ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեղադրանք է առաջադրվել անչափահասին
Այսօր ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից' 14-ամյա Հերբերտ Գեւորգյանի նկատմամբ: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով»:
Հիշեցնենք, որ միջադեպի մասնակից 28 ամյա Տիգրան Առաքելյանն այժմ երկամսյա կալանքի տակ է։ Սահակ Մուրադյանից վերցվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, իսկ անչափահաս Հերբերտ Գևորգյանը հանձնվել էր ծնողների հսկողությանը։ Հիշեցնենք, որ հուլիս 1-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցները, ովքեր իրազեկող թռուցիկներ էին բաժանում սպասվող հանրահավաքից առաջ, հարձակման էին ենթարկվել քաղաքացիական հագուստներով մի խումբ անձանց կողմից և դաժանորեն ծեծի ենթարկվել։ Ավելի ուշ պարզվել էր որ նրանք ոստիկանության աշխատակիցներ են։ Ծեծված 3 երիտասարդների մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Սակայն ոստիկանությունը հակառակն է պնդում, որ երիտասարդներն են հարձակվել ու ծեծի ենթարկել ոստիկաններին՝ վկայակոչելով վերը նշված երեք անունները։
Հերբերտ Գեւորգյանի հայրը' «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանը հայտարարել է, որ որդուն առաջադրված մեղադրանքը շինծու է:
«Գործը քննում է հենց ոստիկանությունը, որը կազմակերպել է այդ զինված հարձակումը երեխաների վրա. դա ես այլ կերպ չեմ որակում' զինված հարձակում երեխաների վրա»:
Հայկ Գեւորգյանը ոստիկանության որոշմանն ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Իրենք են արել. ատրճանակը երեխաներից մեկի գլխի վրա պահելը արդեն այնպիսի բան է, որ վաղեմության ժամկետ, կարծում եմ, չի ունենա, երբեք: Ժամանակը կգա, իրենք պատասխան կտան շատ-շատ ծանր հոդվածներով, համոզված եմ»:
