցությամբ նկատեց․
«Այն, ինչ այսօր մենք կարող ենք հերոսական քայլ համարել, ծափահարություններով ողջունել թուրք իրավապաշտպանների հայտարարությունները, նրանց համար Թուրքիայում կարող է ճակատագրական լինել։ Ավելի խոսուն փաստ է այն, որ Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ մենք հայ ենք, մենք Դինք ենք պաստառներով։ Մեծ քայլ էր նաև թուրք մտավորականների ստորագրահավաքը, որում ներողություն բառը կար»։
Թուրք իրավապաշտպանները պատմեցին, որ Հրանտ Դինքն իրենց բարեկամն ու ընկերն է եղել. «Թուրքիայում սպանելով Հրանտ Դինքին՝ սպանեցին մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը»,-նշեցին նրանք:
FIDH-ի նախագահ տիկին Սուեր Բելասենը ևս պատասխանեց հայ լրագրողների հարցերին՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների հետ իր բոլոր հանդիպումներում ամենաբարձր մակարդակներով բարձրացրել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու և մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտման անհրաժեշտության հարցը:
Ըստ նրա' ՀՀ իշխանությունները չեն հերքել, որ ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում կան խնդիրներ։ Բելասենի կարծիքով, այդ խնդիրները վերացնելու կամքը ևս առկա է:
FIDH-ի նախագահը նշեց, որ ՀՀ-ում նա հանդիպել է բոլոր կողմերի հետ, լսել բոլորին, որպեսզի ծայրահեղությունների մեջ չընկնի։ Այդ հարցում իրեն աջակցել է FIDH-ի հայաստանյան գործընկերը' « Քաղաքացիական հասարակության ինստիտուտը»:
«Մենք չենք աջակցում ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ընդդիմությանը, մենք երրորդ կողմի՝ քաղաքացիական հասարակության հետ ենք, և մեր նպատակն է, որ հենց այդ շերտը կայանա ու զարգացում ապրի աշխարհում»։
