ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրությունների օրը թեժ գծի աշխատանքների ամփոփում

Ընտրությունների օրվա ընթացքում թեժ գծի 080080804 համարին ստացվել է 114 հեռախոսազանգ, որից.
- Տրվել է խորհրդատվություն - 35 անգամ
- Արագ արձագանքման մեքենաների հետ կապ է հաստատվել 74 անգամ։
Դրանցից 40 դեպքում թեժ գծի բողոքների հիման վրա մեքենաներ են ուղարկվել տեղամասեր, 34 դեպքերում ահազանգերը արձանագրվել են անմիջապես մեքենաների կողմից։
Բողոքները վերաբերում էին.
- Ընտրատարածքներում կուտակումներ
- Կրկնակի քվեարկություն
- Քվեախցերի սխալ տեղադրում
- Բռնություններ վստահված անձանց, դիտորդների և լրագրողների նկատմամբ
- Լցոնումներ
- Բաց քվեարկություն
- Օտար անձանց կողմից տեղամասերում աշխատանքի ուղղորդում
Արագ արձագանքման մեքենաները շտաբի հետ գտնվել են մշտական կապի մեջ։ Շտաբից 240 անգամ կապ է հաստատվել մեքենաների հետ, այդ թվում ինչպես տեղամասեր ուղարկելու այնպես էլ ընթացիկ իրավիճակին ծանոթանալու նպատակով։
Արագ արձագանքման մեքենաները աշխատել են 8.30-ից մինչև 20։00։
Թեժ գծին զանգերը դադարել են ժամը 23։30-ի սահմաններում։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ
Ահազանգերի բաշխվածությունն ըստ խնդիրների
Առավոտյան ահազանգերը հիմնականում վերաբերում էին կուտակումներին, մեքենաներով մարդկանց բերելուն։ Օրինակ Շենգավիթ համայնքում, #97 դպրոցում /11/31, 11/32 տեղամաս/ մեքենաներով մեծ քանակությամբ մարդկանց են բերել, որոնք միաժամանակ մուտք են գործել ընտրատեղամաս։ 11/20, 11/21 տեղամասերում եղել են օրենքով սահմանված թույլատրելի 15-ից հոգուց ավելի մարդ։ Նմանատիպ խնդիր նկատվել է նաև 9/01, 9/02, 9/03, 9/04, 9/05, 12/21, 12/10, 12/13, 10/20, 11/27, 11/28 տեղամասերում։
12/21 տեղամասում արագ արձագանքման խմբի հայտնվելուն պես մարդիկ ցրվել են։
Ահազանգ էր ստացվել, այն մասին, որ 11/30 տեղամասում ընտրակաշառք են բաժանում։ Նմանատիպ զանգ ստացվել է նաև 4/10, 11/27, 11/28 ընտրատարածքների վերաբերյալ։
7/11 տեղամասում ՀԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ եղել են կրկնակի քվեարկության և լցոնումների դեպքեր։ Սա հաստատել է նաև Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչը։
5/10, 5/15 տեղամասերը փակելուց հետո եղել են լցոնման դեպքեր։ 8/18 տեղամասում ժամը 7։40 մի քաղաքացի ցանկացել է քվեարկել, սակայն ՀԱԿ-ի ներկայացուցիչը թույլ չի տվել։ Ժամը 8։00-ին քվեարկելուց հետո նույն քաղաքացին նորից եկել է քվեարկելու ժամը 10։30, ՀԱԿ-ի ներկայացուցիչը ճանաչել է նրան և թույլ չի տվել մասնակցել քվեարկությանը։ Սակայն հանձնաժողովի նախագահը պնդել է, որ դա նույն անձը չէ, ցուցակում փնտրելուց հետո նրա անունը ընդհանրապես չեն գտել։
8/31 տեղամասում նույն անձը քվեարկել է 7 անգամ։ 11/19, 9/28 տեղամասերում ընտրողի փոխարեն արդեն ստորագրված է եղել։
Ժամը 21։ 30 ահազանգ ստացվեց ընտրող Ալինա Խառատյանից, ով պատմեց այն մասին, որ նա գնացել է 9/03 տեղամաս 19:30 եւ հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ստորագրել են, դիմել է հանձնաժողովի նախագահ Կարեն Հովհաննիսյանին, նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմելուց, ձգձգել է մինչեւ ընտրությունների ավարտը, սպառնացել ընտրողին, որ իր դեմ արձանագրություն կկազմվի, որ ընտրությունը ինքն է կատարել եւ ինքն է ստորագրել։ Ընտրողը դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանությունը չի ընդունել բողոքը։ Այս հարցը լուսաբանվել է «Ժամանակ» թերթի լրագրողի կողմից, որը ներկա է գտնվել այս միջադեպին։
4/28 ընտրատարածքում հանձնաժողովի անդամը և վստահված անձը վիճաբանել են, ինչից հետո վստահված անձը լքել է ընտրատարածքը։
