ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվրադատարանը Հայաստանին կրկին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդեն երրորդ անգամ պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցում տալ Բյուզանդի փողոցի բնակիչներին, ում տները քանդեցին 2000-2006թթ ընկած ժամանակահատվածում ու առաջարկեցին ոչ համաչափ փոխհատուցում:
ՀՀ կառավարությունը, ԵԴ հերթական որոշմամբ, 18 հազար 500 եվրոյին համարժեք փոխհատուցում պետք է վճարի Հովհաննես եւ Աստղիկ Հովհաննիսյաններին ու նրանց դստերը 2005թ. բռնությամբ տանից վտարելու հետևանքով սեփականության իրավունքի խախտման համար:
Ինչպես www.hra.am-ին հաղորդեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, այս ընտանիքին տրվել էր 10. 500 դոլար փոխհատուցում, որով նրանք չեն կարողացել բնակարան գնել եւ մինչև այսօր բնակվում են վարձով:
«Իհարկե, չեն ունենա այնպիսի բնակարան, որը կկարողանային ունենալ այն տարիներին, երբ տները քանդեցին, բայց գոնե սեփական կտուր կունենան»,- ասում է Բաղդասարյանը:
Նա փոխանցեց նաև, որ Եվրոպական դատարանում կա սեփականության իրավունքի խախտման հայաստանյան 20 գործ, որոնց վերաբերյալ շուտով կկայացվեն վճիռներ, քանի որ ժամկետներն արդեն լրացել են: Եւս 10 գործ կսպասեն իրենց ճակատագրերին:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
