Հայտարարություն ընտրությունների առաջին փուլի արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Մենք` ներքոստորագրյալ կազմակերպությունների
ներկայացուցիչներս, անդրադառնալով Հայաստանում նախագահական ընտրությունների առաջին
փուլին եւ համոզված լինելով, որ այժմյան Հայաստանում հնարավոր է կազմակերպել եւ
անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, արձանագրում ենք.

  1. Պետական եւ իշխանության հսկողության տակ գտնվող
    ԶԼՄ-ները, մասնավորապես հեռուստակայանները, թեկնածուների համար հավասար պայմաններ
    չապահովեցին` միակողմանի քարոզչություն ծավալելով նախագահի թեկնածու՝ գործող
    նախագահի օգտին:
  2. Իշխանությունները գործի դրեցին պետական վարչական
    ռեսուրսները` հօգուտ նախագահի թեկնածու` գործող նախագահի,  ճնշում գործադրելով
    հաստատությունների ղեկավարների եւ նրանց ենթակաների ու շահառունների վրա:
  3. Ողջ նախընտրական փուլը ընթացավ ճնշումների,
    սպառնալիքների — բռնությունների գործադրմամբ:
  4. Ընտրությունների օրը տեղական եւ միջազգային դիտորդների
    կողմից արձանագրվեցին բազմաթիվ օրինախախտումներ, ընտրակեղծիքներ, որոնք
    կատարվեցին կա'մ իշխանական զանազան օղակների անմիջական հանձնարարությամբ, կա'մ 
    թողտվությամբ:
  5. Ընտրությունների ընթացքի ամփոփման փուլում ոչ թափանցիկ
    գործընթացը կասկածի տակ է դնում ընտրությունների վերջնական արդյունքները:
  6. Փետրվարի 21-ից խաղաղ ցուցարարների ձերբակալումները եւ
    վարչական կալանքի ենթարկելը հակասում է  ՀՀ Սահմանադրությանը:
  7. ԶԼՄ-ներով, առաջին հերթին հեռուստաալիքներով
    միակողմանի ներկայացվող տեղեկատվությունը, հնչող  հայատարարությունների սպառնալից
    ուղղվածությունը էլ ավելի են սրում վերը նշված հանգամանքների հետեւանքով ստեղծված
    լարված իրադրությունը: 

Ելնելով վերոհիշյալից.

  1. Դիմում ենք ՀՀ իշխանություններին` պահանջելով ազատ
    արձակել վարչական կալանքի ենթարկված խաղաղ ցուցարարներին:
  2. Դիմում ենք ՀՀ դատախազությանը` պահանջելով հնարավորինս
    արագ հետաքննել ընտրությունների ընթացքում տեղական եւ միջազգային դիտորդների
    կողմից արձանագրված եւ մամուլում հրապարակված փաստերը եւ նախնական արդյունքները
    հրապարակել մինչեւ երկրորդ փուլի քվեարկությունն սկսվելը: Դա կարող է կանխարգելել
    հետագա իրավախախտումները:
  3. Դիմում ենք ՀՀ ոստիկանության ծառայությանը` պահանջելով
    մինչեւ ընտրությունների երկրորդ փուլը հանրությանը ներկայացնել ընտրությունների
    եւ ձայների հաշվման ընթացքում օրինախախտումների կանխարգելմանն ուղղված
    միջոցառումների ցանկը:
  4. Դատապարտում ենք հանրությանը ահաբեկող
    հայտարարությունները, եւ
  5. Կոչ ենք անում հանրությանը ակտիվորեն մասնակցել
    ընտրություններին, ինչը ընտրակեղծիքների կանխման գլխավոր երաշխիքներից մեկն է:

Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ

Քաղաքացիական հասարակության զարգացման միություն ՀԿ

Խոսքի ազատության աջակցության հիմնադրամ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» միության
Հետաքննող լրագրողների ընկերակցության ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Կոչ ենք անում ՀԿ-ներին միանալ

Քաղաքացիական հասարակության զարգացման միություն

375033 Երեւան,

Փափազյան 15, բն.46

հեռ./ֆաքս 3741-223440

ձեռքի հեռ. 3749-403609



csdu@csdu.am

www.csdu.am