Արայիկ Մելքումյանի հաշմանդամության կարգը վերականգնվել է

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Արամո» ջոկատի հրամանատարներից Արայիկ Մելքումյանի հաշմանդամության երրորդ կարգը վերականգնված է երկու ամիս բժշկական տարբեր հաստատություններում տարբեր ստուգումներ և բուժումներ անցնելուց հետո:

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 7-ին անդրադարձել էինք այն խնդրին, որ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը հերթական ստուգման ժամանակ հաշմանդամ չէր համարել տարիներ շարունակ հաշմանդամության կարգ ունեցող ղարաբաղյան պատերազմի մասնակցին՝ ասելով «գնայիր բուժվեիր, ինչու՞ չես բուժվել»:

Երեք տարի նրան զննող նյարդաբան Կարինե Հարությունյանը 2011թ. բժշկական քաղվածքի մեջ հերթական անգամ նշել էր, որ հիվանդությունը Մելքումյանի մոտ կայուն մնացորդային հետևանքներ ունի, սակայն 2011թ. Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը հաշվի չէր առել այդ փաստը և նրան հաշմանդամ չէր ճանաչել: ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը պնդում էր, որ Մելքումյանն իրականում հաշմանդամ չի կարող ճանաչվել:

Մեր հրապարակումն իր արձագանքը գտավ. խնդրով հետաքրքվեցին ՀՀ պաշտպանության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություները։  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն Արայիկ Մելքումյանի հետ հանդիպումից հետո հանձնարարեց իր աշխատակիցներին ևս մեկ անգամ ստուգումներ իրականացնել:

Մելքումյանն ստացավ այն բուժումը, որը չէր ստացել նախկինում տեղամասային պոլիկլինկայի աշխատակիցների թերացման պատճառով։ Տեղամասային պոլիկլինիկան ուղեգիր չէր տվել Ա. Մելքումյանին դեպի Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց:

Նախարարի միջնորդությունից հետո Ա. Մելքումյանը 10 օրից ավելի բուժում ստացավ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում, որտեղից ստացված տվյալները ևս հաստատեցին, որ Մելքումյանի մոտ կայուն մնացորդային հետևանքներով կոնտուզիա է, և նրան պետք է տրվի հաշմանդամության կարգ:

Ցավալի է, որ պետք է նախարարի միջնորդություն՝ օրենքով սահմանված գործառույթներ իրականացնելու համար, քանի որ Արայիկ Մելքումյանը միակ հաշմանդամը չէ, ով այս խնդրի առաջ էր կանգնել։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին խնդրի լուծմանը։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am