Քրեական գործ ընտրական հանձնաժողովի նախագահի դեմ

Դատախազությունը  քրեական գործ է հարուցել ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում թիվ 10/12 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Գալոյանի դեմ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով(ընտրությունների արդյունքները կեղծելը), որը նախատեսում է 3-ից 5 տարի ազատազրկում:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննական մարմինը  ստուգել է «Ա1+» ինտերնետային թերթում հրապարակված տեղեկատվությունը և պարզել, որ ընտրության ժամանակ Գ.Գալոյանը ընտրացուցակներում գրանցումներ կատարելիս կեղծել է քվեարկության արդյունքները:

Ըստ նախաքննական մարմնի՝ հանձնաժողովի անդամներից և տեղամասում գտնվող այլ անձանցից գաղտնի  Գալոյանը ընտրացուցակի 27-րդ էջում քաղաքացի Բուռնուչյանի անվան դիմաց գրել է կեղծ անձնագրային տվյալներ, ստորագրել նրա փոխարեն, լրացրել քեաթերթիկն ու այն ծրարով գցել քվետուփի մեջ։

Ի դեպ, ընտրակեղծիքին վերաբերող դատախազության այս հաղորդագրության մեջ մանրամասն նշված էր, թե ինչ մեխանիզմով է կտարվել կեղծիքը, սակայն նշված չէ, թե ում օգտին է Գալոյանը քվեարկել Բուռնուչյանի փոխարեն։

Դատախազության հաղորդմամբ՝քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան'ըստ էության քննելու համար:

Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու մասնակցել էին «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը և «Ազգային միաբանությունից» Արա Սիմոնյանը, ով և հաղթող ճանաչվեց թիվ 10 ընտրատարածքում։