ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախարարը վերահաստատում է իր խոսքը

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կարծիք է հայտնել, թե 7 տարվա ազատազրկման դատապարտված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պատժի չկրած ժամկետը պետք է կիսով չափ կրճատվի: Նա նշել է, որ ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ կիրառելի է ԱԺ- ի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին հայտարարած համաներումը։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օմբուդսմենն իր եզրակացությունը հիմնավորել է այսպես. «Դա տարածվում է, որովհետեւ առաջին հերթին սա մարտի 1-ի հետ է կապված,ինչը համաներման նախապայմանն էր»։
Ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի օրինականության կամ անօրինականության հարցին և, որ հենց այդ ատյանը պատժաչափը սահմանելիս պետք է հաշվի առներ համաներման ակտը, ապա օմբուդսմենն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել այդ խնդիրը։։
«Տվյալ դեպքում հարցը պետք է մեկնաբանվի հօգուտ մարդու իրավունքների, իսկ եթե ի օգուտ քաղաքացու ենք մեկնաբանում, միանշանակ տարածվում է, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հույս ունենանք, որ վերաքննիչ դատարանը այդպես կմոտենա, որովհետեւ պետք է ազատական տեսակետից, լայն մեկնաբանել օրենքները», - ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Միևնույն ժամանակ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը այսօր մամուլում կարծիք է հայտնել, թե «այս պահին հաստատապես կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի անձնական գործում եղած տվյալները չեն խոչընդոտում համաներման կիրառմանը»։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին արդարադատության նախարարը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH-ի) նախագահ տիկին Սուեր Բելասենի հետ հանդիպման ընթացքում խոսել էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներման կիրառելու հնարավորության մասին։ «Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է համաներում կիրառվել, և որ հնարավոր է դեպքերի նոր զարգացում»․ նախարարի խոսքը փոխանցել էր տիկին Բելասենը։
Նախարարի այս անդրադարձը տարակարծիք քննարկումների նյութ դարձավ և վերջինս պաշտոնապես հերքեց, թե իր խոսքը սխալ է արտացոլվել մամուլում։
Անհասկանալի է մնում, թե ինչու է Արդարադատության նախարարը հերքում, ապա հաստատում իր իսկ հնչեցրած խոսքը։ Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ մամուլը գնահատել և լուրջ էր ընդունել Գևորգ Դանիելյանի հայտարարած, ինչպես հետագայում պարզվեց, օրենքի պահանջը։
