ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գյումրիում 5-րդ անգամ նշվելու է Խոսքի ազատության օրը
2012թ. մարտի 25-ին (կիրակի) Գյումրիում 5-րդ անգամ նշվելու է Խոսքի ազատության օրը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նախաձեռնել է տոնական հանդիսություն, որը տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 14:00-16:00-ին, Գյումրու «Կինո Հոկտեմբեր»-ի ճեմասրահում` Գյումրի, Վարդանանց (կենտրոնական) հրապարակ հասցեում:
Հանդիսությանը մասնակցելու են հրավիրվում բոլոր նրանք, ում համար թանկ է խոսքի, արտահայտման և մամուլի ազատությանը: Հանդիսությանը ներկա են լինելու լրագրողներ, ԶԼՄ-ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ գործարար աշխարհի մարդիկ:
Անցյալ տարիներին Խոսքի ազատության օրվա հանդիսություններին պարգևատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ ու զանգվածային լրատվամիջոցներ: Այս տարի նույնպես նախատեսվում է հատուկ պարգևներ հանձնել իրենց աշխատանքով աչքի ընկած լրագրողների, ԶԼՄ-ների, քաղաքացիների, ինչպես նաև` մարդկանց, ովքեր ջանքեր են ներդրել խոսքի ազատության պաշտպանության և լավագույն կիրարկման համար:
Գյումրիում Խոսքի ազատության օրն ավանդաբար նշվում է մարտի 25-ին, այն օրը, երբ տարիներ առաջ համաժողովրդական զորակցության եւ հանգանակության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերությունը եթերազրկման սպառնալիքից: