«Հերթական շինծու մեղադրանքն է»

Փետրվարի 12-ին ձերբակալվել են «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը և «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը։ Ձերբակալվածներն այժմ ժամանակավոր պահման մեկուսարանում են, կալանավորման համար օրենքով նախատեսված 72 ժամը կլրանա այսօր։

Ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվելուց 10 ժամ անց կայացված ձերբակալության որոշմամբ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137 («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք») հոդվածով արարք կատարելու մեջ, «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը, բացի այս հոդվածից, կասկածվում է նաև ապօրինի զենք կրելու մեջ։

Սարիբեկ Սուքիասյանի պաշտպանությունը ստանձնել են փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։ Վերջինիս տեղեկացմամբ կասկածյալներից զենք չի առգրավվել։

«Հերթական շինծու մեղադրանքն է, «գործ սարքելու» հերթական անհաջող փորձը, մեր զրույցի ընթացքում ասաց փաստաբան Արա Զաքարյանը,- Չեմ ուզում անդրադառնալ ոստիկանության անօրինական կեցվածքին ու մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, պարզապես փաստերի պարզ համադրությունն է ցույց տալիս, որ Սուքիասյանների դեմ գործ սարքելու հերթական անհաջող փորձն է»։

Ի դեպ, Արա Զոհրաբյանը, ով «Բջնիի» գործով Սուքիասյանների շահերի պաշտպանն էր, այս գործով, թերևս հանդես գա վկայի կարգավիճակում։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, փետրվարի 12-ին ժամը 17.30-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը և հայտնել, թե  2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ընկերության 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը:

2009 թվականի նոյեմբերին Վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ընկերությունում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել Գոռ Դավթյանին պատկանող բաժնեմասը: Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին ժամը 13-ի սահմաններում գնացել է «Սիլ գրուպի» գրասենյակ, որտեղ սպանության իրական սպառնալիքներով նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր:

Այս ամենը  փոխանցում է ոստիկանության  հաղորդագրությունը։

Փաստաբան Արա Զոհրաբյանը մեր զրույցի ընթացքում գործի, այսպես ասենք, տնտեսական բովանդակությանը վերաբերող որոշ մանրամասներ ներկայացրեց: Նախ նշեց, որ Գոռ Դավթյանի ու Սարիբեկ Սուքիասյանի միջև  գործածար հարաբերություններ են եղել: «Նույն Գոռ Դավթյանը  վաճառել էր իր ընկերության բաժնետոմսերը Սարիբեկ Սուքիասյանին, ստացել էր գումարը, հետո դատարանն այդ գործարքն անվավեր էր ճանաչել» ասում է Արա Զոհրաբյանը: 

Նաև մի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում. «Բյուրեղ» ընկերությունը գտնվում է Բջնի գյուղում և համարվում է «Բջնիի» մրցակիցը: Սուքիասյանն այդ բաժնետոմսերը ձեռք էր բերել այն ժամանակ, երբ Բջնիի վրա արգելանք էր դրված   և արդեն երևում էր, թե ինչպիսին է լինելու Բջնիի ճակատագիրը: Այդ ընթացքում որոշ բաժնեմաս ձեռք է բերում նաև Ռուբեն Հայրապետյանը և Գոռ Դավթյանի վրա ճնշումներ գործադրելու միջոցով  փորձում  հասնել այն բանին, որ վերջինի բաժնետոմսերի փաթեթը փոխանցվի իրեն, ոչ թե Սարիբեկ Սուքիասյանին»:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ նաև դեպքերի հերթականությունն ու ժամանակագրությունն են  իրենց ստիպում  ենթադրել, որ գործողությունները նախապես  պլանավորված են եղել: Ոստիկանները «Սիլ կոնցեռնի» գրասենյակում եղել են ժամը 16-ի սահմաններում,  Գոռ Դավթյանը հայտարարություն է տվել 17.30-ի սահմաններում:

Ժամանակագրական անհամապատասխանություններից բացի, կան նաեւ բովանդակային հակասություններ պաշտոնական եւ ոչ պաշտոնական պարզաբանումների միջեւ։

«Երբ փաստերն այս հերթականությամբ ենք դիտարկում, պարզ է դառնում, որ բերման ենթարկելու օպերացիան պարզապես պլանավորված էր, այսինքն նախապես ծրագրված էր,  որ Գոռ Դավթյանը պետք է գա Սուքիասյանի մոտ, իսկ հետո էլ պետք է գան ոստիկանները»:

Արա Զոհրաբյանի խոսքով, նախօրեին Գոռ Դավթյանը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից բաժնետոմսերի փաթեթն իրեն վաճառելու սպառնալիքներ է ստացել: Պայմանավորվել են հաջորդ օրը հանդիպել «Սիլ կոնցեռնի» գրասենյակում, հանդիպել են, կազմվել ու ստորագրվել է նամակ այն մասին, որ Գոռ Դավթյանը հրաժարվում է իր բաժնետոմսերը վաճառել Ռուբեն Հայրապետյանին:

Նշենք նաև, որ ձերբակալված Սարիբեկ Սուքիասյանը առողջության հետ կապված խնդիրներ ունի։

«Իմ պաշտպանյալը ինչպես բերման ենթարկելու, այնպես էլ այս պահին տառապում է թոքաբորբով և սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն ոստիկանությունը բացարձակապես անուշադրության մատնեց այս հանգամանքը», նշեց Լուսինե Սահակյանը։

Լուսինե Մանուկյան