ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մեմորիալ» հակախտրականության կենտրոնի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հայտարարությունը
«Մեմորիալ» հակախտրականության կենտրոնը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ողջունում են ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կողմից Հայաստանին ուղղված հարցադրումները
ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն հարցադրումներ է նախապատրաստել Հայաստանում կանանց իրավիճակի մասին ազգային զեկույցի կապակցությամբ, որը պետք է քննարկվի Կոմիտեի 65-րդ նստաշրջանի ժամանակ: Պետությանն ուղղված հարցերի թվում են նաև այնպիսիք, որոնք «Մեմորիալ» հակախտրականության կենտրոնի (ՀԽԿ) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից նախկինում բարձրաձայնվել են առաջին փուլի շրջանակներում քաղաքացիական հասարակության կողմից Կոմիտեին նախնական տեղեկատվության տրամադրման ժամանակ: Դրանք վերաբերում են կանանց խոցելի խմբերի նկատմամբ խտրականությանը, ինչպիսիք են միգրանտները և նրանց ընտանիքի անդամները, թրաֆիքինգի զոհերը, Սիրիայի և Իրաքի փաստականները, ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, ինչպես նաև կանայք, ովքեր խտրականության են ենթարկվում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով:
«Մեմորիալ» ՀԽԿ-ն և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մարտ ամսին Կոմիտեին փոխանցած իրենց կողմից բարձրաձայնած խնդիրների թվում նշել էին, որ գյուղերում մնացած կանայք, ում ամուսինները մեկնել են արտագնա աշխատանքի, հայտվում են տնտեսական ծանր իրավիճակում: Նրանք չեն կարող աշխատանքի տեղավորվել և ֆինանսապես ամբողջովին կախման մեջ են իրենց աշխատանքային միգրանտ ամուսիններից: Կոմիտեն հարցում է արել կառավարությանը, թե ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում բարելավվելու գյուղական բնակավայրերում ապրող կանանց վիճակը: Պետության հաշվետվության համաձայն՝ Հայաստանի գյուղերում կանանց 40-50 տոկոսը մինչ օրս շարունակում է մնալ գործազուրկ:
Իրավապաշտպանները նաև բարձրացել էին Սիրիայի և Իրաքի փախստական կանանց խնդիրը, որոնց մերժում են փաստականի կարգավիճակ տրամադրել այն պատճառով, որ նրանք այլ կրոն են դավանում կամ ծագումով հայ չեն: Կոմիտեն Հայաստանի կառավարության ուշադրությունն է հրավիրել կին փախստականների դրության վրա, այդ թվում՝ ապաստան հայցողների և փախստականների համար նախատեսված հատուկ կացարանում նրանց բնակության պայմանների վրա:
Փորձագետները նշել են, որ աղքատությունը և գործազրկության բարձր մակարդակը բերում են նրան, որ ավելի շատ կանայք են արտերկրում աշխատանք փնտրելու ճանապարհին դառնում թրաֆիքինգի զոհ: Սեքս աշխատողների, սեռական շահագործման զոհերի և բռնաբարվածների նկատմամբ տարածված նախապաշարմունքները լրացուցիչ դժվարություններ են ստեղծում տուժած կանանց համար աջակցության դիմելիս: Կանանց նկատմամբ սեռական հանցագործությունների քննությունը հաճախ պատշաճ ձևով չի իրականացվում: Թրաֆիքինգի և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը Կոմիտեն բավարար չի համարում, այդ պատճառով կառավարությունից տեղեկատվություն է պահանջել թրաֆիքինգից և սեռական շահագործումից կանանց պաշտպանությանն ուղղված ազգային ծրագրերով նախատեսված գործողությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար նախատեսված վարչական տուգանքների վերացման մասին:
«Մեմորիալ» ՀԽԿ-ն և Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրենց խորին մտահոգությունն են հայտնել ազգային և կրոնական փոքրամասնություն հանդիսացող կանանց դրությամբ, որոնք հաճախ հայտնվում են մեկուսացված միջավայրում: Սա հանգեցնում է կանանց և աղջիկների իրավունքների ոտնահարման. վաղ ամուսնությունները հաճախ խոչընդոտում են կրթություն ստանալու նրանց իրավունքի իրացմանը: Իրավապաշտպանները նշել են, որ փոքրամասնությունների իրավունքները հարգելու անհրաժեշտությունից զատ, հարկավոր է աջակցել կանանց և աղջիկների կրթությանը, օգնել աշխատանքի տեղավորման հարցում: Կոմիտեն ընդգծել է Հայաստանում գենդերային կարծրատիպերի մասշտաբների խնդիրը և դրանց հաղթահարման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը: ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն տեղեկատվություն է հայցել մշակութային կամ կրոնական պատճառներով ուսումը կիսատ թողած՝ ազգային և կրոնական փոքրամասնություն հանդիսացող աղջիկների քանակի մասին:
Իրավապաշտպանները բարձրացրել են նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության հարցը: Հոմոֆոբիան, տրանսֆոբիան և սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ատելության խոսքը լայնորեն տարածված են Հայաստանում: ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներից շատերը հանցագործության զոհեր են դառնում ատելության պատճառով, մինչդեռ պետական համակարգի ներկայացուցիչները և ոստիկանության աշխատակիցները անտեսում են ատելության խոսքի դրսևորման բացահայտման և ատելության հիմքով հանցագործությունների և դրանց կանխման թեմայով վերապատրաստման դասընթացները: ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն Հայաստանի կառավարությանը տեղեկատվություն է պահանջել բազմակի հիմքերով խտրականության զոհ դարձած կանանց և աղջիկների մասին, այդ թվում՝ լեսբուհիների, բիսեքսուալների, տրանսգենդերների և ինտերսեքսուալ կանանց մասին: Հաշվետվության հանձնման և Կոմիտեի հարցերի ցանկին պատասխանելու պահի դրությամբ կառավարության ներկայացրած փաստաթղթերում այդպիսի տվյալներ չկային:
«Մեմորիալ» ՀԽԿ-ն և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պատրաստում են այլընտրանքային զեկույց ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ նիստի համար, որը հասանելի կլինի կազմակերպությունների կայքերում Կոմիտեի՝ 2016 թվականի հոկտեմբերին կայանալիք 65-րդ նստաշրջանի նախօրեին: