Կնոջը ծեծով մահվան հասցրած ամուսինը մեղմացնում է իր պատիժը

Մասիս քաղաքում կնոջը՝ Զարուհի Պետրոսյանին ծեծով մահվան հասցրած Յանիս Սարկիսովը դստեր՝ Լիլիայի նկատմամբ հայրություն ճանաչելու դիմում է ներկայացրել: Այս մասին hra.am-ին հայտնեց Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդ Հասմիկ Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Գոռ Մարգարյանը:

«Քրեական գործում խնամքի տակ անչափահասի առկայությունը մեղմացնող հանգամանք է համարվում, և, բնականաբար, ազդեցություն է ունենում պատժի նշանակման ժամանակ»,- ասում է փաստաբանը:
Զարուհի Պետրոսյանի քույր Հասմիկ Պետրոսյանը նույնպես պատրաստվում է դիմել Մասիսի քաղաքապետարան՝ քրոջ դստեր խնամակալությունը ստանձնելու համար:
«Քաղաքապետարանը կտեսնի, թե կողմերը համեմատական ինչ առավելություններ ունեն՝ հաշվի առնելով վաստակը, բնակարանը, երեխայի համար ապահովվող պայմանները, և թե ով ավելի ճիշտ կլինի՝ ստանձնի երեխայի նկատմամբ խնամակալությունը»,- ասում է Գոռ Մարգարյանը:
Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդի ներկայացուցչի կարծիքով՝ այս առումով Հասմիկի դիրքերը ավելի թույլ են, որովհետև նա բնակվում է մի տանը, որտեղ նույնիսկ վարձակալության պայմանագիր չկա ձևակերպված, ինչը, հնարավոր է, խոչընդոտ հանդիսանա:
«Մնացած առումներով, իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի երեխայի նկատմամբ խնամակալությունը տան Հասմիկին, որովհետև նա ինչ-որ չափով կարող է մայրական խնամք ապահովել, ինչը չի կարելի ասել Յանիսի և իր մոր մասին»,- եզրափակեց փաստաբանը:

Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am