ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանում դատում են հայտնի իրավապաշտպանին
Ռուս իրավապաշտպան Ալեքսեյ Սոկոլովի դատավարությանը մասնակցում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահ Արման Դանիելանը, ով ներգրավված է դատավարական գործընթացում որպես միջազգային դիտորդ։ Այս մասին տեղեկացնում է kasparov.ru էլեկտրոնային պարբերականը։ Դանիելյանը Եկատիրինբուրգ է ժամանել մարտի 1-ին:
Թերթը հիշեցրել է, որ Ալեքսեյ Սոկոլովը Ազատազրկման վայրերում հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ է։ Նրա անունն ու գործունեությունն առավել հայտնի է դարձել «Խոշտանգումների ֆաբրիկա» ֆիլմի նկարահանումից հետո, որտեղ հեղինակ-իրավապաշտպանը բարձրաձայնում է եկատիրինբուրգյան թիվ 2 ուղղիչ գաղութում առկա խախտումների մասին։ Բացի այդ, հենց Սոկոլովի օպերատիվ գործողությունների շնորհիվ է բացահայտվել Կոպեյսկի թիվ 1 գաղութում չորս դատապարտյալների սպանության գործը։
Սոկոլովը ձերբակալվել է 2009-ին և մեղադրվում է 2004 թ-ին Բոգդանովիչում տեղի ունեցած ավազակային հարձակում կատարելու մեջ։ Մեղադրանքն, ի դեպ, հիմնված է մեկ դատապարտյալի ցուցմունքի վրա, ով գողության հոդվածով դատապարտվել է մի քանի անգամ։
«Միջազգային համաներում» կազմակերպությունը դիմում է հղել Սվերդլովի շրջանի դատախազին, որտեղ կոչ է արել անցկացնել արդար դատաքննություն:
