Մանկապարտեզ չկա. համայնքի ղեկավարներն անտարբեր են

ՀՀ Շիրակի մարզպետարանը վերջին 3 տարիների ընթացքում միայն մեկ համայնքից է մանկապարտեզի հիմնանորոգման հարցով դիմում ստացել։ Այն դեպքում, երբ  Շիրակի մարզի 116 համայնքներից 100-ից ավելին ապահովված չէ մանկապարտեզներով, իսկ մարզում ընդհանուր առմամբ գործում է 48 մանկապարտեզ:

Համաձայն  Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի՝ համայնքային ենթակայության մանկապարտեզների գործունեությունը, դրանց շահագործման ու նորոգման աշխատանքները հանդիսանում են համայքնի ղեկավարի պարտադիր լիազորություն և իրականացվում են համայքների միջոցների հաշվին:

Համայնքային բյուջեն ոչ միշտ է ծախսվում նման խնդիրները լուծելու ուղղությամբ: www.hra.am -ի հարցմանը Շիրակի մարզպետարանից պատասխանել են, որ 2009-2011 թվականների ընթացքում մանկապարտեզի հիմնանորոգման հարցով Շիրակի մարզպետարան դիմել է միայն Մարալիկի քաղաքապետարանը, իսկ մարզի մյուս համայնքներից դիմումներ չեն ներկայացվել: ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին ներկայումս ընթանում են մարզի Հայկավանի և Ոսկեհատի համայնքների մանկապարտեզների հիմնանորոգման և կառուցման աշխատանքները:

Գյումրի քաղաքում 2009-2011 թվականներին մասնակի վերանորոգվել է 12 մանկապարտեզ, իսկ 2012թ. վերանորոգվելու են ևս 5-ը: Մարզի համայնքներում գործող մյուս մանկապարտեզներում նույնպես կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am