ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անօրինական վտարումները շարունակվում են
Միայն Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դեպքի վայր՝ Բուզանդի 83 հասցե ժամանելուց հետո հաջողվեց ԴԱՀԿ աշխատակիցների անօրինական գրոհը ժամանակավոր կասեցնել։ Մի պաշտպանը զանգահարել էր գլխավոր հարկադիր կատարողին, և ասել, որ վտարման գործողությունը. առնվազն վիճելի է։ Մինչ Պաշտպանի գալը արագ արձագանքման խմբի պատասխանատու Արմեն Մաշինյանը ուսումնասիրում էր վարչական դատարանի կայացրած որոշումը, որտեղ կոնկրետ այս բնակարանից մարդկանց վտարելու մասին խոսք չկար։
Պետք էր տեսնել, թե ինչ լկտի պահվածք ու ցինիզ էին դրսևորում ԴԱՀԿ աշխատակիցները՝ հրաժարվելով ներկայանալ կամ իրենց գործողությունները հիմնավորող որևէ փաստաթուղթ ցույց տալ։ Միակ սկզբունքը, որով առաջնորդվում էին հիշյալ անձինք «մեր դեմ խաղ չկա» համոզմունքն էր։ Գործողությանը ներկա էին նաև ոստիկանության աշխատակիցներ, որոնք կաշկանդվում էին քայլեր ձեռնարկել, սակայն ԴԱՀԿ աշխատակիցների կոպիտ հրահանգներից հետո, «արա ընչի էք ըտեղ կանգնե, էկեք լրագրողներով-բաներով քշեք տարեք ստեղից, տարեք լցրեք բաժին», ոստիկանները քայլ առաջ եկան, սակայն այդպես էլ չդիմեցին ապօրինի գործողությունների։
Տանտիրուհի Նունե Համբարձումյանը՝ բենզինի շիշը ձեռքին, իր աղջիկների(որոնցից մեկը անչափահաս) հետ միասին սպառնում էր այրել ինքն իրեն ու բնակարանը, բայց ոչ մի կերպ չհանձնել բնակարանը։ Սկսվեց աննկարագրելի մի քաշքշուկ, ԴԱՀԿ-ականները փորձում էին Նունեի ձեռքից խլել բենզինի շիշը՝ այդ ընթացքում հրելով ու գետնին գցելով նրան... Ճչոցներ ու մարդկային վայնասուն... ԴԱՀԿ-ականների բռնի ուժի թիրախ դարձավ անչափահաս մի պատանի, ով ոտքի ու ձեռքի հարվածներ ստանալով շպրտվեց դուրս։ Փոքրիկ այդ բանկարանում լցված էին մեկ տասնյակից ավելի ԴԱՀԿ աշխատակիցներ, որոնց գործողություններին հետևում էին նույնքան լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ի վերջո դահկականներին հաջողվեց բենզինի շիշը խլել կնոջ ձեռքից։
Վտարման գործընթացին հետևում էին մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչը սակայն ԴԱՀԿ աշխատակիցներին բոլորովին չէր զսպում. «Գնացեք մեր լրատվական բաժին իմացեք ինչ ենք անում»։ Մի խոսքով պետք էր տեսնել, թե ինչ հավատարմությամբ էին ծառայում պետական 2 կառույցներ՝ ԴԱՀԿ-ն ու Ոստիկանությունը մեկ մասնավոր անձի՝ Ֆլեշ(նաև Ֆրեշ) Բարսեղին, ով և սեփականացրել է այս տարածքը:
Վտարման օպերացիային ներկա էին նաև Նունե Համբարձումյանի շահերը պաշտպանող փաստաբանները, որոնք հորդորում էին ԴԱՀԿ աշխատակիցներին գործել օրենքի շրջանակներում։ Փաստաբան Էդգար Բադեյանը նշեց, որ իրենք հիմնավոր հայց են ներկայացրել դատարան, ինչն ընդունվել է վարույթ, սակայն փաստաբանների խնդրանքը ժամանակավոր արգելանք դնել այս տան վրա մինչ վճռի կայացումը՝ դատարանը առանց պատճառաբանության մերժել է։
Նախորդ օրը անջատել էին բնակարանի էլեկտրականությունը, որը միացվել է փաստաբանների էլեկտրոցանց այցելությունից հետո միայն։
«Հայկ Բեգլարյանը հրամայել է, որ լույսն անջատենք, եթե չանջատեմ ինձ աշխատանքից կհեռացնեն »,- փաստաբանին ասել է էլեկտրոցանցի աշխատակիցը,- «Անում են հնարավորն ու անհնարինը այս մարդկանց վտարելու իրենց տանից՝ առանց փոխհատուցում տալու», ասում է Էդգար Բադեյանը։
Որպես փոխհատուցում Նունե Համբարձումյանին առաջարկել են չնչին գումար, որով անգամ մեկ սենյականոց բնակարան գնել հնարավոր չէ քաղաքի ծայրամասերում։
«Մենք պահանջում ենք 2 սենյականոց բնակարան թեկուզ քաղաքի ծայրամասում, որպեսզի կարողանանք մեր ընտանիքի կենսապայմանները ապահովենք,- ասում է Նունեն։
Ժաննա Ալեքսանյան
Հ.Գ. ԴԱՀԿ աշխատակիցների հեռանալուց հետո տարածք են ժամանաել կարմիր բերետավորներ, որոնք այդտեղ գտնվող քաղաքացիների վկայությամբ, կարծես ինչ որ մեկի հրամանին են սպասում գործողություններ սկսելու համար։
