ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռուբեն Մելիքյանը՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի խնդրահարույց դրույթների մասին. «Փաստինֆո»
Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ «Փաստինֆոյի» հարցազրույցը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի հետ, ով նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ է:
Պարո՛ն Մելիքյան, Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում են քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հանրային և մասնավոր մեղադրանքի տեսակներ: Սա թեև նորամուծություն է, բայց շատ է հիշեցնում խորհրդային շրջանում գործող հանրային մեղադրող և պետական մեղադրող հասկացությունները: Ի՞նչ է սա` նոր իրողությո՞ւն, թե՞ լավ մոռացված հինը:
Մասնավոր մեղադրանքի ինատիտուտը, որպես քրեական դատավարության նոր օրենսգրքում նոր իրավակարգավորում, որևէ առնչություն չունի նախկինում նույն անվամբ կամ մոտ անվամբ, հատկապես խորհրդային տարիներին առկա ինստիտուտի հետ, որովհետև այստեղ խոսքը վերաբերում է նրան, որ առհասարակ քրեական հետապնդումը դուրս է գալիս պետական մարմինների իրավասության ոլորտից և դառնում է մասնավոր սուբյեկտների խնդիր:
Երկու տարբեր տաբերակներ կան, որ պետությունը այստեղ միջամտի. առաջինը` ենթադրենք, մասնավոր մեղադրանքով, մասնավոր քրեական հետապնդման ենթակա քրեական հանցագործություն է կատարվել, ըստ տուժողի, բայց նա չգիտի, թե ով է հանցանք կատարած անձը: Նա կարող է միջնորդել, որպեսզի պետական մարմինները հայտնաբերեն այդ անձին: Խոսքը հատկապես վերաբերում է ոչ մեծ ծանրության մարմնական վնասված հասցնելու դեպքերին, և այստեղ պետության դերը ավարտվում է այդ անձին հայտնաբերելով: Այսինքն` անձը չգիտի, թե ում դեմ մասնավոր քրեական հայց հարուցի:
Եվ երկրորդ` այն դեպքն է, երբ ծառայողական, անձնական, կամ այլ կախվածության պատճառով հնարավոր չէ, որ տվալ անձը դիմի դատարան: Եվ այստեղ ևս պետությունը ներգրավվում է: Օրինակ` ընտանեկան բռնության հետ կապված դեպքերում, երբ մարմնական վնասվածք հասցնում է ընտանիքի անդամը, որից կա կախվածություն:
Այս երկու դեպքերից բացի, մյուս բոլոր դեպքերում պետության կողմից որևէ մասնակցություն լինել չի կարող: Սա որևէ առնչություն չունի խորհրդային տարիներին եղած ինստիտուտի հետ:
Այս ինստիտուտի նպատակը ողջամիտ չափերի մեջ մասնավոր էլեմենտ ներդնելն է քրեական դատավարությունում և պետությանը ձերբազատել մանր գործերով մասնակցություն ունենալուց, որպեսզի կենտրոնանա ավելի կարևոր գործերի վրա: Այսինքն` այս գործերով առհասարակ մինչդատական վարույթ չի իրականացվում, և շատ նման է, ըստ էության, քաղաքացիական դատավարությանը, երբ քրեական հայց է հարուցվում ենթադրյալ հանցանք կատարած անձի դեմ, և դատարանը 2 կողմերի մասնակցությամբ քննում և լուծում է քրեական հայցը: Սա է մասնավոր մեղադրանքը:
Նոր օրենսգիրքը նաև չի նախատեսում քրեական գործ հարուցելու ինստիտուտը: Ի՞նչ նոր ընթացակարգով է այն փոխարինվել, և, ընդհանրապես, կա՞ ինչ-որ նոր կարգ, որ պիտի փոխարինի գործող մեխանիզմին:
