ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրագրողին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործը կարճվել է

Փետրվարի 24-ին գլխավոր դատախազության մուտքի մոտ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ծեծի ենթարկելու և մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործը կարճվել է։
Միջադեպի մասին Շամշյանը հաղորդագրություն էր ներկայացրել դատախազությանը, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քննիչ Գագիկ Մարգարյանը խոչընդոտել է իր մասնագիտական պարտականությունների կատարմանը և ծեծի ենթարկել իրեն։ Դեպքի հաջորդ օրը հարուցվել էր քրեական գործ, սակայն քննիչը ներգրավվել էր ոչ թե որպես կասկածյալ, այլ գործով վկա, իսկ Շամշյանը համարվել էր տուժող։
Կարճումից բացի քրեական գործից մաս է անջատվել՝ «սուտ մատնության» հոդվածով։
Երևանի ոստիկանության քննիչ Գարիկ Բեգոյանը երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին է հանձնել համապատասխան որոշումը։
Շամշյանն ասում է, որ գործից անջատված մասում հանդիպել է այսպիսի ձևակերպման՝ «Գագիկ Շամշյանի կողմից սուտ մատնություն կատարելու համար»։ Լրագրողն այս նոր գործով ներգրավվել է որպես վկա, նրան մեղադրանք չի առաջադրվել։
Ըստ Շամշյանի՝ ստիկանության քննչական մարմինը փորձում է իրեն լռեցնել, վախեցնել, քանի որ «ինքը բողոքում է հենց իրենց կոլեգայի դեմ, բայց մեռնելուց հետո խռխռալը ո՞րս է»
Ի դեպ, դատախազության մուտքի անվտանգության տեսախցիկի արձանագրած կադրերում հստակ երևում է, որ քննիչը մի քանի անգամ հարվածում է լրագրողին։
