ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«7–ի գործի» նմանությամբ

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կսկսվի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Այս դատարանը հանրությանն առավել հայտնի դարձավ մարտիմեկյան իրադարձություններից հետո ընդդիմադիր ակտիվիստների աղմկահարույց «7-ի գործով» դատավարություններից, որոնք անցկացվում էին հատուկ հարմարեցված դահլիճում։ Դատարանի դահլիճը դատարանից բաժանված է ապակե հաստ պատով, ինչը, լրագրողներիս համար լարվածություն ու խիստ անբարենպաստ աշխատանքային պայմաններ է ստեղծում։ Ներկաները դատական նիստերին պետք է հետևեն ապակու ետևից, իսկ լրագրողները՝ հատուկ սենյակում տեղադրված մոնիտորներից։
Եվ ընդհանրապես սկսվող դատավարությունը շատ է հիշեցնում «7-ի գործը»։ Նիկոլ Փաշինյանի դեպքում նույնպես դատավոր և մեղադրող են նշանակվել Մնացական Մարտիրոսյանն ու Կորյուն Փիլոյանը, որոնք և հանրության մեջ մերժողական տրամադրությունների են արժանացել։ Ինչ վերաբերում է արդար դատաքննության անցկացմանը, ապա այս դեպքում, մեղմ ասած, դրական հույսեր ևս չեն առաջանում։ Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանն այստեղ դիտավորություն է տեսնում։
«Գուցե ակնկալվում է մի դատավարություն, որը մեծ հետաքրքրություն պիտի առաջացնի հանրության շրջանում։ Կարծում եմ, Մնացական Մարտիրոսյանն առհասարակ իրավունք չուներ քննելու այս գործը։ Նա արդեն իսկ իր կողմից կայացրած դատական ակտերով ցուց է տվել, որ ինքը օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն չի կարող կատարել։ Նա կայացրել է այնպիսի դատական ակտեր անմեղ անձանց նկատմամբ, որոնք արդեն իսկ ցույց են տալիս, որ նա անկողմնակալ չի քննել գործերը»։
Դատավորն օրենքի բազում խախտումներով է դատաքննությունը նշանակել՝ սահմանափակելով միջնորդություններ անելու ժամկետները։ Գործը վարույթ ընդունելիս Մնացական Մարտիրոսյանը չի սահմանել այն ժամկետը, որի ընթացքում պաշտպանական կողմը կարող էր միջնորդություններ ներկայացնել։ Մինչ պաշտպանական կողմը քրեական գործը կարճելու միջնորդություն է ներկայացրել, պարզվել է, որ դատաքննությունը սկսելու մասին որոշումն արդեն կայացված է։
«13 հատորներից բաղկացած քրեական գործի նյութերն իրենց բովանդակությամբ ամբողջությամբ հանրությանը հայտնի «7»-ի գործի կրկնությունն է։ Այնպես որ մենք արդար դատաքննության ակնկալիք չունենք», ասում է Լուսինե Սահակյանը,- Իսկ թե Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ինչ գործողություններ է կատարել՝ մեղադրանքում չկա։ Այդպես էլ իմ պաշտպանյալի մասով մեղադրանքը չի պարզաբանվել ու չի հստակեցվել»։
Փաստաբանը նաև կարծիք է հայտնել, որ ամեն դեպքում, դատարանի համար դժվար կլինի առաջադրված մեղադրանքով եւ ապացույցների լիակատար բացակայության պայմաններում Փաշինյանի նկատմամբ այնպիսի պատիժ սահմանել, որ համաներումը չտարածվի, եւ նրան դատարանի դահլիճից ազատ չարձակեն:
«Հակառակը կնշանակի մարդուն իր հայացքների ու համոզմունքների համար պատանդ պահել», համոզված է փաստաբանը։
«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով' «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով' «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:
Հիշյալ հոդվածներով սահմանված ամենախիստ պատիժը 10 տարվա ազատազրկումն է:
2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, այս տարվա հուլիսի 1-ին կամավոր ներկայացել էր իրավապահ մարմիններին և դատարանը վերահաստատել էր նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008-ի փետրվարի որոշումը:
Ժաննա Ալեքսանյան
Հոկտեմբերի 19-ին Փաշինյանը ուղերձ է հղել ժողովրդին։ Այն հասանելի է հետեւյալ հասցեով՝
www.lragir.am/armsrc/country29881.html
