«Ռեգնումի» խմբագրի գործը դատարանում է. դատախազին մեղադրանք չի առաջադրվել

«Ռեգնում» լրատվական գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր
Ռուբեն Գրդզելյանի և դատախազության աշխատակից Մեսրոպ Մանրիկյանի միջև տեղի ունեցած
վիճաբանության գործի նախաքննությունն ավարտված է: Հուլիսի 12-ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարան: Այս մասին
www.hra.am –ին հայտնեցին
Հատուկ քննչական ծառայությունից:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձանց: Մեսրոպ
Մանրիկյանի որդուն՝ Ալբերտ Մանրիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի
117 հոդվածքով՝ Ռուբեն Գրդզելյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու
համար: Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Ռուբեն Գրդզելյանին՝ Մեսրոպ Մանրիկյանի
առողջությանը թեթև վնաս պատճառելու համար:
Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը պատժվում է տուգանքով՝ 50.000-ից 100.000 դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Որոշում է կայացվել դատախազ Մեսրոպ Մանրիկյանին մեղադրանք չառաջադրել՝
նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով:

Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել
է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին «Ռեգնումի»
երևանյան
խմբագիրը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ գիշերը 23:00-ի սահմաններում ծեծի է
ենթարկվել
չորս անձանց կողմից, որոնց թվում են եղել դատախազ Մանրիկյանը և նրա որդին: Նա նաև նշել էր, որ վիճաբանությունը
ծագել է կենցաղային հողի վրա և որևէ առնչություն չունի իր մասնագիտական գործունեության
հետ: