ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պրոբացիայի ներդրումը կնվազեցնի կրկնահանցագործությունը, կբեռնաթափի ՔԿՀ–ները
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հարցազրույցը «Փաստինֆո»-ի հետ, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկների խնդիրներին։
Նոր նախարարի նշանակումից հետո ի՞նչ է արվում քրեակատարողական հիմնարկների հիմնական խնդիրը՝ գերբնակեցվածության հարցը լուծելու համար։
Նշանակվելուց անմիջապես հետո արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այցեր կատարեց քրեակատարողական հիմնարկներ՝ գնահատելու քրեակատարողական հիմնարկների աշխատանքը, աշխատանքային և դատապարտյալներին պահելու պայմանները:
Իհարկե, քրեակատարողական հաստատություններում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Քրեակատարողական հաստատությունների շենքերը կառուցվել են խորհրդային տարիներին, բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Բացի դրանից, շենքերը նախագծվել և կառուցվել են խորհրդային օրենսդրությանը և ստանդարտներին համապատասխան:
Ներկայում Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ունի բազմաթիվ պարտավորություններ՝ մարդու իրավունքների ապահովման բնագավառում և այդ թվում՝ քրեակատարողական հաստատություններում պահվող անձանց համար պատշաճ պայմաններ ապահովելու և այնտեղ պահվող անձանց իրավունքները երաշխավորելու համար:
Խնդիրը բավականաչափ բարդ է, քանի որ քրեակատարողական հաստատությունների ժամանակակից արդիական պայմաններին համապատասխանելցնելը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը ձեռնամուխ է եղել պետական բյուջեի միջոցների հաշվին նոր քրեակատարողական հաստատություն կառուցելու ծրագրին: 2014թ. մենք պլանավորում ենք «Արմավիր» ՔԿՀ–ում տեղավորել շուրջ 400 դատապարտյալ, իսկ 2015թ. վերջին նախատեսում ենք ավարտել ծրագիրը, և մենք կունենանք 1200 անձի համար նախատեսված արդիական քրեակատարողական հիմնարկ Արմավիրում:
Բացի դրանից՝ ՀՀ Նախագահի կողմից հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2012-14թթ. ծրագրով նախատեսված պրոբացիայի ծրագրի ներդրումը և ազատազրկման հետ չկապված պատիժների համակարգի ընդլայնումը թույլ կտա լուծել ոչ միայն մարդու իրավունքների պահպանման, կրկնահանցագործության նվազեցման, այլև նաև քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման խնդիրը:
Քիչ չեն դեպքերը, երբ հանցագործությունները կատարվում են դատապարտյալների կողմից՝ պատիժը ՔԿՀ–ում կրելու ընթացքում՝ օգտագործելով բջջային հեռախոս, ինտերնետ... Ի՞նչ է ձեռնարկվում այս ուղղությամբ։
Արգելված առարկաների առկայությունը քրեակատաողական հիմնարկներում արդարադատության նախարարության և, մասնավորապես, քրեակատարողական վարչության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից է:
Քրեակատարողական հաստատություններում գործող անվտանգության համակարգի կարևորագույն գործառույթներից է կալանավորված և դատապարտված անձանց փոխանցվող հանձնուքների զննումը: Հաճախ հանձնուքների միջոցով հարազատները փորձում են դատապարտյալներին փոխանցել արգելված իրեր և առարկաներ:
Չէի ցանկանա Ձեր կողմից բարձրացված խնդիրները տարածել քրեակատարողական ամբողջ համակարգի վրա: Քրեակատարողական ծառայողների գերակշիռ մասը պատշաճ կատարում են իրենց պարտականությունները և բարեխիղճ են։ Չնայած դրան, առանձին դեպքերում քրեակատարողական օրենսդրության պահանջները խախտելու հիմքով, քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ ենթարկվել են «նկատողություն», «խիստ նկատողություն» և «աշխատանքից ազատում» կարգապահական տույժերի:
Մեր դիտարկմամբ՝ շատացել են նաև մահվան դեպքերը քրեակատարողական հիմնարկներում: Ձեր գնահատմամբ՝ բուժօգնությունն ու բուժվերահսկողությունը որքանո՞վ են պատշաճ հիմքերի վրա դրված քրեակատարողական հիմնարկներում, ի՞նչ է արվում՝ այս առումով վիճակը բարելավելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ քրեակատարողական հիմնարկները առողջության համար նպաստավոր վայրեր չեն: ԱՀԿ կատարած վերլուծության համաձայն՝ քրեակատարողական համակարգում պահվող անձանց առողջական վիճակը մի շարք չափանիշներով ավելի վատ է, քան ազատության մեջ գտնվող անձանց առողջությունը:
Մի շարք տարափոխիկ (վարակիչ) հիվանդությունների մասով քրեակատարողական հիմնարկներում առողջական ցուցանիշները ավելի վատն են, քան համայնքներում: Դրանք են հեպատիտները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզը: Հոգեկան առողջության հետ կապված խնդիրները նույնպես ավելի մեծ տարածում ունեն քրեակատարողական հիմնարկներում:
Դա ոչ միայն Հայաստանի, այլև՝ բոլոր Եվրոպական երկրների խնդիրն է: Դա կապված է թե՛ ազատազրկման պայմանների, թե բուժծառայությունների արդյունավետության հետ: Դատապարտյալների առողջական խնդիրները կապված են նաև իրենց իսկ վարքագծի հետ՝ անառողջ ապրելակերպ, շարժունակության նվազ մակարդակ, վարքագծային գործոնով պայմանավորված հիվանդություններ՝ծխախոտամոլության և այլն:
Բուժծառայության հետ կապված առկա են մի շարք խնդիրներ, որոնք լուծման գործընթացում են:
Հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր՝ «Փաստինֆո» կայքում։