Միջմարզային երթուղիները չե՞ն ենթարկվում նախարարությանը

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտից  չեն գործում Վանաձորից, Սևանից և Աբովյանից  դեպի Երևան եկող երթուղային գծերը:

Նախաձեռնության  Վանաձորի ակտիվիստ -լրագրողներից մեկը տեղեկացրել է, որ առավոտյան Վանաձորի ավտոկայանում շուրջ 80 մարդ է հավաքված եղել։ Քաղաքացիներին տեղեկացրել են' գազելները  չեն գործում այն պատճառով, որ չեն վերադարձել Երևանից: Ուղևորները  մայրաքաղաք կարողանում են տեղափոխվել  միայն տաքսիներով, որոնք այս օրերին բարձրացնում են երթևեկության գինը:

Իսկ Սևանից փոխանցնել են, որ գազելները Երևան են տեղափոխվում ոչ սովորական երթուղով և չեն կարողանում մուտք գործել մայրաքաղաք: Աբովյանի կանգառներում, ինչպես փոխանցում  է նախաձեռնության մեկ այլ ակտիվիստ, այս պահին խառնաշփոթ է, և մարդիկ չգիտեն' ինչով հասնեն Երևան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին  «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության ակցիայի ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի խոսնակ Պետրոս Դեմիրճյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին միջմարզային տրանսպորտի  երթևեկության խախտումների վերաբերյալ կազմել են արձանագրություններ'հիմնվելով նաև «Արժանապտիվ տրանսպորտ»-ի անցկացրած մոնիթորինգի արդյունքների վրա:

Երեկ  նախաձեռնության ակտիվիստներից մեկն ահազանգել է ՀՀ  տրանսպորտի և կապի նախարություն և տեղյակ պահել մասնավորապես Աբովյան-Երևան երթուղու չգործելու մասին: Նախարարության  մամուլի խոսնակը պատասխանել է, որ  կհանձնարարվի արձանագրություն կազմել տվյալ խախտման վերաբերյալ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի խոսնակ Պետրոս Դեմիրճյանը այսօր տեղեկացրել է  «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությանը, որ  Վանաձոր, Աբովյան և Սևան ուղղություններով արված նախաձեռնության ահազանգին ընթացք է տրվել, և երկու-երեք օրում   կկազմվեն արձանագրություններ, և երկուշաբթի օրը տեղեկատվություն կտրամադրեն տուգանված  ընկերությունների մասին:

«Արժանապատիվ տրանսպորտը»  դեռևս 4 օր առաջ էր  ահազանգել նախարարությանը  մարզեր-Երևան երթուղիների կաթվածահար վիճակի մասին,սակայն այս օրերի ընթացքում նշված ուղղություններով որևէ փոփոխություն չի կատարվել. ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։