ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Միջմարզային երթուղիները չե՞ն ենթարկվում նախարարությանը
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտից չեն գործում Վանաձորից, Սևանից և Աբովյանից դեպի Երևան եկող երթուղային գծերը:
Նախաձեռնության Վանաձորի ակտիվիստ -լրագրողներից մեկը տեղեկացրել է, որ առավոտյան Վանաձորի ավտոկայանում շուրջ 80 մարդ է հավաքված եղել։ Քաղաքացիներին տեղեկացրել են' գազելները չեն գործում այն պատճառով, որ չեն վերադարձել Երևանից: Ուղևորները մայրաքաղաք կարողանում են տեղափոխվել միայն տաքսիներով, որոնք այս օրերին բարձրացնում են երթևեկության գինը:
Իսկ Սևանից փոխանցնել են, որ գազելները Երևան են տեղափոխվում ոչ սովորական երթուղով և չեն կարողանում մուտք գործել մայրաքաղաք: Աբովյանի կանգառներում, ինչպես փոխանցում է նախաձեռնության մեկ այլ ակտիվիստ, այս պահին խառնաշփոթ է, և մարդիկ չգիտեն' ինչով հասնեն Երևան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության ակցիայի ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի խոսնակ Պետրոս Դեմիրճյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին միջմարզային տրանսպորտի երթևեկության խախտումների վերաբերյալ կազմել են արձանագրություններ'հիմնվելով նաև «Արժանապտիվ տրանսպորտ»-ի անցկացրած մոնիթորինգի արդյունքների վրա:
Երեկ նախաձեռնության ակտիվիստներից մեկն ահազանգել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարություն և տեղյակ պահել մասնավորապես Աբովյան-Երևան երթուղու չգործելու մասին: Նախարարության մամուլի խոսնակը պատասխանել է, որ կհանձնարարվի արձանագրություն կազմել տվյալ խախտման վերաբերյալ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի խոսնակ Պետրոս Դեմիրճյանը այսօր տեղեկացրել է «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությանը, որ Վանաձոր, Աբովյան և Սևան ուղղություններով արված նախաձեռնության ահազանգին ընթացք է տրվել, և երկու-երեք օրում կկազմվեն արձանագրություններ, և երկուշաբթի օրը տեղեկատվություն կտրամադրեն տուգանված ընկերությունների մասին:
«Արժանապատիվ տրանսպորտը» դեռևս 4 օր առաջ էր ահազանգել նախարարությանը մարզեր-Երևան երթուղիների կաթվածահար վիճակի մասին,սակայն այս օրերի ընթացքում նշված ուղղություններով որևէ փոփոխություն չի կատարվել. ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։