Այս հարցերը երևի ամենակարևորներից են նոր ՔԴՕ նախագծում, որովհետև մեր պատկերացմամբ այստեղ մենք լուրջ պարզեցում ենք մտցրել, որպեսզի մենք չունենանք առանձին, ըստ էության, նույն բանի մասին խոսող վարույթներ: Օրինակ` մենք միշտ ունենք քրեական գործի հարուցման վարույթ, և պետությունը մինչև 10 օր ժամանակ ունի պարզելու` հանցանք եղե՞լ է, թե՞ չի եղել: Հետո որոշում է կայացնում, ասում է` հանցանք եղել է, հետո սկսում է քննել այդ հանցանքը: Այստեղ հոգեբանական հարցեր են առաջանում, օրինակ` կարճելու հետ կապված:
Եթե դու որոշել ես, որ հանցանք է եղել, ապա շատ դժվար է պատկերացնել, որ հեշտությամբ կարելի է կարճել: Նոր մոդելով, որ հատկապես արևմտյան շատ երկրներում փորձարկված մոդել է, ոչ թե պետաիշխանական կամք դրսևորելու միջոցով է սկսվում վարույթը, այսինքն` որոշում չի կայացվում, այլ ընդամենը փաստ է արձանագրվում: Եթե անձը գնում է ոստիկանություն, անձը հաստատող փաստաթղթով, և հայտարարություն է տալիս, օրինակ, ասում է` իմ հարևանի տանը հայտնաբերվել է դիակ, կամ իմ հարևանի տանը երեկ կրակոցներ են հնչել, ես էլ առավոտյան արյուն եմ հայտնաբերել, կամ իմ տնից գողություն են արել և այլն, այդ դեպքում պետությունը պետք է ընդամենը փաստ արձանագրի, որ այս մարդն այսպիսի բան ասաց, և սկսի վարույթը: Այդ դեպքում պետությունն արդեն կախված չի լինի ինչ-որ որոշում կայացնելուց, որովհետև նա ընդամենը փաստ է արձանագրել, ընդ որում` կոնկրետ անձի բերած փաստը:
Այս դեպքում ապացույցների հարցն ինչպե՞ս է լինելու: Չէ՞ որ այսօր դատարանն ապացույց է համարում այն, ինչ ձեռք է բերվել քրեական գործ հարուցելու որոշման պահից սկսած: Եթե չկա նման որոշում, ի՞նչ կարգով են ապացույցները դիտարկվելու:
Վարույթն սկսելու պահից: Այսինքն` հայտարարությունը տրվեց, այդ պահին քննիչը պետք է կազմի վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, որովհետև վարույթն այստեղ սկսվում է փաստի արձանագրմամբ: Ընդամենը մենք փաստն ենք արձանագրում, որ ունենք հաղորդում` նոր կարգի պայմաններում, իսկ գործող կարգի պայմաններում որոշում էր կայացվում, որ առկա է հանցագործություն:
Այստեղ միջանկյալ վարույթի խնդիրն է առաջանում: Այ, տեսեք, օրինակ, միջանկյալ վարույթի ընթացքում նույն անձից բացատրությոն էր վերցվում, հետո քրեական գործ էր հարուցվում և արդեն ցուցմունք էր վերցվում: Կրկնաբանություն էր տեղի ունենում: Իսկ նոր պայմաններում հենց առաջին պահից կարող է ցուցմունք վերցվել: Եվ այստեղ մենք չենք ունենում իրավիճակ, երբ իրար շատ մոտ երևույթների միջև սկզբունքային տարբերություն ենք դնում: Պետության համար շատ ավելի հեշտ է լինում ապացույցներ հավաքելը, արհեստական ինչ-որ խոչընդոտներ չեն առաջանում` բացատրության ձևով և այլն, որոնք ապացույց չեն, այլ միանգամից ցուցմունք է վերցվում: Պետությունը կարողանում է օգտագործել այստեղ իր արսենալը: Սա այն միջոցն է, որով մենք ավելորդ ձևականություններից ուզում ենք խուսափել:
Այլ կերպ ասած` հենց առաջին պահից ձեռք բերված բոլոր նյութերը դատարանի կողմից ընդունվելու են որպես ապացույցնե՞ր:
Ձեռք բերված բոլոր նյութերն ապացույց են, եթե հակառակը չի հիմնավորվում:
Նոր օրենսգրքով մեղադրյալին արգելվում է նաև սուտ ցուցմունք տալ: Փաստաբաններն արդեն այս դրույթի դեմ իրենց կարծիքն արտահայտել են: Մտավախությո՞ւն չկա, որ դատարանում նախաքննական մարմնի ներկայացրած տեսակետից տարբերվող ցուցմունքը կարող է իբրև սուտ ցուցմունք դիտարկվել:
