ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պահանջում են հետ կանչել օրենքի նախագիծը

«Counterpart international Armenia» հասարակական կազմակեպության կոորդինացմամբ 250 հկ-ներ ստորագրել են մի փաստաթուղթ, որով իրենց բողոքն են հայտնել «հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ այդմ նրանք Արդարադատության նախարարությունից պահանջում են Ազգային ժողովից հետ կանչել օրենքի նախագիծը։
Նախագիծը խորհրդարան էր ուղարկվել անցած տարվա հոկտեմբերի 1-ին, սակայն դրա քննարկումը հետաձգվեց 90 օրով: ՀԿ-ները պնդում են, որ օրենսդրական փոփոխությունները չեն համաձայնեցվել իրենց հետ և նախագիծն ԱԺ է ուղարկվել առանց հանրային լսումների անցկացման։
«Հատկապես վերջին 2-3 տարիների մեր հասարակական ակտիվությունից հետո փորձում են մեզ վրա հսկողություն սահմանել։ Մեզ չի հետաքրքրում՝ ինչ կընդունեն ու ինչ կմերժեն օրենքի նախագծում, մենք պնդում ենք միայն մի բան, որ հկ-ների վրա իշխանության կողմից այս լրացուցիչ ճնշումը պետք է դադարեցվի,- ասում է «Էկոլուր» հկ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը։
Հունվարի 26-ին Ռեգիոնալ կենրոնի էկոլոգիական գրասենյակում օրենքի նախագիծը քննարկող հկ-ները բողոքում էին, որ նախագիծը մշակելիս իրենց կարծիքներն ու առաջարկությունները անտեսվել են, իսկ մեկ կամ երկու անգամ կազմակերպված հանրային լսումների մասին տեղեկացրել են ոչ բոլոր կազմակերպություններին։
Ըստ օրենքի նոր նախագծի՝ հկ-ները պարտավոր են ամեն տարի ապրիլի 1-ին քսան հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակել իրենց կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման, ֆինանսական մուտքերի ու ելքերի մասին տեղեկատվություն, դրա մեկ օրինակն էլ հրապարակումից հետո, 10-օրյա ժամկետում ներկայացնել պետական լիազոր մարմնին։
Եթե հկ-ի հրապարակած տեղեկատվությունը պարունակում է սխալներ կամ ակնհայտ սուտ տվյալներ, պետական լիազոր մարմինը կարող է արտահերթ ժողով հրավիրել, իսկ եթե ժողով հրավիրելու պահանջը մերժվի, ապա պահանջող կողմը կարող է դիմել դատարան։ Կազմակերպությունը պարտավոր է հաշվետվության պատճենները տասնօյա ժամկետում տրամադրել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի, իսկ նշված ժամկետում չստանալու դեպքում կարող է դիմել դատարան։
Իրավաբան Տաթևիկ Ղարիբյանի պարզաբանմամաբ՝ օրենքի նախագիծը մշակողները, այս դեպքում, Արդարադատության նախարարությունը պետք է հանրային լսումներ անցկացներ ու դրանց մասին տեղյակ պահեր բոլոր հկ-ներին։ Նրա խոսքով՝ նախկին օրենքով էլ յուրաքանչյուր ոք դիմելու դեպքում կարող էր կազմակերպության մասին ցանկացած ինֆորմացիա ստանալ։
«Հանրային լսումների հետ կապված ընթացակարգի խախտումի վրա հիմնվելով միայն հկ-ները կարող են դիմել Արդարադատության նախարարություն՝ պահանջելով հետ կանչել նախագիծը ԱԺ-ից, քանի որ հետ կարող է կանչել միայն այն կառույցը, որն ուղարկել է ԱԺ»,- ասում է իրավաբանը։
Հկ-ների մասին օրենքի այս նախագիծը վերաբերում է նաև ստեղծագործական միություններին (նկարիչների, գրողների, ժուռնալիստների և այլն)։ «Ժուռնալիստների միության» նախագահ Աստղիկ Գևորգյանի խոսքով՝ հանրային լսումներ կազմակերպվել են և ինքն էլ անձամբ մասնակցել է դրանց։ Քննարկումներից մեկի ժամանակ նույնիսկ առաջարկել են, որ օրենքի մի քանի դրույթներ փոխվեն՝ հաշվի առնելով միությունների ու հկ-ների միջև եղած տարբերությունները։
«Միությունների մասին օրենքի նախագիծ մշակելու առաջարկ էինք ներկայացրել նախարարություն, որը մերժվեց, հետո նախարարի կողմից առաջարկ արվեց հկ-ների մասին նախագծում մեզ էլ ներառել՝ավելացնելով «միություն» բառը», իսկ լսումներ չկազմակերպելու հարցում հկ-ների հետ համամիտ չեմ։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մենք իմացանք, իսկ նրանք՝ ոչ։ Լավ կլիներ, եթե նույն այդ հկ-ները Ամերիկյան դեսպանատուն գնալու փոխարեն գային ԱԺ հանրային լսումների»,- ասում է Աստղիկ Գևորգյանը։
Ըստ Աստղիկ Գևորգյանի՝ Հայաստանում ստեղծագործական միությունների գործունեությունը ղեկավարվում է նորմատիվ ակտերով և հկ-ների նման չի կարգավորվում հատուկ օրենքով։
Նրա խոսքով՝ իրենց առաջարկով նախագծում փոխվել է կառույցի համագումարի հրավիրման ժամանակաչափը՝ 2 տարին փոխելով 4 տարվա, քանի որ միությունը չի կարող և վճարունակ չէ (մարզերից անդամներին մայրաքաղաք տեղափոխելու խնդիր կա) իր նախատեսված ծրագրերն իրականացնել երկու տարում։
«Հայ սեյսմոլոգների միություն» հկ-ի տնօրեն Քնարիկ Հովհաննիսյանն ասում է, որ՝ քննարկումներից մեկում արդարադատության նախարարության ներկայացուցիչն ակնհայտ արհամարհանքով էր վերաբերվում հկ-ների ղեկավարներին, «ոնց որ մենք դատապատյալ լինեինք, իսկ իրենք մեղադրող»։
«Բուրգ» երիտասարդական հկ-ի ղեկավար Արման Վերմիշյանը չնայած համաձայն չէ նախագծի հետ ու միացել է ստորագրահավաքին, սակայն կարծում է՝ լավ կլինի, եթե հասարակական շատ կազմակերպություններ պարբերաբար ներկայացնեն իրենց տարեկան հաշվետվությունները։
«Կան հկ-ներ, որոնք մեր ազնիվ գործունեությանն ուղղակի խանգարում են,- ասում է նա,-կան պաշտոնյաներ, որ ձեռքի հետ մի հատ էլ հկ ունեն, գրանտներով միլիոններ են վերցնում, հետո էլ մեր անունն է դուս գալիս, թե իբր գրանտակեր ենք և այլն», ասում է Վերմիշյանը։
«Էկոգլոբ» հկ-ի ղեկավար Նունե Դարբինյանն էլ հավելեց, որ չնայած հին օրենքը չէր օգնում, բայցև չէր խանգարում ու լավ կլիներ, որ պետությունն իր ծառայությունը պատվիրակեր հասարակական սեկտորին, ինչն օրինակ արվում է արտասահմանում։
ՀՀ-ում ներկայում գործում է 3200 հասարակական կազմակերպություն:
Քրիստինե Վարդանյան
