ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կովկասի օր Երևանում

Փետրվարի 11-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի գրասենյակում կայացավ «Կովկասի օր» խորագրով միջոցառում՝ նվիրված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գաղափարի տարածմանը և երիտասարդների միջև հաղորդակցության հաստատմանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Կովկասյան ավանդական խոհանոցի ուտեստներ (Հայաստան, Վրաստան, Օսիա, Աբխազիա, Ադրբեջան, Ղարաբաղ), ազգային տարազով տիկնիկներ և ձեռքի աշխատանքներ: Միաժամանակ ցուցադրվում էին Երևանը, Բաքուն և Ստեփանակերտը ներկայացնող լուսանկարներ:

Որպես համագործակցության կամուրջ՝ ստեղծվել է համատեղ կայք, որը նույնպես պետք է ծառայի տարածաշրջանում խաղաղության գաղափարի տարածմանը, փոխճանաչմանը և միջմշակութային հաղորդակցմանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Ճամբարակի դպրոցի աշակերտների նկարները, որոնք կրում էին «Խաղաղությունը երեխաների աչքերով» խորագիրը:

Վերջում միջոցառման բոլոր մասնակիցները Երևանի Աբովյան պուրակից «Խաղաղություն աշխարհին» բարեմաղթանքով գույնզգույն փուչիկներ բաց թողեցին դեպի երկինք, որից հետո վայելեցին կովկասյան ուտեստները:
Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղաշինության դպրոցի շրջանավարտների ջանքերով՝ International Alert բրիտանական կազմակերպության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ աջակցությամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսական օժանդակությամբ:
Միաժամանակ «Կովկասի օր» խորագրով միջացառումներ էին կազմակերպվել նաև Արցախում և Ադրբեջանում:
Աղբյուրը՝ www.hra.am
