ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություն. Խախտվել է հարյուրավոր անձանց խաղաղ հավաքների ազատությունը
Հուլիսի 27, 2016թ., Երևան: Ս.թ. հուլիսի 27-ին ՀՀ ոստիկանությունը կոպտորեն խախտել է տասնյակ անձանց ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը Ոստիկանության կողմից քաղաքացիներն առանց որևէ օրինական հիմքի ներկայացման բերման են ենթարկվել Երևան քաղաքի փողոցներից, նրանց զգալի մասին տեղափոխել են ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամաս՝ Իսակովի պողոտա և տևական ժամանակ պահում են ազատությունից ապօրինաբար զրկված: Ավելին, ոստիկանությունը ոչ միայն քաղաքացիներին պահում է անօրինական վայրում, այլև թույլ չի տալիս փաստաբանների մուտքը և խոչընդոտում է իրավաբանական օգնություն տրամադրելը: Ոստիկանության կողմից ազատությունից զրկված որոշ անձանց գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ:
ՀՀ ոստիկանությունը թույլ է տվել նաև անհամաչափ միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրացմանը, որի արդյունքում խախտվել է հարյուրավոր անձանց այս հիմնարար ազատությունը:
Հուլիսի 27-ին, ի թիվս այլ քաղաքացիների, բերման է ենթարկվել և 15 ժամ՝ օրենքով նախատեսված ժամանակից շատ ավելի երկար պահվելուց հետո, ձերբակալվել իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը՝ շինծու կասկածանքով՝ սառը զենք պահելու համար: Այդ ընթացքում խոչընդոտվել է նաև Բարսեղյանի հանդիպումը իր փաստաբանի հետ:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) խստորեն դատապարտում է ՀՀ ոստիկանության կողմից որդեգրած գործելաոճը և պահանջում է՝
- անհապաղ ազատել Լևոն Բարսեղյանին և դադարեցնել շինծու մեղադրանքով հետապնդումը,
- անհապաղ դադարեցնել ուժի ապօրինի գործադրմամբ անձանց անհիմն բերման ենթարկելը և ազատությունից զրկելը,
- անհապաղ ազատել հուլիսի 27-ին բերման ենթարկված և ապօրինաբար ազատությունից զրկված անձանց,
- չխոչընդոտնել խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը,
- իրականացնել պատշաճ քննություն իրավապահ մարմինների կողմից թվարկված խախտումների վերաբերայլ, անհապաղ բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, և օրենքով սահմանված կարգով տրամադրել փոխհատուցում ապօրինի ազատազրկումից տուժածներին:
Ոստիկանության կողմից թույլ թված խախտումներին և անթույլատրելի գործելաոճին ՔՀԻ-ն անդրադարձել է հուլիսի 18-ի հայտարարությամբ: