ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խղճի և դավանանքի ազատություն. որոշ եզրեր «լղոզված են և անհեթեթ»
Հարցազրույց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ
Պարո՛ն Դանիելյան, վերջերս մի խումբ հասարակական կազմակերպություններ կարծիք էին հայտել, որ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը» չի արտացոլում Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը և պետք է բարեփոխվի։ Ձեր կարծիքով՝ ռազմավարությունը որքանո՞վ է ապահովում խղճի և դավանանքի ազատությունը:
Մարդու իրավունքների
պաշտպանության ռազմավարությունը պատրաստել է Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ):
Որոշ կազմակերպություններգրավոր առաջարկություններով են հանդես եկել՝
դրանք ուղարկելով ԱԱԽ: Բայց ԱԱԽ-ն անհասկանալի
պատճառներով չի արձագանքել նամակին, և այդ առաջարկությունները տեղ չեն գտել ռազմավարությունում: Սա ցույց է տալիս նրանց աշխատելաոճը, չնայած որ ԱԱԽ
ռազմավարության մեջ ասված է, որ նրանք պետք է ակտիվորեն համագործակցեն քաղաքացիական
հասարակության հետ:
Փաստաթուղթն ընդունվել
է, նախագահը ստորագրել է, բայց դա դոգմա չէ, կարող են լինել փոփոխություններ, և մենք
շարունակելու ենք առաջարկություններով հանդես գալ:
Ինչ վերաբերում
է խղճի ազատության բաժնին, ապա այդտեղ ձևակերպումները բավականին լղոզված են: Ինչ-որ
եզրեր են օգտագործված, որոնք չեն սահմանվում ո՛չ օրենքով, ո՛չ մի այլ պաշտոնական փաստաթղթով, ո՛չ էլ միջազգային որևէ փաստաթղթով: Մասնավորապես, «հոգևորսություն», «քայքայիչ աղանդ»
և այլն:
Օրինակ, ռազմավարության
մեջ կիրառվում է «պատշաճ հոգևորսություն» տերմինը, որն անհեթեթություն է: Գոյություն
ունի միջազգային տերմին` պրոզելիտիզմ (proselytism), դավանափոխություն, որը խղճի ազատության
դրսևորումներից մեկն է. ամեն ոք կարող է փոխել իր դավանանքը, ինչպես ցանկանա:
Սակայն գոյություն
ունի ոչ պատշաճ դավանափոխություն հասկացությունը: Ըստ այդմ՝ եթե մեկի կամքի վրա այս կամ այն կերպ բռնանալով կամ
խաբելով ստիպում են փոխել կրոնը, ապա դա հանցագործություն է և պետք է պատժվի:
Այս առումով օրենքում
(«Խղճի և կրոնական ազատությունների մասին») ընդունվել է «հոգևորսություն» ոչ իրավական
տերմինը, որն անհասկանալի է, թե ինչ է նշանակում: Այդ բառը անգլերեն «պրոզելիտիզմ»
են թարգմանել, որի հետևանքով Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն առաջարկել են տարբերակում
դնել՝ պատշաճ և ոչ պատշաճ պրոզելիտիզմների միջև: Հայերեն թարգմանելուց դարձել է պատշաճ
և ոչ պատշաճ հոգևորսություն: Սխալ տերմինը և նրա սխալ թարգմանությունները բերել են
անհեթեթ հասկացության, որը տեղ է գտել ռազմավարության մեջ:
Կարևոր է, որ
եզրերը հստակ սահմանվեն: Քանի որ սխալ սահմանումով ստանում ենք կյանքում դրանց կամայական
կիրառում և կամայական լուսաբանում:
Մարդու իրավունքներին
վերաբերող ցանկացած եզր պետք է ճիշտ սահմանվի, ճիշտ բացատրվի, որպեսզի ճիշտ կիրառվի կյանքում:
Ռազմավարության մեջ տերմինները հստակեցնելու վերաբերյալ որևէ
քայլ ձեռնարկվե՞լ է ձեր կազմակերպության կողմից։
Անցած տարվա գարնանը,
երբ Արթուր Բաղդասարյանը այս ռազմավարության նախագիծը ներկայացնելուց խոսել է քայքայիչ
աղանդների դեմ ազգային ռազմավարություն մշակելու
