ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ–ն աջակցում է աշակերտների կամավորական նախաձեռնություններին
Հունվարի 31-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտում տեղի ունեցավ «Կամավորությունը` որպես ոչ ֆորմալ կրթություն» ծրագրի արդյունքների ամփոփման և փակման միջոցառումը:
Ծրագրի շրջանակներում 2013թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի և Աշտարակ քաղաքի հինգ դպրոցներում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի աշխատակից, «Կամավորությունը` որպես ոչ ֆորմալ կրթություն» ծրագրի համակարգող Մոնիկա Հովհաննիսյանը և ծրագրի թրեյներ Շողինե Սողոմոնյանն անցկացրեցին ոչ ֆորմալ դասընթացների շարք՝ «Խաղաղաշինություն և կամավորական նախաձեռնություններ» թեմայով։
Դասընթացներից հետո մասնակիցները կամավորական հիմունքներով իրականացրեցին իրենց սեփական նախաձեռնությունները՝ փորձելով նպաստել իրենց դպրոցում, համայնքում առկա խնդիրների կարգավորմանը: Հատկանշական է նաև այն, որ նախաձեռնությունների իրագործմանն էին միանում նաև այլ աշակերտներ, դպրոցի ուսուցիչները, աշակերտների ծնողները:
Կամավորական նախաձեռնությունների շարքում աշակերտները կազմակերպեցին, բարեգործական և բնապահպանական ակցիաներ, վերանորոգեցին դպրոցի դասասենյակներից մեկը, պատրաստեցին գրապահարաններ, կազմեցին ծխախոտի վնասակար ազդեցությունների մասին տեղեկատվական գրքույկ, ատելության վերացմանն ուղղված կոչերով գրաֆիտի ոճով պաստառներ և այլն:
Ծրագրի ավարտին ՔՀԻ գրասենյակում բոլոր մասնակից աշակերտները ստացան մասնակցության վկայականներ։ Ծրագրի կազմակերպիչներն ու մասնակիցները, ինչպես նաև՝ դպրոցի ուսուցիչները կիսվեցին իրենց տպավորություններով։
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի փոխտնօրեն Գոհար Հարությունյանը նշեց, որ նման ծրագրերը շատ կարևոր դաստիարակչական նշանակություն ունեն, երեխաների մոտ ձևավորում են ճիշտ արժեհամակարգ:
Ծրագրի մասին խոսեցին նաև աշակերտները՝ նշելով, որ ծրագրի ու դասընթացների միջոցով իրենք սովորեցին անտարբեր չլինել իրենց շրջապատող մարդկանց ու միջավայրի հանդեպ: Նրանք խոստացան հետագայում էլ կամավորական աշխատանքներ անել։
«Թեկուզ փոքր խնդիրներ լուծելով, կարծում եմ, որ կարող եմ ինչ–որ արդյունքի հասնել, ավելի մեծ բան փոխել»,– նշեց Երևանի թիվ 77 դպրոցի աշակերտուհի Ժակլինը։ Իսկ թիվ 1 հատուկ կրթահամալիրի աշակերտուհի Ասպրամն էլ նշեց, որ շատ գոհ է իրենց կատարած աշխատանքից և ծրագիրն օգնել է իրենց ավելի մտերմանալ ` ընդհանուր գործով զբաղվելու ընթացքում:
Դեռահասության շրջանում կամավորության կարևորության մասին խոսեց նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը՝ նշելով, որ ՔՀԻ-ն պատրաստ է երեխաներին աջակցելու և ուղղորդելու` փոքրիկ գործերով աշխարհը ավելի լավը դարձնելու գործում:
Ծրագիրն իրականացվել է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ Աշտարակի թիվ 2 և Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցներում, Երևանի թիվ 77 դպրոցում, «Արեգնազան» կրթահամալիրում և Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում։
Հեղինակը՝ Շուշաննա Սիրականյան