Այն, որ այս ինստիտուտը միանշանակ չի ընդունվել մեր պրակտիկայի կողմից, մենք տեղյակ ենք: Այն, որ այն ինքնին վիճահարուց է, մենք տեղյակ ենք: Այստեղ խնդիրն այլ է` ինչպե՞ս ենք մենք դնում մեր առաջնահերթությունները, որովհետև 2 տարբերակն էլ ունեն դրական և բացասական կողմեր: Մենք պետք է հասկանանք, թե որ նժարն է մեզ համար ավելի կարևոր: Այն մոտեցումը, որ մենք առաջ ենք քաշում 2 մեծ խնդիր է լուծում:
Առաջինը երկարաժամկետ խնդիր է լուծում, որ ամենակարևորն է, կամաց-կամաց իրավապահ ոլորտին, իրավաբանական հանրությանը, լայն հանրությանը սովորեցնել կամ հակել այն ընկալմանը, որ դատարանի առջև սուտ խոսել չի կարելի ոչ մեկին և ոչ մի պարագայում: Սա երկարաժամկետ խնդիր է, դատական իշխանության նկատմամբ վստահության հետ կապված խնդիր է: Այսօր մեղադրյալը երբ ուզի կարող է սուտ խոսել, ինչպես ուզի, կարող է ուղղորդել վարույթն իրականացնող մարմնին: Սա ինքնին լավ չէ: Նույն խնդիրն առկա է նաև վկաների դեպքում: Վկան կարող է սուտ ցումունք տալ, հաջորդ օրը գալ, ասել` կներեք, սուտ ցուցմունք եմ տվել, հիմա ճիշտը կտամ:
Բայց դրա հետ մեկտեղ կան նաև ավելի կոնկրետ խնդիրներ: Այդ կոնկրետ խնդիրները վերաբերում են հենց մեղադյալի շահերին: Որպեսզի մեղադրյալն իմանա, որ որևէ անկողմնակալ դիտորդ միայն այն պատճառով, որ ինքը կարող է սուտ ասել, իր ցուցմունքը սուտ չհամարի: Ցանկացածս, եթե դատում ենք 2 տարբեր իրարամերժ պնդումներ, և գիտենք, որ այդ պնդումները կատարողներից մեկը կարող է և սուտ ասել և իր համար դա որևէ պատասխանատվություն չի առաջացնի, զուտ հոգեբանորեն մեզ մոտ հակվածություն է առաջանում նրան չհավատալ, այլ հավատալ մյուսին:
Ինչ վերաբերում է վտանգներին, դրանք իսկապես կան, բայց դրանք կարող են չեզոքացվել պրոֆեսիոնալ փաստաբանական աշխատանքի շնորհիվ, դրանք կարող են չեզոքացվել դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման շնորհիվ:
Մի բան, որ շատ կարևոր է և պետք է հասկանանք` ճիշտ չէ այն մոտեցումը, որ եթե մեղադրյալը մի բան է ասում, իսկ դատարանը մեկ այլ բան է պարզում, ուրեմն մեղադրյալը կատարել է սուտ ցուցմունք տալը հանցանք, որովհետև քրեական դատավարությունում ապացուցման շեմը դա հիմնավոր կասկածից վերն է: Այսինքն պետք է հիմնավոր կասկածից վեր չափանիշով ապացուցվի, որ տվյալ անձը սուտ ցուցմունք է տվել: Այլ ոչ թե մենք ասում ենք` կա’մ մեկն է դատվում, կա’մ մյուսն է դատվում:
Այ, այսպիսի մոտեցումներ են շատ հաճախ լինում, որն ընդունելի չէ քրեական դատավարության տրամաբանության տեսակետից: Որովհետև երկուսի պարագայում էլ մենք կարող ենք շեմ չհաղթահարել, երկուսի դեպքում էլ կարող է հիմնավոր կասկած մնալ: Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ վտանգներ իսկապես կան, բայց դրանք հաղթահարելի են` մեկ, և երկրորդ` եթե նժարներն ենք դիտարկում, շատ ավելի քիչ ռիսկային են այս վտանգները, քան մյուսները, որ այսօր են առկա, որոնք հանգեցրել են և շարունակաբար են հանգեցնում իրավական ոլորտի նկատմամբ չդադարող անվստահության գործոնի: Նորից ասեմ` ցանկացած մարդ կարող է սուտ խոսել դատարանի առջև և դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։