անհրաժեշտության մասին, Հայաստանի մի խումբ կրոնական կազմակերպություններ, որոնք
գրանցված են, առանձին նամակներով դիմել են Արթուր Բաղդասարյանին՝ ճշտելու արդյո՞ք իրենք
քայքայիչ աղանդ են, իրենց դեմ պայքարելո՞ւ են, թե ոչ: Պատասխանել էին, որ աղանդները
ավանդույթները, ազգային յուրահատկության համակարգը խարխլողներն են և դրանց դեմ պետք
է պայքարել:
Հաջորդ նամակով
պահանջվել է հստակեցնել, թե որ օրենքների հիման վրա են տրված այդ սահմանումները և որտեղ է
կարելի գտնել ազգային առանձնահատկությունների այդ ցուցակը: Այս անգամ պատասխանել էին, որ ռազմավարությունը դեռ մշակման
փուլում է, և այդ տերմինների սահմանումները դեռևս չունեն: Հարց է առաջանում՝ եթե ԱԱԽ
նախագահը, որը Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթ է պատրաստում և հետո
մոնիթորինգներ է անելու, որևէ գաղափար չունի իր արտահայտած տերմինների մասին, ապա այդ
մարդն ինչպե՞ս է պաշտպանելու մարդու իրավունքները Հայաստանում և կյանքի կոչելու այդ
ռազմավարությունը:
Անցած տարի հրապարակվեց «Կրոնական-կրթական խնդիրները ՀՀ հանրակրթական
դպրոցներում» ուսումնասիրությունը: Աշխատությունը ամփոփելով՝ ինչպիսի՞ն է խղճի ազատության
առումով իրավիճակը հանրակրթական համակարգում:
Մարդու իրավունքների
ռազմավարությունում մի շատ կարևոր կետ կա: Այն է, որ դպրոցներում կրոնի ուսուցումը
պետք է կատարվի Թոլեդոյի ուղեցուցային սկզբունքներին համապատասխան: Դա մի փաստաթուղթ
է, որ մշակել են ԵԱՀԿ փորձագետները, որտեղ ռեկոմենդացիաներ են արվում անդամ պետություններին,
թե ինչպիսին պետք է լինի կրոնի ուսուցումը իրենց երկրներում: Շատ կարևոր փաստաթուղթ
է: Այդպիսով լավ գործիք ենք ունենում խղճի ազատությունը դպրոցներում ապահովելու համար:
Իսկ ընդհանուր
առմամբ, ունենք կրթության նախարար, որը կոչ է անում պայքարել քայքայիչ աղանդների դեմ՝ դրա տակ, փաստորեն, հասկանալով բոլոր կրոնական կազմակերպություններին: Ուսուցիչներն ու
տնօրենները, դա հասկանալով որպես հանձնարարական, տեղերում սկսում են պայքարել աշակերտների
դեմ, որոնք այլ կրոնների ներկայացուցիչներ են:
Որպեսզի մերկապարանոց
չհնչեր մեր այդ հայտարարությունը, մոտ հարյուրի չափ հարցազրույցներ ենք վերցրել, այդ
թվում նաև՝ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ղեկավարի հետ, ով պատասխանատու է դպրոցներում
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման, ուսուցիչների ընտրման և վերապատրաստման
համար: Հարցազրույցներ են անցկացվել նաև մարզերի կրթության բաժինների աշխատակիցների,
դպրոցների տնօրենների, ուսուցիչների, ծնողների և երեխաների հետ: Զրույցներ ենք ունեցել նաև հոգևորականների հետ, ովքեր, ինչպես պարզվեց,
հետևում են դպրոցներին և ունեն որոշակի պարտավորություններ, որոնք տրված չեն օրենքով,
քանի որ «Կրթության մասին» օրենքում ասված է, որ կրթությունը Հայաստանում աշխարհիկ
է:
Իրավունքների խախտման ի՞նչ դեպքեր եք արձանագրել։
Կան դեպքեր, որ
ուսուցիչները աշակերտներին ամոթանք են տալիս դասարանում, կան դեպքեր, երբ դրանից հետո երեխաներին իրենց հասակակիցները ծեծել են, ծաղրել, քանի որ նրանց ծնողները այլ դավանանքի հետևորդներ
են: Այս ամենն ամփոփված է ուսումնասիրությունում:
Վերջում նաև առաջարկություններ
ենք ներկայացրել համապատասխան պաշտոնյաներին, թե ինչ անեն, որ շտկվի իրավիճակը:
