ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Սաքոն» Human Rights Watch–ի կինոփառատոնում

Լոնդոնում բացվել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած կինոփառատոնը, որի ծրագրում բազմաթիվ այլ ֆիլմերի շարքում ընդգրկված է նաև «Սաքո» կարճամետրաժ վավերագրական ժապավենը։
«Սաքո» կինոնկարը, որը փառատոնիրջանակներում ցուցադրվելու է վաղը, «Մանանա» պատանեկան կրթական-մշակութային կենտրոնի իրագործած նախագիծն է։ Ֆիլմի ռեժիսորները Արամ Աբրահամյանն ու Դավիթ Մարտիրոսյանն են։ 5 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է 2005 թ։ Այն պատմում է 13 տարեկան տղայի' Սաքոյի մասին։
Տղան ոչ մի տեղ չի սովորում, խոսում է իր գորշ առօրյայի մասին, երազում է երջանիկ լինել, աշխարհ տեսնել, սովորել դպրոցում, սակայն ընտանիքին նյութապես օգնելու համար ստիպված է գերեզմանաքարեր պատրաստել։
«Սաքո»-ն մի քանի անգամ ցուցադրվել է Human Rights Watch-ի կինոփառատոններում։
«Մանանա»-ն ոչ կառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1995 թ։ Զբաղվում է երեխաների հիմնախնդիրներով, պատրաստում է ֆիլմեր, զարգացմանը նպաստող կրթական խաղեր, հեռուստառադիոհաղորդումներ և այլն։
Լոնդոնում բացվող փառատոնը կտևի մինչև մարտի 27-ը։ Ծրագրում ընդգրկված են ֆիլմեր Իրանից, Պակիստանից, Սերբիայից, եվրոպական, ասիական, մերձավորարեւելյան և աֆրիկյան այլ պետություններից։
Փառատոնը բացվելու է Հայիթիում քաղաքական ճգնաժամի մասին պատմող Ռաուլ Պեկի «Արևադարձային Մոլոքը» ֆիլմով, որը նկարահանվել է նախքան այդ երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը։
