ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինծառայող Կոծինյանի գործով վերաքննիչ բողոքները մերժվել են

ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Սերգեյ Չիչոյան) մարտի 29-ին մերժել է չորս համածառայակիցների կողմից ծեծվելու հետևանքով մահացած Գևորգ Կոծինյանի գործով բերված բոլոր բողոքները: Դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը դատապարտվել է 11 տարի 6 ամսվա, շարքայիններ Տարոն Սուվարյանը և Վահե Աղաջանյանը՝ 11 տարվա, իսկ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը՝ 3 տարվա ազատազրկման։ Ա.Ռաֆայելյանի նկատմամբ կիրառվել էր համաներում և նա ազատվել էր պատժի կիրառումից:
Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Կարեն Թումանյանը վերաքննիչ բողոքով պահանջում էին ճանաչել Գևորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման փաստը:
«Մենք գտնում ենք, որ կատարված սպանության համար պատասխանատու է նաև պետությունը, որովհետև պետական մարմնի հսկողության տակ գտնվող անձին են կյանքից զրկել: Մենք նաև պնդում ենք բարոյական վնասի փոխատուցման պահանջը (5 միլիոն դրամ) և այդ պահանջով հասնելու ենք մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ ներպետական օրենսդրությունը բարոյական վնասի փոխհատուցում չի սահմանում»,- www.hra.am -ին ասաց Կարեն Թումանյանը:
Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ պաշտպանության բանակի Արայի լեռ զորամասում սպանված 19-ամյա Գևորգ Կոծինյանի մահվան պատճառը, ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, սրտի ռեֆլեկտոր կանգն է: Քննությունը պարզել է, որ Կոծինյանին ծեծի են ենթարկել 4 համածառայակիցները, ովքեր եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
