ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ավարտվեց FIDH-ի այցը Հայաստան

Հունիսի 25-28-ը Երևանում էր գտնվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը, որի կազմում էին ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենը, գործադիր տնօրեն պարոն Անտուան Բերնարը, արտաքին կապերի բաժնի տնօրեն տիկին Իզաբել Շեբան և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն տիկին Ալեքսանդրա Կուլաևան:
Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ 2010 թվականի ապրիլին Երևանում կայանալիք Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։ Նախանշված հանդիպումների թվում էին ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմի, Արտգործնախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, այնպես էլ Հայաստանում գտնվող մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ՝ Ֆրանսիայի դեսպան պարոն Սերժ Սմեսովի, Մեծ Բրիտանիայի դեսպան պարոն Չարլզ Լոնսդեյլի, ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսի հետ։ FIDH-ի նախաձեռնությամբ հանդիպումներ տեղի ունեցան նաև Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության, Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Եվրոպական հարևանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլսթ Յենսենի հետ։
Հունիսի 26-ին, Խոշտնագումների զոհերի աջակցության միջազգային օրը տեղի ունեցավ FIDH-ի պատվիրակության հանդիպումը լրագրողների հետ, որտեղ ներկայացվեց Իրավապաշտպանների պաշտպանության Օբսերվատորիայի 2008թ. տարեկան զեկույցը և Արդարադատության իրականացումը Հայաստանի Հանրապետությունում փաստաթուղթը։

Պատվիրակությունը այցելություն կատարեց Նուբարաշեն Քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպեց կալանքի տակ գտնվող իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի հետ։

Երեկոյան Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ ընդունելություն Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիրների համար։
Հունիսի 27-ին հյուրերը այցելեցին Ցեղասպանության թանգարան, այնուհետեւ հանդիպեցին թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։
Հունիսի 28-ի առավոտյան պատվիրակությունը վերադարձավ Փարիզ։
FIDH-ի մասին՝
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (FIDH) միջազգային հասարակական կազմակերպությունը գործում է 1922 թվականից։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Ֆրանսիայում։ Կազմակերպությունը 1948 թ-ի Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում ամրագրված մարդու իրավունքների սկզբունքային հետևորդն է: Այն ներառում է 155 անդամ կազմակերպություններ՝ 5 մայրցամաքներից: Այսօր FIDH-ը իրականացնում է հազարից ավելի առաքելություններ,' հետազոտություններ, դիտորդական աշխատանք դատարաններում և դասընթացներ շուրջ հարյուր երկրներում: FIDH-ը նաև խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, UNESCO-ում, Եվրախորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաև դիտորդական կարգավիճակ' Մարդու և ժողովուդների իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովում: FIDH-ի Հայաստանի անդամ կազմակերպությունը Քաղաքացիական հասարակության ինստիտուտն է։
