Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը «ծայրահեղ ծանր է»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը՝ կալանքը, գրավով փոխարինելու մասին։Այդպիսի խնդրանքով դատարանին էին դիմել և անհրաժեշտ երաշխիքներ ներկայացրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորները։
Նախաքննական մարմինը խափանման միջոցը գրավով փոխելու մերժումը բացատրել է իրենց հատուկ ստանդարտ ձևակերպմամբ «նա կարող է խոչընդոտել քննությանը եւ ճնշում գործադրել գործով դեռեւս չպարզված եւ պարզված անձանց վրա»։

Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը «ծայրահեղ ծանր» է գնահատում նրա շահերի պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Եվ գլխի և տեսողության հետ կապված խնդիրներ ունի և լուրջ բուժման կարիք», ասում է փաստաբանը։։ 

28 ամյա ընդդիմադիր ակտիվիստը փաստաբանին պատմել է, որ այդ ցավերն առաջացել են միջադեպի օրը՝ գլխին հարված ստանալու հետևանքով։ Տիգրանը առողջական վիճակի հետ կապված նույնանման գանգատներ է ներկայացրել նաև երկու օր առաջ նրան այցելած ՔԿՀ-ում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի անդամներին։ Դիտորդական խմբի տպավորությամբ Տիգրանն ակնհայտորեն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։