Առաջարկել էիք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դարձնել կամընտրական, վերանվանել «Կրոնների
պատմություն» կամ վերանայել դասագրքի բովանդակությունը: Արձագանքներ եղե՞լ են իրավասու պետական մարմինների կողմից։
Մեր առաջնային
նպատակն է եղել ներկայացնել իրավիճակը: Որևէ արձագանք ԿԳՆ-ից, ԱԱԽ-ից չկա: Ամեն ինչ
նույն ձևով շարունակվում է: Ավելին, ունենք հիմքեր ասելու, որ իրավիճակը գնալով ավելի
է վատանում: Դրանից ելնելով էլ ռազմավարության
քննարկման ժամանակ առաջարկեցի վարչապետին, նախարարներին, ԱԱԽ աշխատակիցներին ճանաչել
որպես թիրախային խումբ և նրանց համար թրեյնինգներ կազմակերպել, որպեսզի նրանք մարդու
իրավունքների հարցերում լինեն ավելի պատրաստված և իրազեկված:
Խնդիրը ուսումնական ծրագի՞րն է, դասավանդման մեթո՞դը, թե՞ դասագիրքը:
Ձեր թվարկած բոլոր
ուղղություններում էլ կան խնդիրներ: Օրինակ, 10-րդ դասարանի դասագրքում պատմության որևէ նշույլ չեք գտնի. կրոնի
և ազգի նույնականացում է: Ես ինձ իրավունք կվերապահեմ ասել, որ այն ամբողջովին զառանցանք
է հիշեցնում:
Մեթոդաբանությունը,
որով աշակերտներին սովորեցնում են, նույնպես կասկածներ են հարուցում, քանի որ երեխաներին
ստիպում են կրոնական ծիսակատարություններ կատարել, հարցում է կատարվում նրանց կրոնական
պատկանելության մասին: Ըստ էության՝ դա պրոբլեմատիկ
առարկա է:
Խնդիրը համատարա՞ծ է բոլոր դպրոցներում:
Կարելի է ասել՝ այո, ամեն տեղ
նկատվել է: Չէի ասի, թե ուսուցիչները իրենք գիտեն, թե ինչ են անում: Հատկապես մարզերում
ուսուցիչները հիմնականում շատ լավ մարդիկ են: Որպես մարդ իրենց հետ խնդիր չկա: Իրենք
պարզապես համոզված են, որ հայրենասիրական գործ են անում, երբ հալածում են կամ համոզում
կրոնափոխ լինել:
Իրականում մենք
նաև մանկապարտեզներում դեպքեր ունենք, երբ հանդեսներին աղոթում են, կրոնական երգեր
երգում: Դեպքերը համատարած բնույթ են կրում: Սա չպետք է հասկանալ միայն կրոնական փոքրամասնությունների
իրավունքների խախտում: Կան մարդիկ, որոնք աթեիստ են, ագնոստիկ են: Իմ կարծիքով՝ Հայաստանի
բնակչության ճնշող մեծամասնությունն իրականում ագնոստիկ է, սակայն դա այլ քննարկման
թեմա է: Այս մարդկանց իրավունքներն էլ են խախտվում:
Ո՞րն է ստեղծված իրավիճակի պատճառը: Գուցե օրենսդրական բարեփոխումների
կարի՞ք կա:
Օրենքներ կան,
թեկուզ այն, որ կրթությունը Հայաստանում աշխարհիկ է, բայց դրանք չեն գործում: Գնում է սերտաճում վարչապետի,
կրթության նախարարի, Արարատյան հայրապետական
թեմի և կաթողիկոսի միջև: Մենք տեսնում ենք, որ այդ սերտաճումը բերում է նման հետևանքների:
Հայաստանում իշխանություն ունեցող մարդկանց անհատական հարաբերությունների հետևանքով
կարգավորվում է ոլորտը, դա օրենքներով չի կատարվում: Արդեն ունենք դեպքեր, երբ եկեղեցին
մուտք է գործում գիտության ոլորտ, թեզերի պաշտպանության ժամանակ դրական կամ բացասական
կարծիք է հայտնում։ Դա հիմնականում վերաբերում է պատմության, սոցիոլոգիայի, մանկավարժության
ոլորտներին: Շատ դեպքեր կան, որ եկեղեցու վատ կարծիքի դեպքում թեզը չի պաշտպանվում
կամ լավ կարծիքի դեպքում վատ թեզ է պաշտպանվում: Այստեղ դեռ զարգացումներ կլինեն:
Ամփոփելով՝ ինչի՞ կարիք ունենք խղճի և դավանանքի ազատության
իրավունքի ոլորտում:
Նախ, որ օրենքները
գործեն, ապա՝ մտածողությունը փոփոխվի:
Հարցազրույցը՝
Հայկուհի Բարսեղյանի