Վստահության դաշինքը հիմնված է լինելու մարդու իրավունքների պաշտպանության և կոնֆլիկտների խաղաղ հաղթահարման սկզբունքների վրա

Հարավային Կովկասից քաղաքացիական հասարակության ավելի քան 50 ներկայացուցիչ հունիսի 8-11–ը Ստամբուլում մասնակցեց Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի հրավիրած տարածաշրջանային համաժողովին, որի նպատակն էր հակամարտող երկրների միջև ստեղծել վստահության դաշինք։

Վստահության դաշինքի ստեղծման գործընթացը մեկնարկել է 2012թ. վերջից՝ «Վստահության վերականգնման դաշինք» եռամյա ծրագրով, որն իրականացվում է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի և Հարավային Կովկասի կազմակերպությունների համագործակցությամբ, Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։

Ծրագիրը ներառում է հակամարտող հասարակություններում մարդու իրավունքների, կոնֆլիկտների խաղաղ կարգավորման, վստահության և համաձայնության կառուցման կարևոր հարցերում կարողությունների զարգացում, շահերի պաշտպանություն, հասարակական մասնակցության խթանում և ցանցի ստեղծում: Ծրագրում ներգրավված են Հարավային Կովկասի տարածաշրջանից ավելի քան 200 ուսանողներ, ակտիվիստներ և լրագրողներ, որոնց միավորել է կոնֆլիկտների հաղթահարման և վստահության վերականգնման նոր հեռանկարներ փնտրելու ցանկությունը։

Ստամբուլում կայացած համաժողովի ժամանակ Դաշինքը քննարկեց իր գործունեության ուղղությունները, առաջիկա անելիքները հակամարտող հասարակությունների միջև վստահության վերականգնման ուղղությամբ։ Քննարկվեց Դաշինքի ռազմավարությունը, կանոնադրությունը, որը քվեարկության դրվեց և հաստատվեց մասնակիցների ձայների մեծամասնությամբ։

«Անշուշտ, Հարավային Կովկասի տարածաշրջանում վստահության խորը պակաս կա ոչ միայն սահմանների և խմբերի, այլև կազմակերպությունների և հասարակությունների, ինչպես նաև՝ հասարակության ներսում՝ հասարակ մարդկանց միջև: Յուրաքանչյուրը, ով եկել է, պատրաստակամություն է հայտնել օգնել վստահություն կառուցել: Որպես քաղաքացիական հասարակություն, մենք չենք կարող և չենք բանակցելու խաղաղության համար, դա կառավարությունների աշխատանքն է, բայց մենք կարող ենք օգնել կառուցել վստահություն հասարակության ներսում և տարբեր հասարակությունների միջև՝ համագործակցության, երկխոսության և հարգանքի միջոցով: Համաժողովի մասնակիցները կարևորել են շարունակական աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասում է Ներվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Ինգենսլանդը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը նշում է. «Աշխարհաքաղաքական ու ժողովրդավարական կամ, ինչ-որ տեղ, հակաժողովրդավարական այս շարունակական փոփոխությունների համատեքստում առավել կարևոր է, որ տարածաշրջանի քաղաքացիական հասարակությունը կարողանա համատեղ օրակարգ ձևավորել՝ ուղղված վստահության ամրապնդմանը, վստահություն, որն առաջին հերթին հիմնված կլինի մարդու իրավունքների պաշտպանության և կոնֆլիկտների խաղաղ հաղթահարման սկզբունքների վրա: Մենք հենց այդպիսի կոալիցիա ենք ձևավորում»:

Համաժողովի ժամանակ կարևորվեց շահագրգիռ կողմերի շարունակական աշխատանքը փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա ընթացիկ մարտահրավերները, քաղաքական իրադրությունը և դրա փոփոխությունները։