«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքերում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները

 

2010 թվականի դեկտեմբերի 22-ին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքերում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ: Օրենքում կատարված էական փոփոխությունը վերաբերում է գործազուրկի հասկացության հստակեցմանը: Գործազուրկներ չեն համարվելու աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր հանդիսանում են կենսաթոշակառու: Կենասաթոշակի որոշակի տեսակներից օգտվող և աշխատանք փնտրող անձինք /արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվողները/ ունենալու են միայն մասնագիտական վերապատրասման իրավունք:

Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի իրավունքներին: Ինչպես գիտենք, «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքերում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն գյուղատնտեսական նշանակության հող ունենալու դեպքում անձը չի կարող ճանաչվել գործազուրկ և օգտվել գործազուրկների համար օրենքով նախատեսված սոցիալական աջակցությունից: Գյուղատնտեսական նշանակության հողի առկայության հանգամանքը պարզելու համար տարածքային մարմինը հարցում է կատարում համապատասխան գերատեսչություններին և տեղեկությունները ստանում անձամբ: Նույն կարգով տարածքային մարմինը նաև ձեռք է բերում տեղեկություններ անձի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարած լինելու կամ աշխատավարձ ստանալու ժամկետների մասին:

2010 թվականի դեկտեմբերի 22-ին օրենքում կատարված փոփոխությամբ փորձ է արվել որոշակի արտոնություն տրամադրել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերին. օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց հնարավորություն է տրվել ընդգրկվել զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման ծրագրերում և ուսումնառության ողջ ժամանակահատվածում օգտվել կրթաթոշակ ստանալու իրավունքից:

Հստակեցվել է մեկից ավելի անգամ գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց գործազրկության նպաստ ստանալու հարցը: Նախատեսվել է անձը գործազրկության նպաստը մեկից ավելի անգամ

Որոշակի դրական փոփոխություններ են կատարվել ի օգուտ աշխատաշուկայում անմրցունակ խմբերի: Այսպես, եթե նախկինում ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք կարող էին սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքներից օգտվել, եթե վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում էին դիմել զբաղվածության պետական ծառայություն, ապա օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ծառայությանը դիմելու ժամկետը դարձել է մեկ տարի:

Եթե նախկինում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք  լրացուցիչ սոցիալական երաշխիքներից կարող էին օգտվել գործազուրկի կարգավիճակում առնվազն մեկ տարի անընդմեջ գտնվելու դեպքում, ապա կատարված փոփոխություններով ժամկետը վեց ամսով կրճատվել է: Նույնը վերաբերում է աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություն