Կազմակերպված հանցագործություն իշխանությունների հովանավորությամբ

«Օլիմպ» ընկերության հայտարարությունը

«Միլանո» խանութի վտարման ապօրինի գործողությունները սկսվեցին մարտի 9-ից։ Այսօր արդեն առանց կասկածի կարելի է արձանագրել, որ այդ գործընթացը մանրամասն մշակված և պետական տարբեր մարմինների կողմից նախապես ծրագրված էր։ Տարաբնույթ ապօրինություններ իրականացնելու նպատակով գործի են դրվել պետական կառույցները ՝ սկսած դատական համակարգից մինչեւ'  հարկային, մաքսային մարմիններ։

Երկու տարի առաջ «Օլիմպ» ԱԿ-ում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյան 1 հարկային տեսչության կողմից իրականացվեցին ստուգումներ, ինչի արդյունքում հայտնաբերվեցին «հսկայական խախտումներ» և ակտով առաջացած տուգանքի գումարը կազմեց մոտ 17մլն դրամ։

Արձանագրված խախտումները լիովին անհիմն էին և  «Օլիմպ» ԱԿ-ը բողոքարկեց ստուգման ակտը Վարչական դատարանում, որն էլ բավարարեց «Օլիմպ» ԱԿ-ի հայցը։ Սակայն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը չհիմնավորված կերպով բավարարվեց  և որոշվեց'  «Օլիմպ» ԱԿ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17մլն դրամ՝ ստուգման ակտով առաջացած տուգանքի գումար։

Մարտի 9-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները Միլանո խանութ էին եկել միաժամանակ երեք կատարողական թերթերով՝

վտարում էին «Օլիմպ» ԱԿ-ին և Հ.Ղուկասյանին իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքներից,

արգելանք էին դնում ապրանքների վրա՝ համապատասխան տվյալ վճռով «Օլիմպ» ԱԿ-ի ունեցած պարտավորության։

ԴԱՀԿ աշխատակիցները հիմք չընդունելով ապրանքների վրա արված գնանշումները, իրենք կատարեցին ապրանքների գնահատում' չունենալով ապրանքների մասին համապատասխան տեղեկատվություն և գիտելիքներ։ Արդյունքում' 17մլն դրամի ապրանքի դիմաց ԴԱՀԿ աշխատակիցները առգրավեցին 47մլն դրամ արժողությամբ ապրանքներ։

Ապրիլի 22-ից ԴԱՀԿ ծառայությունը հայտարարել է «Օլիմպ» ԱԿ-ից բռնազավթած ապրանքների բաց աճուրդ։

«Օլիմպ» ԱԿ-ն դիմել է դատարան' պահանջելով նշանակել գույքի անկախ, մասնագիտացված գնահատում, իսկ մինչ այդ պետք է դադարեցվի բռնազավթված ապրանքների չհիմնավորված գներով աճուրդի իրականացումը։

Քանի որ, Միլանո խանութի տարածքը գտնվում է որոշ «ազդեցիկ» մարդկանց հետաքրքրության կենտրոնում, նախապես ձեռնարկվել են բոլոր միջոցները ապօրինի իրացման գործընթացը անխափան ավարտելու համար և դրա համար գործադրվում են ամենատարբեր ճնշումներ։

Նշենք նաև, որ «Օլիմպ» ԱԿ-ի փոխտնօրեն Հ.Ղուկասյանի նկատմամբ հարուցված է նաև քրեական գործ՝  ներմուծման ժամանակ կեղծ ապրանքագրերով մաքսազերծում իրականացնելու համար։

Հաշվի առնելով, որ Հ.Ղուկասյանի բազմաթիվ բողոքներն ու դիմումները իշխանություններին մնացին անպատասխան, հիմք է տալիս ենթադրելու, որ այս անօրինությունները  իրականանում են հենց իրենց հովանավորությամբ։

«Օլիմպ» ԱԿ-ի տնօրնությունը շարունակելու է պայքարը՝ հանուն արդարության  վերականգնման։