Մանկապարտեզի շենքը չեն քանդելու

Երևանի քաղաքապետարանը www.hra.am-ի գրավոր հարցմանը պատասխանել է՝ հավաստիացնելով, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 8 հասցեում գտնվող թիվ 26 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքը չի քանդվի այնքան ժամանակ, մինչև չկառուցվի նորը:

Քաղաքապետարանից նշել են, որ ոչ մի մասնավոր ընկերության շենքը չեն հանձնել:

Հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը ծնողական ժողով էր կազմակերպել և հայտնել, որ շենքը պատրաստվում են քանդել նոր շենք կառուցելու նպատակով, ինչն էլ առաջացրել էր ծնողների զայրույթը:

Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս տարի  Երևան քաղաքի 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղադրվել է ջեռուցման համակարգ,  7-ում՝ ընդլայնվել և հզորացվել է ջեռուցման համակարգը։  Վերանորոգվել է 4 հաստատության տանիք, 3-ի՝ սանհանգույցը։ Նախադպրոցական ուսումնական  8 հաստատությունների շենքերը հիմնանորոգվել են։

Աղբյուրը՝ www.hra.am