ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Միջազգային համաժողովին ընդառաջ

Ապրիլի 6-8-ը Երևանում տեղի է ունենալու Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ միջազգային համաժողովը՝ «Արդարադատություն, նոր մարտահրավերներ» թեմայով։ Ուշագրավ է, որ որպես համաժողովի կայացման վայր առաջին անգամ ընտրվել է Հայաստանը։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) մարդու իրավունքներով զբաղվող առաջին կազմակերպություններից մեկն է աշխարհում։ Հիմնվել է 1922 թ-ին։ Ունի 150 անդամ-կազմակերպություն՝ 105 երկրներից։ 2007 թ-ին Հայաստանը ևս անդամագրվել է ֆեդերացիային՝ ի դեմս «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության։
Միջազգային համաժողովին ընդառաջ զրուցեցինք Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ։ Վերջինիս տեղեկացմամբ, միջազգային այս խոշոր համաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասսենինն է եղել։
«Թեև Հայաստանը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երիտասարդ անդամ պետություններից է, այդուհանդերձ Ֆեդերացիայի միջազգային խորհրդում առաջարությունն ընդունվեց միաձայն։ Համաժողովը Հայաստանում անցկացնելու փաստը ողջունեց նաև Թուրքիայի ներկայացուցիչը, չնայած նրան, որ Թուրքիայում համաժողովն անցկացնելու նրա ցանկությունը մեծ էր։ Ֆեդերացիան ցանկանում էր ընտրել Արևելյան Եվրոպայի կամ ԽՍՀՄ նախկին երկրներից որևէ մեկը, որտեղ սուր ու ակնհայտ են փոփոխությունները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում»։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահը շեշտեց հանգամանքը, որ նման մեծածավալ միջոցառումներ հնարավոր չէ կազմակերպել առանց պետական աջակցության
«Բացի այդ, մեր առաջ այսպիսի հարց դրվեց ֆեդերացիայի կողմից չլինի պետության աջակցությունը, չի կարող ապահովվել համաժողովի աշխատանքը Երևանում»,-ասաց Արտակ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ համաժողովին ընդառաջ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը երկու անգամ եղել է Հայաստանում՝ ուսումնասիրելու, տեղում ծանոթանալու համաժողովի կազմակերպչական աշխատանքներին։
Ա. Կիրակոսյանի տեղեկացմամբ, համաժողովի անցկացման փաստը ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Արդեն իսկ արձագանք է ստացվել նախագահի աշխատակազմից։ Հայաստանի նախագահը ընդունել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի հրավերը՝ մասնակցելու համաժողովի բացմանը։ Ապրիլի 6-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Սերժ Սարգսյանը հանդես կգա բացման խոսքով։ Հայաստանից ելույթներ կունենան նաև ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Դավիթ Ավետիսյանը։ Իսկ Հայաստանում մարդու իրավունքների մասին զեկույցով հանդես կգա «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահ Արման Դանիելյանը։
Համաժողովին մասնակցելու են այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք են Ֆրանկոֆոնիայի միջազգային ասոցացիայի նախագահը, Միջազգային քրեական դատարանի դատախազը, Մարդու իրավունքի եվրոպական դատարանի դատավորներ, խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած իրանցի փաստաբան Շերի Էդաբին և հայտնի իրավապաշտպաններ։ Համաժողովին մասնակցելու են նաև 40-ից ավելի տեղական կազմակերպություններ։ Ի դեպ, համաժողովին ներկա են լինելու Հարավային Կովկասը ներկայացնող բոլոր պետությունները, մեծ պատվիրակություններ են գալու Ռուսաստանից, Թուրքիայից։
Համաժողովից առաջ հանդիպումներ են կազմակերպվելու հայ-թուրքական ձևաչափով՝ ուսումնասիրելու մարդու իրավունքների սպեկտորը հենց հայ-թուրքական հարաբերությունների շրջանակում։
Ի՞նչ կքաղի Հայաստանը համաժողովի արդյունքում։ Ըստ Արտակ Կիրակոսյանի, փաստը, որ համաժողովի օրերին Երևանում են լինելու աշխարհի 105 երկրներից ավելի քան 250 ներկայացուցիչներ, մարդիկ, ովքեր լուրջ դերակատարություն ունեն իրենց հասարակության մեջ մարդու իրավունքների ոլորտում, չի կարող չնպաստել, որպեսզի մենք էլ մեր հերթին թարմ ու նոր հայացքով տեսնենք իրականությունը
«Ճիշտ է, համաժողովը մեծ իմաստով ուղղված չէ կոնկրետ Հայաստանի խնդիրներին, բայցևայնպես այն կարող է նոր լիցք տալ մարդու իրավունքներով զբաղվող տեղական կազմակերպություններին, դառնալ երկխոսություն իշխանությունների և իրավապաշտպանների միջև։ Այն հետաքրքիր է նաև միջմշակութային փորձառության առումով։ Հավատացած եմ, որ այն մեկ այլ հարթություն կտեղափոխի մինչ այժմ առկա խնդիրները, թույլ կտա այլ հայացքի տակ դիտարկել դրանք ու գտնել լուծման նոր մեխանիզմներ։ Հայաստանը մարդու իրավունքների առումով դեռ շատ անելիքներ ունի, խնդիրներն էլ այս ոլորտում շատ են։ Համաժողովին ընդառաջ մի շարք տեղական կազմակերպությունների հետ համատեղ հանդես կգանք Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին հայտարարությամբ»։
Մյուս կարևոր դիտարկումն, ըստ Արտակ Կիրակոսյանի, իշխանության և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների մեկտեղումն է մեկ սեղանի շուրջ «Տակտիկական իմաստով իշխանություն և մարդու իրավունք հասացությունները հակադիր բևեռներում են, ինչպես փաստաբանը և պետական մեղադրողը։ Սակայն ռազմավարական առումով առանց փոխադարձ համագործակցության հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի նույնն է, թե առանց փաստաբանի աշխատանքի հասնել արդարադատության»։
