Պրոբացիայի ծառայության վերաբերյալ աշխատաժողով դատավորների, դատախազների և ԱՆ ներկայացուցիչների համար

Հունիսի 10-11-ը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Պրոբացիայի պետական ծառայության առանձնահատկությունները» թեմայով աշխատաժողով, որին հրավիրված էին ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, դատավորներ, դատախազներ, Պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցներ:

Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ բոլոր կողմերին օրենքով Պրոբացիայի պետական ծառայության վրա դրված գործառույթները, Ծառայության առանձնահատկություններն ու խնդիրները ներկայացնելը:

Աշխատաժողովի ընթացքում ՔՀԻ-ը ներկայացրեց Հայաստանում պրոբացիայի և վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրման ուղղությամբ իր ձեռնարկած քայլերը և Պրոբացիայի ծառայության կայացման գործում իր իրականացրած ծրագրերը, ցուցադրվեց ՔՀԻ աջակցությամբ նկարահանված Պրոբացիայի ծառայության հիմնական գործառույթների մասին պատմող ֆիլմը:

Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր օրենքի վիճահարույց դրույթների և ձևավորված պրակտիկայի քննարկմանը: Մասնավորապես քննարկվեցին

  • տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու և դրա հետ կապված օրենսդրական խնդիրները,
  • պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական որոշումների առանձնահատկությունները և կիրառությունը,
  • մեղադրական դատավճռի վաղեմության կիրառումը և իրավասու մարմինների հստակեցումը,
  • դատապարտյալի ծանր հիվանդության դեպքում պատժի հետաձգման հետ կապված իրավական խնդիրները, նման դատապարտյալի կարգավիճակի փոփոխման հարցը:

Վերը թվարկված հարցերից զատ մասնակիցները իրենց փորձագիտական կարծիքը հայտնեցին նաև պատիժը տուգանքի կամ հանրային աշխատանքների ձևով նշանակելու դեպքում սահմանվող ժամկետների և պայմանների հարցում առաջացող վիճելի դրույթների, «մշտական բնակության վայր», «չարամտորեն խուսափում» եզրույթների իրավական սահմանումների պարզաբանման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ԱՆ ներկայացուցիչը վստահեցրեց, որ բոլոր մտահոգությունները և առաջարկված լուծումները հաշվի կառնվեն, և համապատասխան քայլեր կձեռնարկվեն:

Մասնակիցներն ընդգծեցին կանոնավոր կերպով նման հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը, քանի որ ներկայումս Պրոբացիայի ծառայության և արդարադատություն իրականացնող այլ մարմինների միջև համագործակցության հստակ մեխանիզմների պակաս կա:

«Մեծ խոչընդոտները չէ, որ տապալում են մեծ գաղափարները. պրոբացիայի գաղափարը անչափ մեծ է և մենք պետք է թույլ չտանք, որ այն խորտակվի չնչին հարցերի ծովում»,- հանդիպման ավարտին անդրադառնալով շահագրգիռ մարմինների միջև համագործակցությանը՝ նշեց ՔՀԻ-ը Մարդու իրավունքների հարցերով պատասխանատուն:

Պրոբացիայի պետական ծառայության արդյունավետ գործունեության համար խիստ կարևոր է համագործակցությունն արդարադատություն իրականացնող մարմինների՝ մասնավորապես դատարանների և դատախազության հետ: Վերջիններս էական դեր ունեն Ծառայության կայացման գործում, և կարևոր է, այդ թվում նման հանդիպումների միջոցով, գտնել համապատասխան լուծումներ առկա խնդիրների համար։

Պրոբացիայի ծառայության վերաբերյալ աշխատաժողով