7/21 տեղամասում հանձնաժողովի 2 անդամ ՝ ՀՀԿ-ի ներակայացուցիչ, վիճաբանել են ՀԱԿ-ի վստահված անձի հետ: Արձանագրություն է կազմվել, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը խոչընդոտում է գործընթացին եւ կանչվել է ոստիկանություն: ՀԱԿ-ի վստահված անձը հրաժարվել է ենթարկվել և հայտնել է, որ տեղամասից դուրս կգա միայն իրեն ձերբակալելու դեպքում: Ավելի ուշ կանչվել են բարձրաստիճան ոստիկաններ, որոնք անցել են առանձին սենյակ վիճաբանողների հետ: Արագ արձագանքման խմբի անդամները պարզել են, որ վիճաբանության պատճառը եղել է այն, որ մեքենաներով մոտ 30 քվեարկողներ են բերվել տեղամաս, որոնք պարզվել է, որ այդ տեղամասի բնակիչներ չեն: Նույն ընտրատեղամասում քվեախցերը սխալ են դրված եղել, փաստացի եղել է բաց քվեարկություն, խմբի դիտողությունից հետո, դրանց դիրքը փոխվել է։ Քվեախցերը սխալ են դրված եղել մի շարք այլ տեղամասերում՝ 3/01, 10/31։
10/31 ընտրատեղամասում նույնպես հաջողվել է ուղղել քվեախցիկները։
Նկատվել են ընտրողներին ուղղորդման բազմաթիվ դեպքեր, երբ վստահված անձինք, հանձնաժողովի անդամը ընտրողին ուղղորդել են ընտրել այս կամ այն թեկնածուին։ Օրինակ 10/19, 10/20, 5/17, 8/18, 9/13 տեղամասում։
Նույն 5/17 տեղամասում ներկա են գտնվել Հանրապետական Կուսակցության 3 վստահված անձ, ինչը հակասում է օրենսդրությանը։
Բաց քվեարկության դեպքեր՝ 9/04, 9/05 տեղամասերում։ 3/04 տեղամասում հանձնաժողովի նախագահը մի քանի անգամ քվեախուց է մտել ընտրողների հետ։
Բռնության դեպք գրանցվել է 9/01 տեղամասում։ Ըստ ահազանգի բռնություն է գործադրվել «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ» թերթերի լրագրողների՝ Գոհար Վեզիրյանի, Տաթև Մեսրոպյանի և Մարինե Խառատյանի նկատմամբ։
11/04 տեղամասում ըստ ահազանգի հարձակում է եղել հանձնաժողովի նախագահի վրա, սակայն վերջինս հրաժարվել է բացատրություն տալ։
8/18 տեղամաս մտել են մի խումբ, մոտ 30 երիտասարդ, «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը նկատել է, որ նրանք ցանկանում են լցոնում կատարել, սկսել է նկարահանել։ Երիտասարդները մոտեցել են նրան, խլել խցիկը և սպառնացել։ Լրագրողը լքել է ընտրատեղամասը։ Ավելի ուշ տեղամաս են եկել երկրապահ կամավորական միության անդամներից և ստիպել են երիտասարդներին լքել տարածքը։
8/24 տեղամասում ժամը 18։00-ին 15 տղամարդ մտել է տեղամաս, կանգնել են հանձնաժողովի դիմաց, հանել են քվեաթերթիկները և լցրել քվեատուփի մեջ։ ՀԱԿ-ի վստահված անձը փորձել է փակել քվեատուփը, նրա ձեռքը վնասել են։ Հանձնաժողովի նախագահն այդ պահին տեղում չի եղել ու երբ նրան դիմել են արձանագրություն ստորագրելու համար, նա մերժել է՝ ասելով, որ ականատես չի եղել։
Եղել է մոտ 6 զանգ է եղել այն մասին, թե ով կարող է մնալ ընտրատեղամասում այն փակվելուց հետո։ Ա1-պլյուս լրագրողին թույլ չեն տվել ներկա գտնվել քվեաթերթիկների հաշվարկման գործընթացին։
5/10, 5/9, 5/27 ընտրատեղամասում մի խումբ անձինք մուտք են գործել ընտրատեղամաս, այն փակելուց հետո։
Այսպիսով, 7 ահազանգ է ստացվել կուտակումների վերաբերյալ, 5-ական զանգ ընտրակաշառքների և մեքենաներով մարդկանց բերելու, 3 զանգ կրկնակի քվեարկության, քվեախցերի սխալ տեղադրում՝ 3 զանգ, 6 զանգ ընտրատեղամասերը փակելուց հետո անձանց մուտքուելքի վերաբերյալ, 4 զանգ դիտորդների, վստահված անձանց նկատմամբ ճնշում գործադրելու մասին։
Իրավաբանական հարցերը հիմնականում վերաբերվել են՝
- Ի՞նչ փաստաթղթով կարելի է մասնակցել ընտրությանը, արդյոք կարելի՞ է ներկայացնել անձնագրի պատճենը -5 զանգ,
- Ո՞վ կարող է մասնակցել քվեարկությանը, արդյոք զինծառայողը իրավունք ունի մասնակցել ընտրություններին- 2 զանգ,
- Ընտրողի անունը նշված չէ ընտրացուցակում, ի՞նչ անել-2 զանգ
- Ե՞րբ և ո՞վ կարող է քաղաքացու հետ մտնել քվեախուց- 3 զանգ
- Ավագանու թեկնածուն արդյոք կարո՞ղ է լինել վստահված անձ, դիտորդ-2 զանգ
Ահազանգերի բաշխվածությունն ըստ համայնքների
Զանգերի մեծամասնությունը գրանցվել է Շենգավիթ համայնքից՝ մոտ 24 զանգ։ 14 զանգ ստացվել է Կենտրոն համայնքից, 7-ական զանգ Դավթաշեն և Հարավ-Արևմտյան համայնքից, Արաբկիր և Աջափնյակ համայքներից գրանցվել է 4-ական զանգ, Նոր Նորքից և Քանաքեռ-Զեյթունից 2-ական զանգ, Ավան համայնքից 1 զանգ։
