ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վստահության կոալիցիան` երկխոսության և համագործակցության հարթակ տարածաշրջանի երիտասարդների համար
Սեպտեմբերի 16-17-ը Երևանում կայացավ «Վստահության կոալիցիա Հարավային Կովկասում» տարածաշրջանային երկօրյա սեմինարը, որին մասնակցեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի քաղաքացիական հասարակության ավելի քան 25 ներկայացուցիչներ։
Սեմինարը կազմակերպել էր Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Կովկասի ինստիտուտի հետ համատեղ՝ «Վստահության ստեղծման կոալիցիա» ծրագրի շրջանակներում։ Ծրագրում ներգրավված է նաև Ադրբեջանը, որի մասնակցությունը երևանյան սեմինարին հնարավոր չի եղել հայտնի պատճառներով։
Այս սեմինարի նպատակն էր 2015թ. հունիսին Ստամբուլի համաժողովի ժամանակ ձևավորված «Վստահության կոալիցիայի» շրջանակներում համագործակցության և երկխոսության հարթակ ստեղծել սեմինարի երիտասարդ մասնակիցների միջև։
Դասախոսությունները վերաբերում էին հակամարտությունների կարգավորմանը, հաշտեցման գործընթացին, ինչպես նաև՝ ինքնության խնդիրներին։ Սեմինարի ժամանակ ներկայացվեցին մարդու իրավունքների կրթությանը և խաղաղաշինությանը վերաբերող այն նախագծերը, որոնք իրականացվել են կամ պետք է իրականացվեն ծրագրում ներգրավված ուսանողների և ակտիվիստների կողմից։
«ՆՀԿ Հարավային Կովկասում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատում է արդեն մի քանի տարի և քաջատեղյակ է առկա մարտահրավերներին։ Մեր նպատակն է աջակցել տարածաշրջանում մեր գործընկեր կազմակերպություններին հաղթահարել այդ մարտահրավերները և աշխատել ոչ միայն միմյանց հետ, այլև իրազեկման ու կրթության միջոցով համագործակցություն և շփում հաստատել տարածաշրջանում բնակվող մարդկանց միջև։ Դա կնպաստի վստահության ամրապնդմանը»,– ասում է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Էնգենսլանդը։
Նրա խոսքերով՝ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության առումով ամենաբարդ կացության մեջ է Ադրբեջանը։ «Մենք մտահոգված ենք Ադրբեջանում բազմաթիվ քաղբանտարկյալների հարցով։ Մեր գործընկերներից շատերը հիմա ազատազրկված են։ Տեական կազմակերպությունների համար շատ դժվար է աշխատել, բայց մենք անում ենք հնարավորը, որպեսզի աջակցենք նրանց այդ հարցում»,- ասում է Էնգենսլանդը։
Տարածաշրջանային սեմինարի արդյունքում ուսանողները ձևավորեցին համագործակցության ցանց՝ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակներով։
Կոալիցիայի ստեղծման գործընթացը մեկնարկել է 2012թ.–ին։ Անցած տարիների ընթացքում «Վստահության ստեղծման կոալիցիա» ծրագրի շրջանակներում տարածաշրջանի տարբեր երկրներում կազմակերպվել են դասընթացներ մարդու իրավունքների վերաբերյալ, որոնց մասնակցել են ուսանողներ, քաղաքացիական ակտիվիստներ և լրագրողներ։