ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սպանել են հեղինակավոր իրավապաշտպանին

Այսօր Մոսկվայի Նովոլուշկինսկի պուրակում Ռուսաստանցի իրավապաշտպանները կանցկացնեն բողոքի ակցիա նվիրված «Мемориал» իրավապաշտպան կենտրոնի Չեչնյայի գրասենյակի աշխատակից Նատալիա Էստեմիրովայի հիշատակին։ Ճանաչված իրավապաշտպանին առևանգել էին չորեքշաբթի վաղ առավոտյան Գռոզնի քաղաքում, իսկ արդեն կեսօրից հետո Նատալիա Էստեմիրովայի դին հայտնաբերվել է Ինգուշեթիայի Նազրանի շրջանի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհից 100 մետր հեռավորության վրա՝ գլխի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներով: Երկու ականատեսներ պատմել են, թե ինչպես են ստիպել Էստեմիրովային նստել «ժիգուլի» ավտոմեքենա և լսել են, թե ինչպես էր օգնություն կանչում։
Ռուսաստանում հերթական իրավապաշտպանի սպանության մասին իր խոսքն է ասել «Мемориал» իրավապաշտպանական կենտրոնի նախագահ Օլեգ Օրլովը, ով կատարված հանցագործության մեջ ուղղակիորեն մեղադրել է Չեչնյայի հանրապետության նախագահին:
«Նրա անունը Ռամզան Կադիրով է, նա Չեչնիայի Հանրապետության նախագահն է: Ռամզանն արդեն սպառնացել և վիրավորել էր Նատալիային' նրան համարելով իր անձնական թշնամին: Մենք չգիտենք, արդյոք նա անձամբ է սպանության հրամանը տվել, թե դա արել են նրա կողմնակիցները, որպեսզի բավարարեն պետին: Իսկ նախագահ Մեդվեդևին, հավանաբար, ձեռք է տալիս մարդասպանը, ով աշխատում է որպես ՌԴ սուբյեկտներից մեկի ղեկավար»:
«Мемориал» իրավապաշտպանական կենտրոնի կայքում տեղադրված է Նատալիայի խոսքից մի մեջբերում, թե ինչպես է Կադիրովը սպառնացել նրան. «Այո, իմ ձեռքերն ամբողջովին արյունոտված են: Ես չեմ ամաչում դրանից: Ես սպանել եմ և շարունակելու եմ սպանել վատ մարդկանց: Մենք պայքարում ենք հանրապետության թշնամիների դեմ»:
«Мемориал» իրավապաշտպանական կենտրոնի հայտարարության մեջ ասված է.«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք։ Ռուսաստանում պետական տեռոր է իրականացվում: Սպանում են նրանց, ովքեր փորձում են ճշմարտությունն ասել ու քննադատել իշխանություններին: Ռամզան Կադիրովը Չեչնիայի Հանրապետությունում անհնար է դարձրել իրավապաշտպանների աշխատանքը: Նրանք, ովքեր սպանել են Նատաշա Էստեմիրովային, ցանկացել են դադարեցնել Չեչնիայից ճշմարտացի տեղեկատվության հոսքը: Հնարավոր է, դա նրանց հաջողվել է»։
Նատալիա Էստեմիրովայի սպանության կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարականներ է տվել իրավապահներին ձեռնարկել բոլոր միջոցները սպանությունը բացահայտելու համար։
Սպիտակ տունը դատապարտել է ռուս իրավապաշտպանի սպանությունը և կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Յան Քելլին հայտարարել է , որ Միացյալ Նայհանգները խորապես վշտացած են Նատալիա Էստեմիրովայի սպանության կապակցությամբ։ «Նա նվիրված էր իր գործին՝ մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը, մասնավորապես Չեչնյայում, նա բազմաթիվ միջազգային պարգևներ է ստացել իր խիզախ աշխատանքի համար», ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Հեղինակավոր Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անցկացնել անկախ և թափանցիկ հետաքննություն Նատալիա Էստիմիրովայի սպանության հանգամանքները բացահայտելու համար։
«Տպավորություն է, որ բացվել է որսի սեզոն բոլոր նրանց համար, ովքեր փորձում են լույս սփռել Չեչնյայում տեղի ունեցող մարդու իրավունքների ահավոր խախտումների վրա։ Այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի Ռուսաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի կանգնեցնելու այդ սպանությունները և պատասխանատվության ենթարկի մեղավորներին», հայտարարել է կազմակերպության տնօրեն Քեննեթ Ռոսը։
Human Rights Watch-ի հայտարարության մեջ ևս մեկ կոչ կա ուղղված Ռուսաստանի իշխանություններին։ Այն է՝ հետաքննության ընթացքի մասին տեղեկացնել միջազգային գործընկերներին։ «Էստեմիրովան ամբողջ կյանքում պայքարել է արդարության համար և նրա հիշատակը հարգելու լավագույն միջոցը կլինի մարդասպանին գտնելն ու դատարանին հանձնելը։ Չպետք է թույլ տալ, որ մարդասպաններն անպատիժ մնան, դա կօգնի կանգնեցնել բռնությունների արատավոր շրջանը և անպատժելիությունը Չեչնյայում։ Նատալիան Human Rights Watch-ի մտերիմ ըմկերն էր և նրա աշխատանքը ոգևորում էր մեզ բոլորիս։ Նրա մահը ահավոր կորուստ է մեզ համար", ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։.
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստացված բազմաթիվ միջազգային պարգևներից մեկը Նատալիա Էստեմիրովային շնորհվել էր Human Rights Watch-ի կողմից 2007թ-ին՝ «"Human Rights Watch Defender Award" ։ Լրագրող և իրավապաշտպան Նատալիա Էստեմիրովան առաջինն էր, ում 2007-ին շնորհվել է Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակ։
Ժաննա Ալեքսանյան
Լուսանկարը Human Rights Watch կայքից։
